«Ոչ մի բեռնափոխադրող ընկերության ձեռք չի տալիս արհեստական գին բարձրացնելը, քանի որ դրա արդյունքում բնականաբար տուժելու է»,- Panorama.am-ին հայտնեց «Յունիտրանս» միջազգային բեռնափոխադրող ընկերության փոխտնօրեն Կարինե Գեւորգյանը՝ անդրադառնալով բեռնափոխադրումների գների բարձրացման վերաբերյալ հայ առեւտրականների երեկվա բողոքի ակցիային: Նրա խոսքերով, հունվարի 1-ից Վրաստանում հարկային փոփոխություններ են տեղի ունեցել, որի արդյունքում յուրաքանչյուր մեքենայի համար, որը պետք է մուտք գործի Հայաստան՝ $170-ի չափով գնային փոփոխություն է տեղի ունեցել: Մասնավորապես, $120 կամ 200 լարի վճարում են սահմանում, որպեսզի վրացական կողմից մեքենան անցնի հայկական կողմ: Բացի դրանից, ներկայումս մեքենաները ավելի երկար ճանապարհով են Հայաստան գալիս, արդյունքում՝ կրկնակի վառելիք է ծախսվում: Կ. Գեւորգյանը նշեց նաեւ, որ 2010թ. օգոստոս-սեպտեմբերին Փոթիից Երեւան մեկ բեռնարկղի փոխադրումը կազմում էր $1300, ներկայումս՝ $1600-1700: Նա մեկ անգամ եւս նշեց, որ դա պայմանավորված է Վրաստանի սահմանած հարկերով եւ համաշխարհային շուկայում վառելիքի գների բարձրացմամբ, ինչպես նաեւ ծովային ընկերությունների սահմանած գներով: Ի դեպ, ծովային ճանապարհով բեռնափոխադրման արժեքը $1800-ից հասել է $2300-2400-ի: