Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԲՈՒՆՏ ԿԼԻՆԻ

Հունվար 20,2011 00:00

«Իշխանությունն իմիտացիա է անում՝ ցույց տալով, թե իբր ցանկանում է փոխզիջման գնալ ընդդիմության տարբեր թեւերի հետ, մինչդեռ իրականում հակված է վերից վար աղճատել ընտրական գործընթացի միասնականությունն ու խախտել դրա կառավարման ու վերահսկման տրամաբանությունը,- երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:- Եթե իշխանությունները չեն ուզում գնալ համագործակցության սցենարով մյուս ընտրություններին, այլ պատրաստվում են նորից կրկնել բախումնային սցենարը, ապա այն գործողությունները, որ հիմա նրանք իրականացնում են՝ տրամաբանական են ու հետեւողական»: Նա լրագրողներին ասել է. «Դուք ինքներդ էլ տեսնում եք, թե որքան մեծ է այսօր լարվածությունը հանրապետության ներսում՝ թե սոցիալական, թե քաղաքական առումով: Մեր դիտարկումները, մեր շփումները բնակչության հետ ցույց են տալիս, որ այդ դժգոհությունը շատ ավելի մեծ է, քան երբեւէ եղել է. գուցե դա ինչ-որ իմաստով կապված է ճգնաժամի հետեւանքների հետ, բայց ամեն դեպքում դրա գլխավոր պատճառը, մեր կարծիքով, իշխանությունների սխալ քաղաքականությունն է եւ օրենքների հանդեպ անհարգալից վերաբերմունքի շարունակականությունը»:
Epress.am-ի հարցին, թե ի՞նչ ելք կարող է ունենալ այդ լարվածությունը, հնարավո՞ր է սոցիալական բունտ՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է, որ իրենք չէին ցանկանա, որ ներկա զարգացումները բերեն բախումնային սցենարների՝ այն համարելով վատթարագույն տարբերակը երկրի համար. «Բայց այն կանխելու միակ ձեւն այսօր իշխանությունների ձեռքում է: Միայն իշխանությունները կարող են քաղաքական կամք դրսեւորել եւ գնալ «Ընտրական օրենսգրքի» էական բարեփոխումների, եւ հետագայում ցուցաբերել խոհեմ մոտեցում՝ նորմալ, արդար ընտրություններ անցկացնելու»:
Նա նաեւ նշել է, որ իշխանությունների սոցիալական ու տնտեսական քաղաքականության նման շարունակությունը կարող է հանգեցնել անկառավարելի այնպիսի բունտերի, երբ նույնիսկ ընդդիմությունը չի կարողանա կառավարել դրանք. «Մարդիկ, այդ զանգվածները կգտնեն նոր առաջնորդներ. փողոցից կհայտնվեն այդ առաջնորդները, եւ թե ինչպես նրանք կկառավարեն այդ գործընթացները, եւ ինչ արդյունքներ կունենա այդ ամենը՝ ոչ ոք չգիտի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել