Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՉԻՆՍԿԻԻ ԻՆՔՆԱԹԻՌԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ԵՆ ՈՐՈՆՎՈՒՄ

Հունվար 20,2011 00:00

Սմոլենսկի օդանավակայանի ավիադիսպետչերների բանակցությունների ողջ սղագրությունը՝ առանց որեւէ խմբագրման, Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) հրապարակել է երեքշաբթի կեսգիշերին: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Նման շտապողականության պատճառը Լեհաստանի ներքին գործերի նախարար Եժի Միլերի՝ երեքշաբթի երեկոյան Վարշավայում հնչեցրած հայտարարություններն էին, որոնց համաձայն, ռուսաստանցի դիսպետչերները 2010թ. ապրիլի 10-ին մի շարք կոպիտ սխալներ են թույլ տվել:
Նախ, ըստ լեհ նախարարի, դիսպետչերները Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու օդանավի անձնակազմին չեն զգուշացրել Սմոլենսկում հաստատված եղանակային անբարենպաստ պայմանների մասին, չեն փորձել արգելել վայրէջքը եւ ընդհանրապես գտնվել են ուժեղ ճնշման ներքո:
Լեհական կողմը պնդում է, որ դիսպետչերները մի պահ անգամ դադարել են օդաչուներին օգնություն ցուցաբերել: Որպես ասվածի ապացույց, լեհական կողմը մեջբերում է դիսպետչերներից մեկի՝ վթարից 7 րոպե առաջ հնչած հետեւյալ խոսքերը. «Եթե օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել, թող ինքնուրույն էլ լուծումներ գտնի»:
Լեհական կողմի հետեւությունը միանշանակ է եղել՝ եղանակային վատ պայմաններին գումարվել էին դիսպետչերների ոչ ադեկվատ գործողությունները, ինչն էլ դարձել է նախագահական օդանավի վթարի պատճառը:
Լեհական կողմից հնչած բացահայտումներից մի քանի ժամ անց ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել է, որ ՄԱԿ-ը որոշել է աննախադեպ քայլի դիմել՝ հրապարակելով դիսպետչերների բոլոր խոսակցությունների սղագրությունը: Կոմիտեի ներկայացուցիչ Ալեքսեյ Մորոզովն էլ հերքել է լեհական կողմի պնդումներից հիմնականը՝ նշելով, թե դիսպետչերները վայրէջքի թույլտվություն լեհական օդանավին չէին տվել, բայց լեհական կողմի որոշումը՝ ամեն գնով վայրէջք կատարել Սմոլենսկում, ռուս դիսպետչերներից մեկը, սղագրության համաձայն, այսպես է մեկնաբանել. «Նրանց փոխարեն ես այդքան չէի համառի»:
Հիշեցնենք, որ 2010-ի ապրիլի 10-ի ավիաաղետի հետեւանքով զոհվեց 96 մարդ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին եւ նրա կինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել