Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՌԵՎՏՐԻ՞Ն ԵՆՔ ԱՆՑՆՈՒՄ

Հունվար 20,2011 00:00

Երեկ Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույց էր: Հավաքվել էին բաց երկնքի տակ սնունդ եւ այլ ապրանքներ վաճառողները, որոնք երկար տարիներ մայրաքաղաքի թաղամասերում առեւտուր էին իրականացնում, սակայն քաղաքապետ Կարեն Կարապետյանն արդեն մի քանի օր է՝ արգելել է բացօթյա առեւտուրը, իսկ առեւտրականները չեն ուզում ենթարկվել քաղաքապետի որոշմանը եւ երեկ հավաքվել էին, որ քաղաքապետի հետ անձամբ հանդիպեին եւ սպառիչ պատասխան ստանային: Առեւտրականներն անգամ պաստառներ էին բերել իրենց հետ՝ «Քաղաքապետ, ժողովուրդը քեզ չի ընտրել», «Քաղաքապետ, մի վախեցիր, դուրս եկ, ժողովուրդն անզեն է» բովանդակությամբ: Նրանք բացականչում էին. «Աշխատանք, հրաժարական»: Առեւտրականներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Մենք այդպես էինք մեր օրվա հացի գումարը վաստակում, բայց արգելեց: Թող գա ու պատասխանի, թե ինչո՞ւ է մեզ զրկում մեր ապրուստի միջոցից»: Ցույցի մասնակիցները փորձում էին նաեւ քաղաքապետարանի շենք մտնել, բայց ոստիկանությունը թույլ չտվեց:
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչությունից պարզաբանեցին, որ անօրինական առեւտրով զբաղվողներին առաջարկվում է տեղափոխվել մոտակա շուկաներ. «Բացի այդ, մշակման եւ համաձայնեցման փուլում է նոր մինի շուկաների կազմակերպման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա ունենալ եւ քաղաքակիրթ առեւտուր, եւ բացօթյա առեւտրով զբաղվող անձանց սոցիալական կեցության պահպանման հնարավորություն: Մենք այս հարցում ակնկալում ենք եւ բացօթյա առեւտրով զբաղվողների, եւ բոլոր սպառողների աջակցությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել