Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՑԱԾՐ

Հունվար 20,2011 00:00

\"\"ԳԹԿ-ի վերլուծություններից մինչեւ դիմորդների հայտագրում

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ փետրվարի 1-ից սկսվում է շրջանավարտ- դիմորդների հայտագրման գործընթացը: Ըստ կարգի, ԳԹԿ-ն հունվարի 20-ից ԶԼՄ-ներում առնվազն 5 անգամ պետք է այդ մասին հայտարարություն տպագրի: Կ. Նասիբյանի ձեւակերպմամբ, այս տարին տարբերվում է նախորդներից այն պատճառով, որ, ըստ էության, չունենք շրջանավարտ. «Բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես դիմորդներ չեն լինելու՝ դրանք կլինեն նախորդ տարիների շրջանավարտները, բանակից զորացրվածները, սփյուռքի կամ, այսպես կոչված, ներքին սփյուռքի մեր երեխաները, նաեւ այս ուսումնական տարում էքստեռն կարգով ավարտող շրջանավարտները»: Ըստ մեր զրուցակցի, նախորդ տարիների շրջանավարտների թիվը հայտագրման առաջին փուլում 925-927 է եղել, հավանաբար նույն թիվը կգրանցվի նաեւ այս տարի: ԳԹԿ մշակումների եւ կազմակերպական բաժնի պետը չի բացառում, որ հայտագրման երկրորդ փուլում ավելի շատ դիմորդներ կլինեն, նրանց թվում՝ նախորդ տարիների շրջանավարտներ, բանակից զորացրվածներ եւ այլք: Նասիբյանն ասում է, որ հնարավոր է լինեն դիմորդներ, որոնք այս կամ այն բուհի առաջին կուրսից գործերը վերցնեն եւ այլ բուհ դիմեն, քանի որ իրենց նախորդ տարվա վկայագրերը ուժի մեջ են: Չնայած այս տարին ԳԹԿ-ի համար համեմատաբար հանգիստ է քննությունների առումով, բայց լարված կլինի մինչեւ մայիսի կեսն անցկացվող արտաքին գնահատումների «մասով»: ԳԹԿ-ն մտադրվել է հիմա էլ ավագ դպրոցներում գնահատումներ իրականացնել, մանավանդ՝ դրանց թիվն այս տարի 15-ով կավելանա:
Կ. Նասիբյանը փաստեց, որ որոշ վայրերում, օրինակ՝ հենց Արտաշատ քաղաքում ավագ դպրոց չկա, շատ գյուղեր մնացել են միջնակարգի հույսին, ինչն արդեն խնդիր է: Արդյո՞ք բոլոր գյուղերի դպրոցների ուսուցիչներն իրավունք ունեն 10, 11 եւ 12-րդ դասարաններում դասավանդել:
«Առավոտը» անդրադարձել է անցյալ տարվա վերջին ՀՀ հանրակրթական հաստատությունների 5 եւ 6-րդ դասարաններում ԳԹԿ-ի անցկացրած արտաքին ընթացիկ գնահատումներին: Ու քանի որ ԳԹԿ-ի վերլուծական բաժինն արդեն ամփոփել է հետազոտությունները, պարոն Նասիբյանին հարցրինք՝ ինչպիսի՞ն է վիճակը միջին դպրոցում: Նշելով, որ գնահատումներն իրականացվել են 5-րդ դասարանի՝ 1502 եւ 6-րդ դասարանի՝ 3027 աշակերտների շրջանում, մեր զրուցակիցը նշեց, որ 5-րդ դասարանցիների թիվը կրկնակի զիջում է 6-րդ դասարանցիների թվին: Դա բացատրվում է նրանով, որ այս տարվա 5-րդ դասարանցիները այն երեխաներն են, որոնց նախորդները «թռիչքով» են մտել դպրոց: Նասիբյանի փաստմամբ, անգամ Երեւանում դպրոցներ կան, որոնք 5-րդ դասարաններ չունեն, կամ, օրինակ, Արմավիրի թիվ 8 դպրոցում 20 աշակերտ 5-րդ դասարանում էր, 70-ը՝ 6-րդ դասարանում: Բաժնի պետին զարմացրել են հատկապես սահմանամերձ շրջանների 5-րդ դասարանցիների հաջող գիտելիքները մայրենիից՝ համեմատության մեջ:
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը 5-րդ դասարանցիների գիտելիքների բարվոք վիճակը բացատրում է մի շարք պատճառներով՝ ցածր դասարանները եղել են մեկ ուսուցչի «ձեռքի տակ», ցածր դասարաններում դեռեւս ծնողները նյութին լավ են տիրապետում ու տան «կրկնուսույցի» դերը կատարում են եւ այլն: «Մինչ 8-9-րդ դասարան աննկատ հասցնում ենք փչացնել երեխաներին, բարձր դասարաններում են ծնողները հիշում, որ բուհ ընդունվելու խնդիր կա եւ վերադառնում են ելակետ»: Գ. Խաչատրյանը խոսեց նաեւ ուսուցիչներին բաժանված հարցաթերթիկների մասին: Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների շրջանում անցկացվել է հարցում, որին մասնակցել է 5-6-րդ դասարանի 316 ուսուցիչ: Նրանց 88%-ն ունի բարձրագույն մասնագիտական, 5%-ը՝ միջին մասնագիտական, 1,3%-ը՝ բարձրագույն ոչ մասնագիտական կրթություն: Այն հարցին՝ ինչքա՞ն է տվյալ դասարանում իրենց առարկայի դասավանդման արդյունավետությունը, ուսուցիչների 0,6%-ը պատասխանել է՝ «շատ մեծ», 21%-ը՝ «մեծ է», 76%-ը՝ «միջին է», 1%-ը՝ «փոքր է»: Ընդ որում, դասավանդման արդյունավետությունը շատ մեծ համարող մայրենի լեզվի ուսուցիչների աշակերտները հանդես են եկել ընդհանուր միջինից (5,8) ցածր արդյունքներով՝ 3,6-5,4: Արդյունավետությունը մեծ համարող ուսուցիչների աշակերտները հանդես են եկել ընդհանուր միջինից բարձր արդյունքներով՝ 6,1-7,7, իսկ միջին արդյունավետությամբ աշխատող ուսուցիչների աշակերտները հիմնականում հանդես են բերել միջին արդյունքներ: Ամենամեծ միջին գնահատական եւ առավելագույն 10 միավոր հավաքած աշակերտների ուսուցիչները իրենց դասավանդման արդյունավետությունը համարել են միջին:
Միջին մասնագիտական եւ բարձրագույն ոչ մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները, ըստ ԳԹԿ-ի վերլուծությունների, իրենց դասավանդման արդյունավետությունը համարում են միջին, նրանց աշակերտների միջին գնահատականը կազմում է 2,1-3,8: Օբյեկտիվ պատճառները, որոնք խանգարում են բարձր արդյունավետության հասնելուն, ուսուցիչների 27%-ը համարել է ժամանակի՝ քիչ, մատուցվող նյութի ծավալուն լինելը, 17%-ը՝ աշակերտների անտարբերությունը կամ մտավոր կարողությունների պակասը, 18%-ը՝ ուսումնական նյութերի պակասը, 21 %-ը՝ աշակերտների մեծ թիվը դասարաններում, 29%-ը՝ ուսումնական ծրագրերի եւ դասագրքերի անհամապատասխանությունը, թեմաների միմյանց հետ կապված չլինելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել