Լրահոս
Օրվա լրահոսը

Ճտերն աշնանն են հաշվում

Հունվար 20,2011 00:00

 Գյուղնախարարի «լավ ըսենք, որ լավ ըլլա» ոճի կանխատեսումներին պատասխանում է Ագրարագյուղացիական միավորման նախագահը:

«Գյուղատնտեսության զարգացման ամենաարդյունավետ ճանապարհը գյուղացիական հողերի խոշորացումն է»,- երեկ աշխատանքային 10-րդ օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց նորանշանակ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով, հատկապես Արարատյան դաշտավայրում շատ կան մանր հողակտորներ, որտեղ մեքենայացված աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: Մանր հողակտորները, նախարարի խոսքով, դժվարություն են առաջացնում նաեւ վարկային ռեսուրսների ձեռքբերման հարցում. գրավի առարկան բանկերի համար գրավիչ չէ: Ս. Կարապետյանի խոսքով, առաջիկայում մարզային այցելություններ կկազմակերպեն՝ գյուղացիներին հողերի խոշորացման անհրաժեշտությունը բացատրելու համար: Նա վստահեցրեց, որ գյուղացիական տնտեսությունների միավորումը կգործի կամավոր սկզբունքով. «Ստիպողաբար ոչինչ չի արվելու: Սա չի նշանակում, որ գյուղացին զրկվելու է իր հողերից: Տնտեսությունները կմիավորվեն, երբ գյուղացին կամավոր կվաճառի իր սեփականությունը»:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն էլ ծրագրի կապակցությամբ մտավախություն ունի. «Եթե մի խումբ մարդիկ փորձում են ամբողջ Հայաստանի հողերը ձեռք բերել ու դրա անունը դնել խոշորացում, ապա լուրջ վտանգներ եմ տեսնում: Հնարավոր է, մի օր էլ այդ տնտեսությունները հայտնվեն օլիգարխների ձեռքում»: Պարոն Բերբերյանը գյուղատնտեսության զարգացման արդյունավետ ճանապարհը տեսնում է կոոպերացիաների ասոցիացիաների ձեւավորման մեջ. «Եվ ոչ թե խոշորացման վայրագ միջոցով: Այնպիսի պայմաններ են ստեղծում, որ գյուղացին թողնի- գնա, սա՞ է նրանց ուզածը»: Ինչ վերաբերում է գյուղնախարարի՝ ոլորտում 5,6% աճ ապահովելու պնդմանը, պարոն Բերբերյանը նկատեց. «Մենք միշտ ճտերն աշնանն ենք հաշվում, ու դեռ վաղ է հայտարարել, թե ոլորտում ինչքան աճ կունենանք: Բանն այն է, որ ունենք շատ վատ տարի՝ այն իմաստով, որ ցանքատարածությունները՝ աշնանացան ցորենը, պակասել է 8-10 հազար հեկտարով: Մյուս վտանգն էլ այն է, որ աշնանացան ցորենը ձյան ծածկույթով դեռ ծածկված չէ. փաստորեն, երաշտի էֆեկտ ենք ստանում: Գյուղմթերքի ցրտահարության վտանգ էլ եմ տեսնում»:
Իսկ գյուղնախարարը, հակառակը՝ կասկած չունի, որ 2011-ը բնակլիմայական բարենպաստ պայմաններով աչքի ընկնող տարի է լինելու. «Ես հաստատ համոզված եմ, որ տարին շատ լավն է լինելու, Աստված մի արասցե, որ կարկուտ լինի, բայց եկեք լավ տրամադրվենք, որ տարին էլ լավ լինի»: Նրա խոսքով՝ ոլորտի անկման հարցում, բացի կլիմայական պայմաններից, մեծ դեր ունի նաեւ մարդկային գործոնը. «Եթե ժամանակին արձագանքենք, կորուստներ քիչ կունենանք: Հիմա պետք է աշխատենք կրկնապատկված եռանդով, կազմակերպվածությամբ ու նվիրումով: Գյուղատնտեսության չհաղթահարված խնդիրներով չենք կարող առաջ գնալ»: Նա անդրադարձավ նաեւ կաթի շուկային՝ տեղեկացնելով, որ արդեն տվել է հանձնարարական. «Կաթի արտադրության մեջ որոշ փոփոխություն պետք է մտցնենք, որ սպառողն իմանա՝ կաթն արտադրված է տնակա՞ն կաթից, թե՞ փոշուց, պետք է բաղադրությունը հստակ մակնշվի տուփի վրա»:
Անդրադառնալով առաջնահերթ ծրագրերին, նա տեղեկացրեց, որ ուշադրության կենտրոնում են պահելու հացահատիկային մշակաբույսերի ու սերմաբուծության ծրագիրը: Այս տարի նախարարությունը նախատեսել է նաեւ վերամշակման ճյուղի զարգացմանը խթանող միջոցառումներ: Կիրականացվեն գյուղատնտեսական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր: Ըստ նախարարի, միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկային միջոցներով Հայաստանի 7 մարզերի գյուղական համայնքներում կլուծվեն գազիֆիկացման, ջրամատակարարման հարցերը, կնորոգվեն ճանապարհները: Հարցին, թե ինչպես է գյուղնախարարը համատեղում նաեւ «Արտֆուդ» ընկերության համասեփականատիրոջ պաշտոնը, գյուղնախարարը մեկնաբանեց. «Հավաստիացնում եմ, որ ինչ նշանակվել եմ նախարար, այլեւս չեմ զբաղվում այդ կազմակերպության կառավարմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել