Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պահանջում են «Առավոտից»

Հունվար 20,2011 00:00

Փետրվարը դեռ չի սկսվել, սակայն «Առավոտի» համար այն կլինի դժվարին ամիսներից մեկը: Փետրվարին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել են մի քանի հայցերի քննության հետ կապված նախնական նիստեր:
Փետրվարի 4-ին, ժ.11-ին նշանակվել է Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի հայցի քննությունն ընդդեմ «Առավոտի»: Վիճարկվելու է «Վճարել է 10 տարվա կյանքի համար, ստացել է 7 տարվա» (13.11.2010թ.) հոդվածը: Հայցվորը թերթից պահանջում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով փոխհատուցում, ներողություն, եւ վճռի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում հերքում:
Փետրվարի 9-ին, ժ.11-ին Հայաստանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի նոր հայցը՝ «Իսկ ո՞ւր մնաց Հիպոկրատի երդումը» հրապարակման հետ կապված (2010թ. դեկտեմբերի 1): Վիճարկվում է պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը եւ հայցվոր ՍՊԸ-ն պահանջում է դատարանից դարձյալ սանկցիա կիրառել թերթի նկատմամբ նվազագույն աշխատավարձի 20 000-ապատիկի չափով, պահանջելով նաեւ իր ներկայացուցչի՝ փաստաբանին վճարված գումարը՝ 300 000 դրամի չափով:
Փետրվարի 16-ին, ժ.11.30-ին նշանակվել է Սլավիկ Ամիրյանի հայցով նախնական նիստը՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման պահանջների մասին: Վիճարկվում է անցյալ տարվա հոկտեմբերի 26-ի «Գորիսում նվազագույն աշխատավարձը 20 000 դրամ է» հրապարակումը: Ի դեպ, այս գործով հունվարի 11-ին նշանակված մեկ նախնական դատական նիստի մասին «Առավոտը» տեղեկացել է նախորդ օրը:
«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ի հայցերով «Առավոտի» ներկայացուցիչը ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանն է: Ինչ վերաբերում է Սլավիկ Ամիրյանի հայցի հետ կապված մեր կողմից ներգրավված փաստաբանին, կհայտնենք լրացուցիչ՝ նրա հետ պայմանագիրը կնքելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել