Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԷՇ ԱՌՆՈՂ, ԷՇ ԾԱԽՈՂ ՉԵՆՔ»

Հունվար 20,2011 00:00

\"\"Առեւտրականները կրկին բողոքի մեծ ալիք են բարձրացրել, այս անգամ՝ ՊԵԿ-ի սահմանած վճարների կրկնակի ավելացման դեմ, սակայն ՊԵԿ-ից
պնդում են, որ իրենք ոչինչ չեն թանկացրել:

Երեկ առավոտյան, ժամը 10-ի սահմաններում, Մալաթիայի տոնավաճառի առեւտրականները գործադուլ էին անում: Նրանք հրաժարվում էին բացել իրենց տաղավարները՝ բողոքելով, որ այս հարկային ու մաքսային ճնշումների պայմաններում չեն աշխատելու: Հավաքվելով տոնավաճառի մուտքի մոտ՝ առեւտրականները պատրաստվում էին միանալ մյուս տոնավաճառների վաճառականներին, որոնք «Անի» հյուրանոցի մոտ ցույցի էին դուրս եկել, սակայն «Ռաֆայել-Տաթեւ» ՍՊԸ-ի աշխատակիցները, որոնք տնօրինում են Մալաթիայի տոնավաճառը, մի կերպ կարողացան բորբոքված առեւտրականներին համոզել ու մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ խնդրել, որ նախկինի պես աշխատեն, մինչեւ խնդիրը կփորձեն պարզել:
Բանն այն է, որ ըստ առեւտրականների՝ Պետական եկամուտների կոմիտեն մի օր հանկարծակի որոշել է, որ Թուրքիայից, Չինաստանից, Լեհաստանից ու ընդհանրապես այլ երկրներից ապրանք ներմուծելու համար մարդիկ բավականին քիչ «քաշի փող» են մուծում ու միանգամից բեռնափոխադրման վճարները ոչ թե ավելացրել է $1-2-ով, այլ՝ դարձրել կրկնակի, ինչը հարուցել է բոլոր առեւտրականների դժգոհությունը: Եթե նախկինում Թուրքիայից ներմուծված ապրանքի 1 կգ-ի համար առեւտրականները վճարում էին $4, հիմա գանձվում է $8, Չինաստանից ներկրված ապրանքի համար նախկին $7-ի փոխարեն գործում է $14 սակագինը: Լեհաստանից բերված 1 կգ հագուստի համար վաճառականները միայն $10-ից ավելի պետք է վճարեն՝ չհաշված ավիատոմսի արժեքը, ճանապարհածախսը եւ այլն: Հասկանալի է, որ այս թանկացումները հարվածելու են ոչ միայն զուտ այդ առեւտրով զբաղվողների, այլեւ շարքային քաղաքացիների գրպանին, որոնք այսուհետեւ ստիպված են թուրքական, չինական հագուստն ավելի թանկ գնել, քան նախկինում: Մալաթիայի տոնավաճառի վաճառականներից մեկի խոսքերով՝ «Ես մի բլուզը վաճառում են 8-10 հազար դրամով: Պարզ է, որ էս թանկացումների արդյունքում պիտի նույն բլուզը վաճառեմ 16-20 հազար դրամով: Սկզբում մեզ փշի-փշի արեցին, մտցրին հարկային դաշտ, հիմա էլ ուզում են մեզ մաքսերով ու տուրքերով խեղդե՞լ: Եսիմինչ առեւտուր էլ չենք անում, մարդկանց ձեռքը փող էլ չկա էս Նոր տարուց հետո ու հիմա ո՞վ մի թուրքական բլուզի համար 20 հազար դրամ կտա: Մենք տակ ենք տալու, որովհետեւ հաճախորդ, գնորդ չենք ունենալու, իրա՞նց ինչ կա: Մենք վարկ ենք վերցրել, հաշվարկ ենք արել, ո՞նց ենք էդ պարտքերի տակից դուրս գալու: Մենք ընտանիք ենք, չէ՞, պահում: Փաստորեն, մեզ կտրում են օրվա հացից, թե ես օրը 1000-2000 դրամ էի տանում տուն, հիմա էդ էլ չեմ տանելու»: Վաճառականները նաեւ դժգոհում էին, որ հայրենի իշխանություններն ամեն օր խոսում են փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին, բայց ամեն ինչ անում են, որ դաշտում մնան միայն խոշոր բիզնեսմենները, այսինքն՝ իրենք:
Նշենք, որ սակագների փոփոխությունը հանկարծակիի է բերել հատկապես այն առեւտրականներին, որոնք արդեն ծախսերը հաշվարկելով՝ գնացած են եղել Թուրքիա ու միայն հետդարձին են իմացել, որ վճարելու են ոչ թե իրենց իմացած գինը, այլ՝ կրկնակի բարձր: Վաճառականները հենց Ստամբուլում բողոքի մեծ ալիք են բարձրացրել, ինչի արդյունքում նրանցից, իբրեւ թե լավություն, որոշել են գանձել 1 կգ հագուստի համար ոչ թե $8, այլ՝ $6, մինչեւ առեւտրականները, այսպես ասած, հունի մեջ կընկնեն ու կհաշտվեն թանկացման հետ:
Մալաթիայի տոնավաճառի վաճառականները տեղեկացրին՝ հիմա բանակցություններ են ընթանում, որ, օրինակ, Թուրքիայից ներմուծված 1 կգ-ի համար մշտապես գանձեն գոնե $6, ոչ թե $8: Մինչդեռ առեւտրականները վստահեցնում էին, որ այդ սակագնով էլ իրենք չեն կարող աշխատել, որովհետեւ եկամուտ չեն ստանա. «Մենք էշ առնող, էշ ծախող չենք, տուն-տեղ թողած՝ մեր առողջության հաշվին ուզում ենք երկու կոպեկ աշխատել, աչքներս Թուրքիայի վրա չի սառել, որ հենց ընենց չարչարվենք ու չկարողանանք տեղի փողն էլ տալ»:
Նոր թանկացումների վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեից «Առավոտին» պարզաբանեցին, որ «ներկրվող հագուստից գանձվող մաքսատուրքի դրույքաչափի որեւէ փոփոխություն չի եղել»: Ըստ այդ պարզաբանման. «Հագուստի «կիլոգրամի կրկնակի թանկացման» շուրջ խոսակցությունները վերաբերում են տրանսպորտային ծախսերին, ինչը Պետական եկամուտների կոմիտեի իրավասության շրջանակներում չէ, այդ հարցերը հարկավոր է ճշտել բեռնափոխադրում իրականացնող կազմակերպություններից: Ավելին, հիշեցնենք, որ հագուստի մաքսային արժեքը երբեք ըստ կիլոգրամի չի հաշվարկվել, այլ ապրանքը գնահատվել է՝ ելնելով տեսակից, քանակից, որակից, ապրանքային նշանից, ծագման երկրից եւ համապատասխան այլ չափանիշներից: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե «Ստամբուլից Երեւան ուղարկվող բեռի տրանսպորտային ծախսի մեջ 97%-ից ավելին կազմում են մաքսազերծման ծախսերը», ապա հարկ ենք համարում տեղեկացնել, որ ապրանքի մաքսային արժեքից գանձվող մաքսատուրքի եւ ԱԱՀ-ի առավելագույն դրույքաչափը 32%-ն է, ավելին, որոշ ապրանքների դեպքում այն կազմում է միայն 22% (այսինքն՝ գանձվում է միայն ԱԱՀ)»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել