Հունվարի 21-ին ինչպես «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, այնպես էլ Հանրային հեռուստաընկերության «Արարատ» հեռուստաալիքը հրաժեշտ կտան եթերին: «Արարատի» եթերում կլինի «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որի եթերում կլինեն միայն եւ միայն «Շողակաթի» հաղորդումները, չնայած այն բանին, որ մինչեւ վերջերս խոսվում էր այն մասին, թե այդ ալիքի եթերում կլինեն «Արարատի» որոշ հաղորդումներ եւս: 2010-ի աշնանը «Շողակաթը» չմասնակցեց արտոնագրերի համար հայտարարված մրցույթին: «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանը ժամանակին «Առավոտին» ասել էր, որ մրցույթի մասնակցության հայտ չեն ներկայացրել, քանի որ մրցույթներում նախատեսված չէր հոգեւոր-մշակութային ուղղվածություն ունեցող ալիք. «Բայց դա չի նշանակում, որ հեռուստաընկերությունը դադարեցնելու է իր գործունեությունը: Հիմա բանակցությունների մեջ ենք «Արարատ» մշակութային ալիքի հետ: Եվ, ամենայն հավանականությամբ՝ մեր ծրագրերը հունվարից հետո կկարողանանք հեռարձակել այդ ալիքով»:
Այժմ 44 «արարատցիներ» հայտնվել են գործազուրկի կարգավիճակում: «Առավոտը» նախապես «Շողակաթ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մանյա Ղազարյանից փորձել էր ճշտել՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվելու «Արարատի» այն հաղորդումները, որոնք հեռարձակվելու են «Շողակաթով»: Նա գործավարուհի Շուշանիկի միջոցով մեզ փոխանցեց, որ ինքն այժմ որեւէ նյութ չունի այդ հարցերի շրջանակում հարցազրույց տալու համար եւ հարցերին կպատասխանի 1-2 շաբաթից: Իսկ հետո արդեն հայտնի դարձավ, որ «Արարատից» որեւէ հաղորդում չի մնա եթերում: