Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ անօթեւանների հաշվի՞ն

Հունվար 20,2011 00:00

Գյումրիում այս տարի 188 բնակարան նախատեսվածից պակաս կհանձնվի

Այս մասին օրերս հայտարարություն էր տարածել «Շիրակ կենտրոն» հ/կ-ի ղեկավար, բնակբաշխման հանձնաժողովի դիտորդ Վահան Թումասյանը: Նրա հայտարարությունը սթրես է առաջացրել կարիքավորների հերթացուցակում ընդգրկված անօթեւանների շրջանակում: Նրանց սարսափեցնում է կառավարության այն մտադրությունը, որ իրենց զրկելով բնակարան ստանալու հաճույքից՝ դարձյալ բնակարանների գնման վկայագրեր են «վզներին փաթաթելու», գցելու են դռնեդուռ, ու վերջին հաշվով անօթեւանը դարձյալ փողոցում է մնալու: Նշենք, որ կառավարությունը իր այս խնայողություններն անում է 23 տարի:
«Շիրակ կենտրոն» հ/կ-ի տարածած հայտարարությունից տեղեկացանք, թե որն է նոր խնայողության պատճառը. «Եթե անցյալ տարի ծրագրված 1320-ի փոխարեն կառուցվեց եւ շահագործման հանձնվեց 1056 բնակարան, այսինքն` 264 բնակարանով պակաս, ապա այս տարի նախատեսված 1944 բնակարանի փոխարեն կշահագործվի 1750-ը, այսինքն՝ 188-ով պակաս: Նախորդ փուլում նախապես որոշված 1 եւ 2 սենյականոցների հաշվին շինարարության ընթացքում կառուցվեց 264 հատ 3 սենյականոց, իսկ այժմ 1, 2, 3 սենյականոց բնակարանների թվի կրճատման հաշվին նախատեսվում է նախագծային փոփոխություններով կառուցել նաեւ 40-ի չափ 4 սենյականոց բնակարան: Հիմա Գյումրու անօթեւանների հերթացուցակում կա հաշվառված 4 սենյականոց բնակարանի հավակնորդ 44 ընտանիք»:
Վահան Թումասյանը մեզ հետ զրույցում էլ խստորեն քննադատեց կառավարությանը եւ հայտնեց, որ անգամ 4 սենյականոց բնակարանների կառուցումը բազմանդամ ընտանիքներին չի փրկում փտած տնակներից: Նրա խոսքերով, անօթեւաններին բնակարան են տրամադրում դարն ապրած որոշումներով, այսինքն՝ բացարձակապես հաշվի չեն առնում այն փաստը, որ 23 տարվա ընթացքում տվյալ ընտանիքը դարձել է բազմանդամ, ասենք՝ 3 հոգուց արդեն 10 են դարձել, թոռներ ու ծոռներ են հայտնվել. «Բնակարանների բաշխման հանձնաժողովը եւ շահառուները հսկայական պրոբլեմի առաջ են կանգնած: Տրամաբանական կլիներ, որ ոչ թե բնակարանների թիվը կրճատելու հաշվին սենյակների թիվը ավելացնեին, այլ պարզապես այդ ընտանիքներին առանձին-առանձին բնակարաններ հատկացնեին, ասենք՝ 4 սենյականոցի հավակնորդ ընտանիքներին հատկացնեին 2 բնակարան, որովհետեւ այդ ընտանիքները իրականում պրոբլեմ ունեն, եւ իրենք վաղը այդ բնակարանը կամ վաճառելու են ու կիսելու են իրար մեջ, կամ փոխարինելու են, ասենք՝ իրենց 3 սենյականոց բնակարանը մի հատ 2 ու 1 սենյականոց բնակարանով»: Նրա ներկայացմամբ, եթե անգամ այս ծրագիրը հաջողությամբ ավարտվի, միեւնույն է՝ Գյումրիում անօթեւանների խնդիրը վերջնականապես չի լուծվի, քանի որ գրանցվել են դեպքեր, երբ բազմանդամ ընտանիքի ներսում վեճ է սկսվել ստանալիք բնակարանի պատկանելության շուրջ, եւ արդյունքում փաստաթղթերը չեն կարողացել համատեղել՝ հաշվառման ներկայացնելու համար, ինչը նշանակում է՝ քանի դեռ Գյումրիում բազմանդամ ընտանիքներ կան, կառավարությունն էլ չի փոխել բնակարանների բաշխման թիվ 432 որոշումը, Գյումրին հուր-հավիտյան տնակների մեջ կմնա: Վ. Թումասյանի հաշվարկներով, միայն կարիքավորների հերթացուցակում 1300 ընտանիք կմնա առանց բնակարանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել