Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԵՌԱՄՍՅԱԿԸ ՄԵԿ

Հունվար 20,2011 00:00

Նրանք պնդում են, որ եթե իրենք իրենց գործին վերաբերվեն այնպես, ինչպես պետությունն է վերաբերվում անասնաբույժներին, տեղական արտադրության կաթնամթերքն ու մսամթերքը խիստ կասկածելի որակ կունենան:

Արմավիրի մարզում թռչնային ժանտախտից փետրավորները սատկում են, իսկ Էջմիածնի անասնաբուժական տեսչությունում մասնագետներն անգործությունից նարդի են խաղում: Անասնաբույժների հարկադիր պարապուրդը ոչ այնքան մասնագիտական խղճի բացակայությամբ է պայմանավորված, որքան պետության, մասնավորապես՝ գյուղատնտեսության նախարարության անտարբերությամբ: Եթե հավերի H ժանտախտ կոչվող հիվանդության կանխարգելման պետական ծրագրով նախատեսված միջոցառումները նախորդ տարվանից չդադարեցվեին, եւ անասնաբուժարաններին համապատասխան պատվաստամիջոցներ տրամադրվեին, անասնաբույժներն էլ, կաբինետներում ժամանցային խաղերին տրվելու փոխարեն, գյուղերում կլինեին:
Անասնաբուժությունն այնքան անտեսված ոլորտ է, որ տպավորություն է ստեղծվում, թե երկրին ոչ անասնապահություն, ոչ էլ, առավել եւս՝ անասնաբույժներ  հարկավոր չեն: Նման կարծիք չէր ձեւավորվի, եթե անասնաբույժներն էլ, աշխատանք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու նման, աշխատավարձ ստանային աշխատանքային ամիսն ավարտելուց հետո: «Եռամսյակը մեկ ենք աշխատավարձ ստանում: 2011-ի մեր առաջին աշխատավարձը, օրինակ, կստանանք ապրիլին»,-«Առավոտին» ասաց Արմավիրի մարզի Մերձավան, Նորակերտ եւ Այգեկ գյուղական համայնքները սպասարկող անասնաբույժ Արսեն Գրիգորյանը: Վերջինս վեց տարի է, ինչ զբաղվում է սիրած գործով: Եթե նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը չլինեին, անասնաբույժի աշխատանքին վաղուց հրաժեշտ տված կլիներ, մանավանդ որ, վերադասի ամենամյա խոստումները, թե մի քիչ էլ համբերեք՝ լավ է լինելու, այդպես էլ իրականություն չեն դառնում: «Գուցե խոստացած լավն այն էր, որ աշխատավարձը 32 հազարից հասցրին 50 հազարի: Հիմա, պահումներից հետո, մի 36-37 հազար ենք ստանում: Դա էլ երեք ամիսը մեկ են տալիս: Մոտավորապես 120-125 հազար դրամ է կազմում, որից, հավատացեք՝ կեսը ծախսում ենք կանչերի վրա»,- իրավիճակը ներկայացրեց անասնաբույժը:
Միայն պլանային միջոցառումների ժամանակ է, որ անասնաբուժական տեսչությունները վակցինա են ստանում: Դա էլ այնքան քիչ է լինում, որ բոլոր անասուններին չի բավարարում: «Վակցինան ստանում ենք վիճակագրական վարչության տրամադրած տվյալների հիման վրա: Ենթադրենք Նորակերտը, ըստ այդ տվյալների, ունի 400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Մեզ վակցինա է տրամադրվում հենց այդ հաշվարկով: Պատվաստման միջոցառումների ժամանակ, սակայն, պարզվում է, որ անասունների թիվը կեսով ավելի է. նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար անասնատերերն ուղղակի դրանք թաքցրել են»,- նկատում է անասնաբույժը:
Նման դեպքերում կամ բացահայտվում են կեղծ նպաստառուներն ու հանվում այդ ցուցակից, կամ թաքցված կենդանիները դուրս են մնում պատվաստումից՝ ռիսկային դարձնելով ստացվող կաթնամթերքի ու մսամթերքի որակը: «Կենդանական ծագմամբ ամենաթիրախային սննդամթերքը պանիրն է, որը ջերմամշակման չի ենթարկվում: Բրուցելոզի վարակը հիմնականում հենց պանրից է անցնում: Իսկ վարակի առաջացումն ու կանխարգելումը հնարավոր է միայն կենդանիներին ժամանակին պատվաստելու միջոցով: Մեր պետությունն անասնաբույժին տալիս է 36 000 դրամ: Բայց պատվաստման գործընթացն այնքան էլ հեշտ չէ. բժիշկը դա միայնակ անել չի կարող. նրան օգնական է պետք, որ պատվաստման ժամանակ 400-500 կգ-անոց կենդանուն զսպել կարողանա: Իսկ օգնականը հո դա անվճար չի՞ անի: Ուրեմն, նրան վճարելու հարցը մնում է անասնաբույժի վրա: Կամ՝ ի՞նչ երաշխիք, որ կենդանին նրան չի վնասի: Աստված մի արասցե, եթե նման բան լինի, բուժման եւ խնամքի ծախսերը եւս մնում են անասնաբույժի վրա»,- ասաց զրուցակիցս, ըստ որի՝ եթե անասնաբույժներն իրենց գործին վերաբերվեին այնպես, ինչպես պետությունն է վերաբերվում անասնաբույժերին, տեղական արտադրության կաթնամթերքն ու մսամթերքը խիստ կասկածելի որակ կունենային:
Չնայելով պետական ֆինանսավորմանը, անասնաբույժներն իրենց անձնական մեքենաներով ու սեփական ծախսերով են արձագանքում ահազանգերին, օգնականի դերն էլ երբեմն անասնատերն է կատարում, երբեմն՝ անասնատիրոջ հարեւանը, բարեկամը, գյուղից մեկը: «Մեքենայի վառելիքն իմ հաշվին եմ լցնում, հազար ու մի թղթաբանության ու դրանք պատճենահանելու համար ինքս եմ վճարում: Ոնց էլ լինի՝ աշխատավարձիս կեսը աշխատանքի համար եմ ծախսում: Հարկուտուրքերն էլ որ հանում եմ, եռամսյակային 120 հազարից մի քանի դրամ է մնում, էն էլ՝ հացի համար»,- ներկայացրեց Արսեն Գրիգորյանը:
Եթե չլիներ արտասահմանում բնակվող հարազատների ֆինանսական աջակցությունը, անասնաբույժ Արսեն Գրիգորյանն ուզած-չուզած՝ արդեն հրաժեշտ տված կլիներ սիրած գործին: Իսկ եթե այդ ոլորտի նկատմամբ պետական վերաբերմունքը շարունակվի նույնը մնալ, չի բացառվում, որ անասնաբույժներից շատերը հեռանան: Թե դրանից հետո ինչ կլինի անասնապահությունում, գյուղում, գյուղատնտեսությունում եւ հանրապետությունում՝ ավելի լավ է չպատկերացնենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել