Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն ռիսկերը՝ հեռակայում

Հունվար 20,2011 00:00

Այս համակարգ ընդունվելու եւ ավարտելու սակագները

Օրերս երթուղայինում ականջալուր եղանք մի երիտասարդի հետեւյալ խոսակցությանը. «Ախպեր, հեռակայի դեկանը բոլոր ավագներին հավաքել ասել է, որ պետական քննությունը ստանալու համար մարդա 100 դոլար ենք հավաքում»: Փաստորեն, կոռուպցիոն երեւույթներն այնքան ակնհայտ ու այնքան տարածուն են դարձել, որ դրանց մասին հանրության շրջանում բացեիբաց խոսելը որեւէ նեղություն անգամ չի պատճառում ուսանողներին:
Շատերին է հայտնի, որ հեռակա համակարգում կոռուպցիոն երեւույթները դեռ խորհրդային տարիներին լայն տարածում ունեին: Այժմ էլ դրանք ավելի ճոխացված շարունակվում են: Դրա պատճառներից մեկն այն է, որ բուհերին պետք են ֆինանսական հոսքեր, ուստի նրանք խանդավառված են՝ ընդունել հնարավորինս շատ ուսանողներ, իսկ մյուս կողմին՝ հեռակա համակարգի դիմորդներին հարմար է այդ կրթությունը համեմատաբար հեշտ ճանապարհով այս կամ այն մասնագիտության գծով դիպլոմ ստանալու համար: Բուհերին ձեռնտու է հեռակա համակարգի ընդունելությունը. վերջին տարիներին նրանք զրկված են ֆինանսական հոսքերից, քանի որ բուհական ընդունելությունը միասնական համակարգով է կատարվում: Իսկ հեռական դեռ իրենց ձեռքում է:
«Առավոտի» հարցախույզը տարբեր բուհերի հեռակա բաժնում սովորող ուսանողների շրջանում պարզեց, որ ձեւավորված է հեռակա բաժին ընդունելության եւ ավարտելու «գնացուցակ»: Օրինակ՝ ԵՊՀ-ում ընդունելության սակագները տատանվում են $3000-9000-ի սահմաններում: Իրավաբանության, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների ֆակուլտետների հեռակա բաժիններ ընդունվելու համար գործում է $7000-9000 սակագինը, բնագիտական հոսքում սակագներն ավելի համեստ են: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործը դասավորվում է նաեւ $3000-4000-ով, Ագրարայինում՝ ավելի ցածր գներով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)՝ շրջանառվում է $5000-ը, «պլյուս»- «մինուս»՝ կախված մասնագիտությունից:
«Առավոտը» բուհերի պատասխանատուներից հետաքրքրվեց՝ ի՞նչ են անում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանն այս կապակցությամբ ասաց. «Հեռակա համակարգ դիմողների 80%-ը գալիս է իր գնահատականներով, որ ստացել են ԳԹԿ-ում եւ շատ քիչ դիմորդներ են մնում, որ պիտի քննություն հանձնեն: Մեզ մոտ քննությունները կազմակերպվում են առավելագույն օբյեկտիվությամբ, ու չգիտեմ, թե ձեր նշած թվերը որտեղից են: Դրանք մի կողմից իներցիոն խոսակցություններ են՝ հնուց եկող, մյուս կողմից էլ մեկ-երկուսը փողոցում կանգնում- խոսում են: Հեռակայում կոռուպցիոն ռիսկերը մեծ տարածում ունեն, ուստի հատուկ ուշադրություն է դարձվում այդ հարցին: Այդ պատճառով էլ հեռակա համակարգի բակալավրիատը եւս անցել է կրեդիտային համակարգի: Մտադիր ենք առաջիկայում հեռակայում կիրառել թեստային մեքենայական քննության կարգը, որը ռադիկալ քայլ է կոռուպցիոն ռիսկերը վերացնելու համար»: Պարոն Սուվարյանը նշեց, որ իրենց բուհում հեռակա համակարգում կրթության կազմակերպման նկատմամբ կա հատուկ ուշադրություն, նույնիսկ մեկ տարի առաջ հեռացրել է մաթեմատիկայի մի դասախոսի, որը կոնտակտի մեջ էր մտել ուսանողների հետ: ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանն էլ նշեց. «Հեռակայի ընդունելությունը կազմակերպվում է ԿԳ նախարարության կողմից, պետական համալսարանի ռեկտորը հաստատում է հանձնաժողովները: Իսկ ընդունելության համար նախատեսված թեստերը կազմվում են նույն չափորոշիչներով, ինչ միասնական քննությունների թեստերը»: Մեր այն դիտարկմանը, թե հեռակայում կոռուպցիոն ռիսկերը մեծանում են նաեւ այն պատճառով, որ դիմորդների շրջանում կան պաշտոնյաներ, որոնք վճարունակ են եւ ցանկանում են այս կամ այն մասնագիտության գծով դիպլոմ ստանալ, պարոն Գալստյանն այսպես պատասխանեց. «Գոնե ես պետական պաշտոնյաների չեմ հանդիպել, երբեմն ֆորմայով մարդիկ աչքովս ընկել են, որ ցանկացել են ընդունվել հեռակա համակարգ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել