Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ԽԼՈՑԻՆ

Հունվար 20,2011 00:00

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց դատական նիստը, քանի որ փաստաբան Արմեն Օհանյանը 4 էջից բաղկացած ինքնաբացարկ հայտնեց դատավորին:

Մեզանում ավանդույթ է դառնում նույն տարածքը տարբեր մարդկանց վարձակալության հանձնելը: Բարեխիղճ վարձակալի պայմանագրի ժամկետը չլրացած, վարձատուն անակնկալ պայմանագիր է կնքում նոր վարձակալի հետ (հասկանալի է, թե ինչ-ինչ հարցեր լուծելուց հետո):
Օրինակները բազմաթիվ են, եւ այս շղթայական ռեակցիան շարունակվում է: Հերթական տուժողը Երեւան քաղաքի բնակիչ Սերոբ Հովհաննեսի Չեմինյանն է: Նա 1994թ.-ից մետրոյի «Բարեկամություն» կայարանի ստորգետնյա անցումի N88 կրպակում (4 քմ) զբաղվում է ռադիոսարքավորումների վերանորոգմամբ (հայտնի «քսերոքսի» դիմաց): Սերոբը բարեխիղճ վարձակալ է, «Զալխե» ՍՊԸ տնօրենն է, պարտաճանաչ մուծում է բոլոր հարկերն ու ամուր պահում անդորրագրերը: Նա Արաբկիր թաղապետարանի հետ ամեն տարի օրինական պայմանագիր է կնքել, իսկ վերջինը կնքել է 2005-2008թթ. ժամանակահատվածի համար: Պայմանագրի ժամկետը չլրացած, Արաբկիրի թաղապետարանը, առանց տեղյակ պահելու, 01.01.2007թ. 25 տարով նոր պայմանագիր է կնքում «Օնիկ» արտադրական կոոպերատիվի հետ, ինչն ի հայտ է գալիս երկու տարի հետո՝ 2009թ.:
Դատարանի երես երբեք չտեսած Սերոբն անցյալ տարի ծանուցում է ստանում Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայքների ընդհանուր իրավասության դատարանից (դատավոր՝ Ս.Ղազարյան), որ պետք է 22.01.2010թ. դատարան ներկայանա՝ որպես պատասխանող: Դատարանը, համաձայն ընդունված կարգի, ուղարկել էր «Օնիկ» ա/կ-ի հայցադիմումի եւ այն վարույթ ընդունելու որոշման պատճենները, ինչպես նաեւ «պատասխանողին» հիշեցրել, որ երկշաբաթյա ժամկետում պարտավոր է դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը: Հայցադիմումի առարկությունները Ս. Չեմինյանի փաստաբան Արմեն Ռազմիկի Օհանյանը ժամանակին գրավոր ներկայացրել է դատարան: Բերենք Ա. Օհանյանի փաստարկները: Ըստ նրա՝ բազմաթիվ անճշտություններ, աղաղակող փաստեր կան «Օնիկ» ա/կ-ի կնքած պայմանագրում. մասնավորապես «Օնիկ» ա/կ-ի, թաղապետարանի, նոտարական գրասենյակի եւ կադաստրի տ/ս օրինակները, որ օրիգինալ պետք է համարվեն, խիստ տարբեր են իրարից ոչ միայն կնքման ու կազմման ամսաթվերով, այլեւ կնիքների ու պայմանագրերի բովանդակությամբ եւ այդ տարբերությունների մասին չկա որեւէ համաձայնագիր: Հայտնի է, որ կողմերը որեւէ պայմանագիր ստորագրելիս նոտարական վավերացման կամ կադաստրի տ/ս իրավունքի գրանցման են ներկայացնում նախապես գրավոր կազմած պայմանագիրը: Այս դեպքում, ըստ «Օնիկ» ա/կ-ի ստացվում է՝ իրավունքի պետական գրանցումը կատարվել է ավելի վաղ՝ 18.12.06թ., նոտարի վավերացումը՝ 07.12.2006թ., մինչդեռ վարձակալության թիվ 15 պայմանագիրը թաղապետարանի հետ կնքվել է ավելի ուշ՝ 01.01.2007թ.: Ինչ է, կենտրոնական նոտարական գրասենյակը դատարկ բլանկի վրա՞ է ամսաթիվ դրել: Ի դեպ՝ նոտարն այդ պահին կամ խմած է եղել, կամ ամսաթիվը մեկ ուրիշն է գրել, քանզի 2006թ.-ի փոխարեն գրված է 200006: Ուշագրավ փաստարկներից մեկն էլ վերաբերում է «Օնիկ» ա/կ-ի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականին, որի առաջին էջին կարմիր գրիչով խաչ էր քաշված եւ կնքված էր «անվավեր» բառով: Իսկ չգիտես ով եւ ինչպես իրեն իրավունք էր վերապահել գնդիկավոր գրիչով, անգրագետ հայերենով գրել. «Կարմիր գծով եւ կնիքով կատարված է սխալմամբ. վկայականը գործում է»: Անհասկանալի շտամպով փակված էր «անվավեր» բառը:
«Օնիկ» ա/կ-ին հաջողվել է խլել հանդիպակաց պատճենահանման կրպակը, որը շուրջ 19 տարի բարեխղճորեն շահագործում է «Լինդա» ընկերությունը: Վերջինս ՀՀ եռաստիճան դատական գործընթացներից հետո դիմել է Եվրոպական դատարան: «Լինդայի» խնդրին «Առավոտն» անդրադարձել է 18.03.2010թ.-ին: Փաստաբան Ա. Օհանյանը զարմացած է, թե որտեղից է «Օնիկ»-ը որոշել, որ ստորգետնյա անցումի մոտ 4000 քմ տարածքից հենց «Զալխե»-ին պատկանող 4 քմ-ն է իրենցը, երբ ա/կ-ին հատկացվել է 8+6 քմ առեւտրային տարածք, մինչդեռ «Լինդան» ու «Զալխեն» 1992-93թթ.-ից գործող կրպակներ են, համապատասխան համարներով՝ 90 եւ 88 ու հատակագծերով: «Օնիկ» ա/կ-ն չունի հատակագիծ եւ նրան տված կադաստրի տ/ս 13.09.2006թ. միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 օր, իսկ այն դատարան է ներկայացրել դեկտեմբերին: Իսկապես ո՞ւր է նայում դատավոր Ս. Ղազարյանը, արդյոք նա անկողմնակա՞լ է նիստերը վարում եւ ո՞վ պիտի պատասխան տա թաղապետարանի ապօրինի գործունեության համար: Շուրջ մեկ տարի ձգվող դատական նիստերն այսօր էլ շարունակվում են: Կխիզախի՞ դատավոր Ս. Ղազարյանն արդարացի լուծում կայացնելու համար: Մինչեւ ե՞րբ պետք է տուժեն մեր բարեխիղճ օրինապահ քաղաքացիները: Արդյո՞ք եւս մի բազմանդամ հայ ընտանիք չի բռնի արտագաղթի ճամփան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել