Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի դերասան Գագիկ Մելքումյանի ցանկությունն ու նկատառումները
Խորհրդային տարիներին հաճախակի էին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Հայաստանում: Մեր ժամանակների սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաեւ գոյություն ունեցող միջպետական «մոտեցումները», մաքսային դժվարությունները որոշակի խոչընդոտներ են առաջացրել «շփվելու» Թբիլիսիի միակ հայկական մշակութային օջախի հետ, որը կամրջում է երկու ժողովուրդների մշակույթը:
Վերջին շրջանում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի եւ Պ. Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի ջանքերով վերականգնվել է ստեղծագործական համագործակցությունը: Օրինակ, Հ. Ղազանչյանը Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան պետական թատրոնում բեմադրել է Կարինե Խոդիկյանի «Տրակտատ թաշկինակի մասին» պիեսը եւ այլն: Այս օրերին «Դիմակահանդես» սերիալում եւ «Ժառանգներ» հեռուստանովելում նկարահանվում է Պ. Ադամյանի անվան թատրոնի դերասան Գագիկ Մելքումյանը: Վերջինս պատրաստվում է նաեւ բեմ բարձրանալ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում եւ ցանկանում է ճանաչված լինել Հայաստանում:
«Առավոտը» հանդիպեց դերասանի հետ: Գագիկը տեղեկացրեց, որ վրաց, հայ եւ արտերկրյա հեղինակների շուրջ 30 խաղացանկային ներկայացումներից ինքը զբաղված է 25-ում: 1998թ.՝ թատրոն ոտք դրած օրվանից նա մարմնավորել է Քիպար՝ Պարոնյանի «Պաղտասար ախպարում», Մասիսյանց՝ Սունդուկյանի «Խաթաբալայում», Դուքս՝ Սարոյանի «Քարանձավի բնակիչներում» եւ այլն, նկարահանվել է վրաց ճանաչված ռեժիսորների 10 ֆիլմերում, այդ թվում՝ Լ. Թութբերիձեի «Ճանապարհորդություն Ղարաբաղով», Ա. Վարսեմաշվիլիի «Ամեն ինչ լավ կլինի», Լ. Ադամիայի «Իլյա Ճավճավաձեի սպանությունը»: Աշխատավայրի մասին խոսելիս էլ նշեց, որ թատրոնի շենքի վիճակին տեղյակ նախագահ Սահակաշվիլու աջակցությամբ՝ այս տարի կկատարվեն հիմնանորոգման աշխատանքներ: Նա նշեց, որ հաճախ թատրոնում ներկայացումներ են դիտում կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Վրաստանում գտնվող հյուրեր եւ այլք: Ռեպլիկին՝ գուցե դրա «մեղավորը» թատրոնի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանն է, մեր զրուցակիցը փաստեց, որ ավելի քան 150-ամյա հայկական թատրոնի համբավը վաղուց տարածված է նաեւ արտասահմանում: Նշեց նաեւ, որ հենց Բայանդուրյանը 2000թ. Վրաստանի կինոյի եւ թատրոնի պետական համալսարանում հիմնել եւ ղեկավարում է դերասանների առաջին հայկական կուրսը, իսկ ավելի վաղ՝ 1995-ից՝ թատրոնին կից ստուդիան:
Վրաստանի անկախացումից հետո վերացել են արվեստագետներին շնորհվող կոչումները, այսօր Ադամյանի անվան թատրոնում փայլում է Վրաստանի ժողովրդական եւ Հայաստանի վաստակավոր դերասանուհի Սերիկ Շեկոյանը: Իսկ հայազգի դերասանների մտքով չի՞ անցնում կոչումներ ստանալ հայրենիքում, Գագիկն ասաց. «Պարոն Բայանդուրյանը թատրոնի 150-ամյա հոբելյանի տարում՝ 2006-ին դիմել էր Հայաստանի մշակույթի նախարար Հ. Պողոսյանին եւ ստացել պատասխան, թե մենք Վրաստանի քաղաքացիներ ենք: Չնայած սրան, վաստակաշատ կոլեգաներիցս ոմանք արժանացել են «Մովսես Խորենացի» մեդալի եւ ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերի»: Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ եթե ունենար հնարավորություն, հունվարի 22-ին առաջին անգամ պետական այցով Հայաստան ժամանող Վրաստանի նախագահին ո՞ր պետության դրոշով կդիմավորեր, Գագիկի պատասխանը լուրջ էր. «Մի ձեռքում կունենայի ծննդավայրիս՝ Վրաստանի, մյուսում՝ հայրենիքիս՝ Հայաստանի դրոշը»: