Լրահոս
Օրվա լրահոսը

ԶՐՆԳՈՑ

Հունվար 20,2011 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

\"\" 2011թ. քաղաքական տարին սկսել էր ավելի վաղ, քան օրացուցային տարին: Եվ թեպետ ողջ 2010-ը կրում էր նախընտրական նպատակահարմարության եւ պատեհապաշտության դրոշմը, սակայն այդ դրոշմն ավելի պարզորոշ ու հստակ երեւաց օրացուցային ձմռան առաջին ամսին՝ դեկտեմբերին, երբ Հայաստանի քաղաքական դաշտում լսելի դարձան փոփոխությունների մետաղադրամների զրնգոցը:
 Ձմռան երրորդ օրը Երեւանի քաղաքապետի պաշտոնանկությամբ ծայր առած կադրային իրարանցումն ու շփոթը վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով եւ խորհրդային հնամաշ տեխնոլոգիաների պարզունակ ուղղորդմամբ հանրությանը մատուցվեց որպես հասարակական վերափոխումների, կառավարման բարեփոխումների քաղաքական ուղենիշ, հայեցակարգ, գրեթե՝ դավանանք: Հանրության վրա տեղեկատվական եւ հոգեբանական կազմակերպված այդ գորհը որոշ ժամանակ անց սկսեց տալ հակառակ արդյունքները, երբ պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը թույլ է, կառավարությունն ու խորհրդարանը՝ հասարակայնորեն մերժված, քաղաքական թիմը՝ մասնատված եւ ապակողմնորոշված: Այդ իսկ պատճառով նա իր արարողակարգի բաժնի աշխատակցին հասցված ապտակն ընդունեց որպես մարտահրավեր իր հանդեպ եւ ցինիզմի դրսեւորում՝ իր իշխանության հանդեպ: Թեպետ 2001 թ. սեպտեմբերի 25-ին պաշտպանության նախարար եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանում իր ազդեցությամբ թիվ մեկ գործիչ Սերժ Սարգսյանը չդատապարտեց երեւանյան տխրահռչակ սրճարանի զուգարանում նախկին նախագահի թիկնազորի ձեռքերով սպանված Պողոս Պողոսյանի սպանությունը եւ նույն պահանջը չդրեց Քոչարյանի առջեւ:
 Եվ այժմ Սերժ Սարգսյանը մտահոգված է ոչ թե ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներից, որը պայմանավորված է իր ցանկությամբ ու կամքով, այլ նախընտրական իրարանցման ընթացքում առաջացող քաղաքական անորոշությունից, սոցիալ-տնտեսական վայրիվերումներից, հասարակական լարումից: Նա գիտե, որ Հայաստան կոչվող նավի թաց ու տամուկ տախտակե հատակին հայտնված փոփոխությունների մետաղադրամների զրնգոցն անլսելի եւ անարձագանք է մնալու ուղեւորների համար:
 Ապաշխարանքը դյուրին է, քանի որ Աստված ամենազոր է, ներողամիտ եւ գթասիրտ, սակայն քաղաքական ապաշխարանքն անցնում է տարտարոսի միջով: Հասարակությունը կարող է անզոր լինել, սակայն ոչ՝ ներողամիտ: Եվ եթե անգամ փոփոխությունների մետաղադրամները ծնծղաների փոխվեն, միեւնույն է, դրանք այլեւս չեն լսվելու:

1.
«Զարմանում եմ ես, որ նորից ու նորից, գլուխը կորցրած
Ընթանում ենք մենք անցած ուղիով, արդեն բթացած»:
  Ա. Մեսչյան

Նախընտրական շրջանը Հայաստանում ավելի քան տասն անգամ ավելի երկար է տեւում, քան նախատեսվում է Ընտրական օրենսգրքով: Դրանով իսկ ներհայաստանյան քաղաքական պայքարը նմանվում է մարաթոնյան վազքի, երբ վազքուղում հայտնված քաղաքական գործիչները եւ կուսակցությունները շնչահատ վայր են ընկնում կամ առաջին իսկ կիլոմետրերում, կամ եզրագծին չհասած: Հայաստանյան ընտրավազքը եւ անտիկ աշխարհի մարաթոնյան վազքը երկու ընդհանրություն ունեն՝ դադարի բացակայությունը՝ անընդհատությունը, եւ ողբերգական ավարտը՝ վազորդների մահը: Սակայն հին հունական եւ հայկական մարաթոնյան մրցավազքի նպատակները նույնքան տարբեր են, որքան տարբեր են հին հունական ժողովրդավարությունը եւ հայկական ներկա ավտորիտարիզմը: Եթե անտիկ աշխարհի մարաթոնյան վազքի նպատակը ճակատամարտում հաղթանակի լուրը Աթենք հասցնելն էր, ապա հայաստանյան ընտրավազքի նպատակն ընդամենը մասնակցությունն է: Այն պարզ պատճառով, որ վազքուղին, որով ընթանում է ընտրապայքարը, եւ եզրագիծը, որտեղ ավարտվում է նույն ընտրապայքարը, գրեթե ոչինչ չեն որոշում: Ետխորհրդային Հայաստանում մրցակցային տեղերը սահմանում եւ որոշում են անհատ քաղաքական գործիչները: Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին՝ ինքը՝ Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, ավելի ուշ՝ նաեւ Էդվարդ Եգորյանը: Ռոբերտ Քոչարյանի կառավարման առաջին տարիներին, մինչեւ սպանվելը՝ Վազգեն Սարգսյանը, ապա՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ միայն ինքը՝ Սերժ Սարգսյանը, թեպետ համառորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ կառավարման համակարգում իր ազդեցությամբ երկրորդ մարդը հրապարակային դաշտ մտնել չցանկացող ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանն է՝ Սարգսյանի դստեր ամուսինը: Դժվար է հաստատապես պնդել, թե վերջինս, բացի տեղեկատվական-քարոզչական ոլորտի վերահսկում-ուղղորդումից, ազդեցության այլ լծակներ ձե՞ռք է բերել, թե՞ ոչ: Թվում է, թե նա ավելի շուտ շանթարգել է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ճանապարհին: Այնպես որ՝ Սերժ Սարգսյանն առայժմ միայնակ է որոշում ընտրավազքի մրցանակային տեղերը: Սարգսյանը գիտե, որ վազքուղում շատերն են շնչահատ եւ անկենդան ընկնելու, նաեւ այդ պատճառով է, որ նա ձգտում է, որ ընտրապայքարում հայտնվեն բոլոր ցանկացողները, ովքեր մարաթոնյան վազքում պատրաստ են վատնել իրենց ուժն ու եռանդը եւ պարպել կուտակված էներգիան:
 
2.
«Նույնն էր երեկ,
Նույնն է այսօր»:
 Ա. Մեսչյան
«Եվ կրկին պետք է հիշենք, որ նախընտրական մրցապայքարով պայմանավորված՝ մենք նորից մտնելու ենք հանրային կյանքի մի շրջան, որտեղ շատ ավելի հաճախակի են տեղ գտնելու էմոցիաները, տեղին ու հանիրավի մեղադրանքները, դրականը սեւացնելու եւ բացթողումները ճոխացնելու փորձերը: Սա բնական գործընթաց է, որից դեռ ոչ մի երկիր չի կարողացել խուսափել: Սա պիտի ընդունել որպես անխուսափելի իրողություն, բայց եւ չպետք է ձեռքերը ծալած նստել
»,- դեկտեմբերի 18-ին ՀՀԿ 20-ամյակի իր ելույթում զգուշացնում էր Սերժ Սարգսյանը (http//www.president.am):
Նախընտրական շրջանը իշխանության համար անհարմարավետ շրջան է: Ներհայաստանյան պայքարի տրամաբանությամբ այդ ընթացքում մեծանում են խարդավանքների եւ դավադրությունների հնարավորությունները, կասկածամտությունն ու անվստահությունը, անորոշությունը եւ անկանխատեսելիությունը:
Հայաստանյան ընտրական այդ հոգեբանական անհարմարավետությունը մինչեւ Սարգսյանը ապրել էին նաեւ նրա նախորդները: «Վերադառնալով ժողովրդավարական հասարակարգերին, ապա նրանց շարժիչ ուժը, ինչպես տեսնում ենք, ընդդիմության եւ իշխանությունների անընդհատ քաղաքական հակամարտությունն է, որը ժամանակավորապես լիցքաթափվում է պարբերաբար տեղի ունեցող ընտրությունների միջոցով: Հայաստանյան իրականությունը ոչնչով չի տարբերվում այս ընդհանուր պատկերից, այդ պատճառով ՀՀՇ-ն ամենեւին կարիք չունի խուճապի մատնվելու»,- 1997 թ. հուլիսի 13-ին ՀՀՇ 9-րդ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանն այսպես է բացատրում 96-ի աղմկահարույց ընտրություններին նախորդող եւ հաջորդող հասարակական լարումն ու ընդվզումը եւ իր հոգեբանական անհարմարավետությունը (http//www.levonpresident.am):
Միաժամանակ, հայկական ընտրություններից հետո, թուլացած ընդդիմության հետ մեղմանում է նաեւ բարձրագույն իշխանության մոտեցումը ընդդիմության հանդեպ: 1996-ի ընտրություններից շուրջ մեկ տարի անց Տեր-Պետրոսյանը մեծահոգաբար հայտարարում էր. «Ընդդիմության բացակայությունը անխուսափելիորեն հանգեցնում է իշխանությունների եւ իշխող կուսակցության պատասխանատվության նվազման, զգոնության թուլացման, ի վերջո՝ լճացման ու այլասերման: Այնպես որ՝ մենք երախտապարտ պետք է լինենք ընդդիմությանը, որի շնորհիվ կարողանում ենք պահպանել մեր կենսունակությունը» (http// www.levonpresident.am): 2008-ի ընտրություններից երեք տարի անց Սարգսյանը եւս առանց տվայտանքների ընդգծում է. «ընդդիմությունը մեր երկրի ու մեր քաղաքական դաշտի հարստությունն է, մեր զարգացման կարեւորագույն խթաններից մեկը, իսկ «հանուն» գաղափարների շուրջ միավորված եւ լավ կազմակերպված ընդդիմությունը պարզապես բարեբախտություն է: Հրաշալի է, որ մեր երկրում այդպիսին կա եւ ամրանում է» (http//www.president. am):
Եթե այդ հայտարարությունները պարզ փարիսեցիություն չեն, ապա նախկին եւ ներկա ընդդիմության մասին հավուր պատշաճի ձեւակերպված մահախոսականներն են:
Չնայած դրան՝ անորոշությունը, նախընտրական տրոփյունները եւ մառախլապատ քաղաքական եղանակը ստիպում են Սարգսյանին ձեռքը պահել ընտրապայքարի զարկերակի վրա՝ ակնդետ հետեւելով ընտրավազքի ժամանակաչափին, որպեսզի որեւէ մեկը չնախատեսված ռեկորդ չսահմանի: Հայաստանյան ընտրական ավանդույթների համաձայն՝ այդ ռեկորդը սահմանելու իրավունքը պատկանում է կառավարող կուսակցությանը: Չգերազանցվող ընտրական նվաճումը մատուցում են առաջընթացի ու կայունության անփոփոխ համեմունքներով: Այդպես է եղել երեկ. «Որեւէ երկրի կայունությունը, անվտանգությունն ու բնականոն զարգացումը, ի վերջո, ապահովում են ոչ թե ուժեղ պետական մարմինները, այլ հզոր քաղաքական ինստիտուտներն ու քաղաքացիական կառույցները: Ես չեմ կասկածում, որ ՀՀՇ-ն, համախմբելով իր շարքերը, …ընդլայնելով աջ ուժերի կոալիցիան՝ ընդհուպ մինչեւ ազատական ժողովրդավարների ամուր համադաշնության ստեղծումը, մնալու է որպես Հայաստանի քաղաքական կյանքի մշտական գործոն, եւ այսուհետեւ եւս իր պատկառելի նպաստն է բերելու պետականության ամրապնդման ու երկրի զարգացման բախտորոշ գործին»,- ՀՀՇ համագումարում ընդգծում էր Տեր-Պետրոսյանը:
 Այդպես է եւ այսօր. «Կառավարող հզոր կուսակցության առկայությունն ապահովում է ներքին քաղաքական կայունություն, ինչը շատ կարեւոր է: Առանց այդ կայունության չի կարող լինել տնտեսական առաջընթաց, ուրեմն եւ՝ ապագա», «մեր կուսակցությունն այսօր բազմահազարանոց կուռ մարմին է, որը կարող է իսկապես օրինակելի քաղաքական ինստիտուտ համարվել», «Հայաստանի պետականության զարգացման գործում առաջնային դերը կատարում է մեր երկրի ու ժողովրդի առաջ եւ ամենամեծ պատասխանատվությունը, այսինքն՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, իհարկե, կոալիցիոն գործընկերների հետ միասին»,- դեկտեմբերի 18-ի ելույթում հայտարարում է Սարգսյանը:
 Թվում է, թե Սերժ Սարգսյանը չի պատրաստվում միայնակ կրել իշխանության բեռը, որը որքան էլ գայթակղիչ է, նույնքան էլ՝ ծանր: Թվում է, նա պատրաստ է իշխանությունը եթե ոչ կիսել, ապա գոնե դրա թանկ արժեթղթերի որոշակի մասը զոհաբերել իր իշխանության պահպանման համար: Այդ արժեթղթերի իրական հավակնորդները նրա պոտենցիալ մրցակիցներն են, քանի որ գործընկերներ այլեւս չկան: Նրանք են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը: Նրանք բոլորն էլ, Սարգսյանի պոտենցիալ մրցակիցները լինելով, միաժամանակ նրա հնարավոր դաշնակիցներն են:
3.
Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է
Այս մեկնակետն առաջիկայում դառնալու է Սերժ Սարգսյանի կողմից գծագրվող խորհրդարանի քաղաքական քարտեզի ձեւավորման սկզբունքն ու կարգախոսը: Մանավանդ որ, ՀՀ ԱԺ ընտրությունները նախագահի ընտրությունների միջանկյալ հանգրվանն են, ուր պետք է հրավիրել այս կամ այն չափով նախագահի հավակնությունները չկորցրած կամ ճանապարհը դժվարանցանելի դարձնել ձգտող այն գործիչներին, որոնց մրցակիցներից պետք է վերածել դաշնակիցների: Այսպես:
Լեւոն Տեր-Պետրոսյանը. իր իսկ առաջադրած եւ չլուծած խնդիրների, չիրացված հույսերի, չառարկայացած խոստումների խտացում է, զրկված հասարակական հենարանից, փոշիացած քաղաքական թիմով: Դրանով իսկ եւ՝ անվտանգ: Բացի այդ: Սարգսյանի հետ դաշնակցելու համար Տեր-Պետրոսյանը մի քանի հմայիչ հատկություններ ունի՝ 1. սիրում է ընթանալ սահմանադրական ճանապարհով, 2. քաղաքական պայքարում անվճռական է ու անհետեւողական, 3. ոխերիմ թշնամի է համարում Սարգսյանի մյուս հնարավոր մրցակցին՝ Ռոբերտ Քոչարյանին:
Վազգեն Մանուկյանը. ունի դաշնակից դառնալու գրեթե նույն հնարավորությունները եւ հմայիչ հատկությունները, ինչ Տեր-Պետրոսյանը. 1. անվճռական է եւ անհետեւողական, 2. կարող է ընթանալ ոչ սահմանադրական ճանապարհով, սակայն անսպասելիորեն կանգ առնել, 3. նրան եւս հաջողվել է փոշիացնել իր քաղաքական թիմը եւ 4. զրկվել հասարակական աջակցությունից: 5. Բացի այդ, եթե Տեր-Պետրոսյանը չի սահմանում ազգային մեծ նպատակներ, ապա Մանուկյանը հռչակում է այդպիսի նպատակներ, սակայն գոհանում իշխանության մակույկում իրեն հատկացված անհարմարավետ տեղով. միայն թե մակույկը իրեն իշխանության բաղձալի կղզի վերադարձնի: Իսկ մեծ նպատակները հակառակ ափում մոռացած գործիչներն ավելի հուսալի են ավտորիտար իշխանության համար, քանի որ այդ ափում նրանց այլեւս ոչ ոք չի սպասում: Այդ իսկ պատճառով, եթե Արթուր Բաղդասարյանն արդեն իսկ հայտարարել է նախագահի ընտրություններում չառաջադրվելու մասին, ապա Մանուկյանին այդ պայմանը չի պարտադրվել: 6. Մանուկյանի եւ Տեր-Պետրոսյանի հարաբերությունները թշնամական են, ուստիեւ նրանց համագործակցությունը ընդդեմ Սարգսյանի բացառվում է:
Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը բարդ է. Սերժ Սարգսյանի վստահությունը նրա հանդեպ այդպես էլ չի աճել: Ծառուկյանը Սարգսյանից զգուշանում է, Քոչարյանին՝ վստահում: Նրա քաղաքական թիմը՝ ԲՀԿ-ն, գծագրվել է Քոչարյանի ձեռամբ, թեպետ դժվար է այն բացառապես Քոչարյանի թիմը համարել, քանի որ հիմնականում բաղկացած է անհայտ քաղաքական սկզբունքների տեր անձանցից: Ծառուկյանի հետ ձգտում են համագործակցել թե ընդդիմությունը, թե իշխանությունը: Այդ իսկ պատճառով քաղաքական դաշտում բոլորը սպասում են նրա փետրվարյան որոշմանը՝ կառավարող կոալիցիայի հետ իր հետագա փոխհարաբերությունների, ըստ այդմ՝ նախագահի այս կամ այն թեկնածուի աջակցության մասին: Ընդդիմություն, իհարկե, Ծառուկյանը չի դառնա եւ չի համագործակցի ընդդդիմության հետ: Նրա եւ Սարգսյանի համագործակցության խոչընդոտը Ծառուկյանի՝ անհրաժեշտ ինքնուրույնության պակասն է, նրա վրա տարբեր ազդեցությունների պարբերական գրոհը, ըստ այդմ՝ որոշում կայացնելու բարդությունը: Նախագահի հավակնություններ ԲՀԿ նախագահը չի դրսեւորում. եւ համագործակցել Ծառուկյանի հետ՝ Սարգսյանի համար նշանակում է համագործակցել Քոչարյանի հետ:
Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի ամենաբարդ մրցակիցն է եւ այն դաշնակիցը, որն անընդունելի է թե ընդդիմության, թե իշխանության համար: Համագործակցության դեպքում ԱԺ-ում մրցանակային տեղերի բաշխման գործընթացում Քոչարյանը կձգտի այնպիսի ծանրակշիռ մասնակցություն ունենալ, որ վարչապետի պաշտոնի միակ հավակնորդը դառնա: Իսկ այդ պահանջը մերժելը Սարգսյանի համար գրեթե անհնար է: Իսկ վարչապետ Քոչարյանը նախագահ դառնալու լուրջ փորձառություն ունի: Մեծ հաշվով, ընդհանուր են Քոչարյանի եւ Սարգսյանի անցյալը, շահերը, խնդիրներն ու նպատակները: Այդ առումով համագործակցության հողը պարարտ է, սակայն բարդ է հոգեբանական շրջադարձը. շուրջ երեք տարի է, ինչ Սարգսյանն առանձին քաղաքական գործոն է. նա թիվ 2 պետական գործչից դարձել է թիվ 1-ը, եւ Քոչարյանի հետ չհամագործակցելու ուղիներ է փնտրում: Նաեւ այդ պատճառով է, որ Սարգսյանը նախաձեռնել է փոփոխությունների իր ծրագիրը:
4.
Փոփոխությունների ճանապարհը. բարեփոխումներ վերեւի՞ց, թե՞ հեղափոխություն ներքեւից
Փոփոխությունների իրականացման անխուսափելիությունը դարձել է գործող իշխանության հիմնական քաղաքական կարգախոսը: Եթե Սարգսյանի նախաձեռնած փոփոխությունների 1-ին պատճառը իր հնարավոր մրցակիցների հետ դաշնակցելու պարտադրանքի թուլացումն է, ապա 2-րդ պատճառը հնարավոր հեղափոխությունը կանխելու նրա տենդագին ձգտումն է: Սարգսյանի մենթալիտետի համաձայն՝ «Մեր երկրում հասարակական, քաղաքական եւ տնտեսական արմատական փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ փոփոխությունները համահունչ են առաջնորդող ուժի ծրագրերին եւ հետեւողականորեն իրականացվում են պետական իշխանության կողմից»: Ասել է թե՝ Սարգսյանն անթույլատրելի կամ անհնար է համարում ներքեւից եկող փոփոխությունները, որոնք նրա համար համահունչ են հեղափոխությանը. «Մի կողմից մենք պետք է բացառենք հեղափոխական ցնցումները, որ ոչ մի երկրի բարօրություն չեն բերել երբեք, մյուս կողմից մենք պետք է բացառենք տեղում դոփելու վտանգը…»:
 Նա կրկնում է Տեր-Պետրոսյանին, եւ դա մեխանիկական կրկնություն չէ, այլ կարծրացած մտածելակերպ, դոգմա: «Հեղափոխականությունը, այսպիսով, մնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենալուրջ վտանգը՝ լուրջ նաեւ այն պատճառով, որ այն խրախուսվում է որոշ օտար ուժերի կողմից…», «Հեղափոխականության հաղթահարումը, ուստի, պետք է դառնա մեր մտավորականության, հասարակական կազմակերպությունների, առողջ քաղաքական ուժերի, վերջապես՝ ողջ ժողովրդի գերագույն խնդիրը»- ընդգծում էր Տեր-Պետրոսյանը վերոհիշյալ ելույթում: Փաստորեն, համաժողովրդական այն ընդվզումը, որը 2008-ին նրա ղեկավարությամբ առաջացավ եւ ալիքվեց «Ազատության» հրապարակում, անհնար էր, որ ավարտվեր հեղափոխությամբ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հեղափոխություն ոչ մի դեպքում չէր գլխավորի. նա ատում է հեղափոխությունը ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը:
 Սակայն եթե «հեղափոխական ցնցումներ» չեն նկատվում, դա դեռ չի նշանակում, որ քաղաքական բարեփոխումները հնարավոր են Հայաստանում, երկրում, ուր իշխանության հանդեպ չկա հասարակական վստահություն: Սերժ Սարգսյանը մարտի 1-ի նախադրյալները չվերացրեց եւ չկարողացավ հաղթահարել հետեւանքները: Սերժ Սարգսյանը վատնել է այն ժամանակը, որը տրվեց նրան մարտի 1-ի արյունոտ իրադարձությունների արդյունքում:
 Եվ այն, ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում համատարած կաշառակերության եւ կոռուպցիայի, անօրինականության եւ անարդարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների անվերջ ոտնահարման, սոցիալական կեղեքման եւ շահատակման պայմաններում, դժվար է անգամ հեղափոխություն անվանել:
Վերլուծության որոշ դրույթներ, մեր կարծիքով, հիմնված են կամայական ենթադրությունների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել