Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սյունիքում կրկին անհանգիստ է

Հունվար 20,2011 00:00

«Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունը Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով մշակմանն անցնելու համար ներկայումս բանավանի տարածքում իրականացնում է լրատվահետախուզական հորատման աշխատանքներ: 2010 թվականին «Առավոտը» բազմիցս է անդրադարձել այս թեմային եւ ներկայացրել Կապանի հասարակական կազմակերպությունների՝ բաց հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ խիստ բացասական դիրքորոշումը: Երեկ Կապանի «Օրհուս» կենտրոնում հանքի վերաբերյալ հերթական հանրային քննարկումն էր, ուր կրկին արձանագրվեց այն, ինչի մասին ահազանգում էինք. բաց հանքի շահագործումը աղետալի հետեւանքներ կունենա Կապանի տարածաշրջանի 7 համայնքների համար, շրջակա միջավայրի եւ ողջ բնակչության առողջության վրա կազդի, անխուսափելի կլինի հանքափորներին հատուկ՝ սիլիկոզ հիվանդությունը, բաց հանքի դեպքում հորատապայթեցման աշխատանքներից առաջացած փոշու հսկայական ամպերը կնստեն Կապան քաղաքի վրա, ծառերի, ապակիների, դրսի կրպակներում վաճառվող սննդամթերքի վրա, ինչը կհանգեցնի աղետալի արդյունքների:
Հասարակական կազմակերպությունները որոշեցին անհապաղ քայլեր ձեռնարկել կանխարգելելու հասունացող աղետը, տեղում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղվելիք նամակն է պատրաստելու: «Մենք դեմ չենք կոմբինատների գործունեությանը, բայց դեմ ենք այնպիսի նախագծերին, որոնք աղետալի հետեւանքներ կթողնեն տարածաշրջանի եւ բնակչության շրջանում»,- այս կարծիքին էին հանդիպման մասնակիցները: Նրանք որոշեցին, որ հանրային քննարկումներ էլի կազմակերպել, ներգրավել ՏԻՄ ներկայացուցիչներին, եւ ինչպես ուրանի ծրագրի պարագայում, այնպես էլ այս դեպքում ձեռնարկել կանխարգելիչ մի շարք միջոցառումներ:
Իսկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը «Առավոտին» ասաց, որ դեռ վաղաժամ է խոսել բաց հանքի նախագծի մասին, այս պահին Շահումյանի տարածքում դեռ ընթանում են հետախուզական աշխատանքներ, որոնք կտեւեն մեկ տարուց ավելի: «Աշխատանքների ավարտից հետո պարզ կլինի՝ բաց հանք կշահագործվի՞, թե՞ չէ: Այդ ժամանակ մենք հանդես կգանք հայտարարությամբ, եթե անհրաժեշտ պաշարներ գտնվեն եւ որոշվի բաց եղանակով հանքը շահագործել, անպայման կկազմակերպվեն հանրային լսումներ, իսկ այժմ վաղաժամ է խոսել բաց հանքի նախագծի մասին, քանի որ այն դեռ գոյություն չունի եւ պետք է կազմվի հետախուզական արդյունքների հիման վրա»,- հայտարարեց Նորայր Աղայանը:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել