Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստ է «հալածվել ու մեռնել»

Հունվար 20,2011 00:00

\"\"ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն իշխանություններին վերջնագիր ներկայացրեց, իրեն «կասկածողներին» խորհուրդ տվեց՝ «գնալ՝ Զանգվի ջուրը խմել»:

Հարգելի ժողովուրդ. ես ձեր ցավը տանեմ». երեկ Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում այսպես սկսեց իր խոսքը ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը: Իսկ մինչ այդ, ուղիղ մեկ ժամ պահանջվեց, որ նա հասնի հարթակ, ու ժամը 15.00-ին հայտարարված հանրահավաքը 16.00-ին հազիվ սկսվեց: Այդ ընթացքում ներքեւում հավաքվածներն իրար էին կոտորում Կարապետիչին համբուրելու, նրա հետ գրկախառնվելու համար: Կրքերն այնքան բորբոքված էին, որ շատերն անգամ արցունքները չէին թաքցնում: «Տեղ տվեք, թող Հայաստանի թագավորը բարձրանա», իրար կարգի էին հրավիրում հավաքվածները: Հետեւելով այս ամենին՝ ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվող ծանոթս, ում պատահաբար հանդիպեցի հանրահավաքում, պոռթկաց. «Ողբերգություն: Սա էս ազգի ողբերգությունն ա: Ինչի՞ ենք հասել»: Հավաքվածների հետ «Առավոտի» զրույցներից հասկանալի դարձավ, որ նրանց մի մասը ոչ այնքան հիացմունքով է լցված առ Տիգրան Կարապետյանը, որքան արհամարհանքով իշխանությունների դեմ եւ հիասթափված՝ քաղաքական ուժերից: «Գեղամյանին հավատացինք՝ դավաճան դուրս եկավ, Արթուր Բաղդասարյանը՝ նույնպես, ՀԱԿ-ից էլ բան չենք հասկանում…»,- ասաց զրուցակիցներիցս մեկը:
Հանրահավաքը բավականին մարդաշատ էր:
Բացելով հանրահավաքը՝ Տիգրան Կարապետյանն ասաց, որ իրենք հավաքվել են «Ոչ» ասելու իշխանություններին. «Հերիք եղավ, բոլ եղավ, փող եք ուզում, գնացեք խոպան։ Հայաստանը ձեր համար խոպան չի»: Նա 15 պահանջ ներկայացրեց իշխանություններին եւ մինչեւ փետրվարի 28-ը ժամանակ տվեց դրանք կատարելու համար, այլապես փետրվարի 28-ին նույն հարթակից նա կպահանջի արտահերթ ընտրություններ՝ արդեն իսկ վստահ, որ այս իշխանությունը չի վերընտրվելու: Ավելի ուշ, արդեն մարդկանց հետ մասնավոր զրույցներում խոստացավ դառնալ ՀՀ նախագահ: Հավաքվածներն էլ իր հետ միասին երդվեցին, որ փետրվարի 28-ին մի մարդու նման գալու են, դեռ մի բան էլ ավելի: Կարապետյանն էլ իշխանություններից, մասնավորաբար, պահանջեց՝ վերադարձնել խորհրդային տարիների ավանդները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերականգնել արդարությունը, գազի գնի իջեցում եւ գնաճի զսպում, բնակչությանը վարկերի տրամադրում 6 տոկոս տոկոսադրույքից ոչ ավելի, 10 հազար դրամ հաստատագրված հարկ փոքր բիզնեսի համար, արժանի վարձատրություն, կենսաթոշակների, նվազագույն աշխատավարձի եւ նպաստների բարձրացում, արժանապատիվ կյանք երիտասարդներին, արտագաղթի կանխում եւ այլն: Մի քանի թթու խոսք հնչեցրեց նորաթուխ քաղաքապետի հասցեին, քանի որ պայքարելով փողոցային առեւտրի դեմ՝ վերջինս բազմաթիվ ընտանիքների «զրկում է կոպեկից»: «Ես վճռական եմ տրամադրված, որովհետեւ ունեմ ձեր դաբրոն»,- հայտարարեց Տիգրան Կարապետյանը: Ի պատասխան՝ «այո» լսելով՝ ոգեւորված արձագանքեց՝ «ջա՜ն»՝ ավելացնելով, որ ժողովրդի «դաբրոն» ունենալով՝ ինքն այսուհետ ավելի համարձակ կգործի։ «Տասը տարի ինձ հալածում էին, ասում էին՝ սրա մարդն է, նրա մարդն է, Ծառուկյանի մարդն է, բայց ես կայարանցի տղա եմ ու պատրաստ եմ հալածվելու ու մեռնել ձեզ համար»,- հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահը։
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, ով վերջերս նախաձեռնում էր ժողովրդահայրենասիրական ընդդիմություն Աշոտ Մանուչարյանի «քավորությամբ»: Նա մինչ ելույթն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց. «Ես ՀՀ քաղաքացի եմ, եկել եմ տեսնեմ՝ արթնության ի՞նչ մակարդակի վրա է ժողովուրդն այսօր»: Իսկ ելույթում հայտարարեց. «Հայ ժողովուրդը ողջ է, եւ դրա վկայությունը ձեր ներկայությունն է»: Նա համոզմունք հայտնեց, որ երկրում ստեղծված վատ իրավիճակը պետք է ունենա իր ավարտը, ինչի համար հարկավոր է ժողովրդի կամքն ու ուժը։ Ելույթ ունեցավ նաեւ ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը: «Իրենք պետք է ձգտեն հանդիպել, էդ եվրոպական էմիսարները, որոնք գալիս են՝ իրենց ինչ-որ գործերն են կատարում, եթե իրենք ուզեն՝ ես պատրաստ եմ»,- «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք ցանկություն հայտնե՞լ է հանդիպելու Հայաստանում գտնվող ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, պատասխանեց ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը: Իսկ հարցին՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը լուրերը, որ «Երեւան» հեռուստաընկերության մի մասը Կարապետիչը գնել է, վերջինս խաչակնքեց, «թու-թու-թու» ասաց ու հավելեց. «Աստված մի արասցե: Ես իշխանությունից ոչ մի բան չեմ վերցնի, հավատացեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել