Ահարոն Ադիբեկյանը հերթական սոցհարցումն է անցկացրել
Ներկայացնելով նախորդ տարվա հոկտեմբերին անցկացրած «Ամենաազդեցիկ քաղաքական գործիչները եւ նրանց վստահելիության վարկանիշը» ուսումնասիրության արդյունքները՝ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը երեկ հայտարարել է, թե ամենաազդեցիկ քաղաքական գործիչը ՀՀ նախագահն է: 1650 հարցվողներին առաջարկված քսան գործիչների թվում իր ազդեցիկությամբ առաջին հորիզոնականը զբաղեցրել է Սերժ Սարգսյանը՝ 35 տոկոս, երկրորդ տեղում 13 տոկոսով գտնվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, երրորդ տեղում վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 8,5 տոկոս, չորրորդ տեղում՝ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է՝ 4 տոկոս: Ազդեցիկ քաղաքական գործիչների հնգյակը փակում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ 3,4 տոկոսով: Վեցերորդ հորիզոնականում է հայտնվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը (2,3 տոկոս): Հարցման պատվիրատուն «Սոցիոմետրն» է, հարցումն անցկացվել է 1650 մարդու շրջանում, Հայաստանի մարզերում եւ Երեւանում: Հարցման արդյունքում սոցիոլոգը պարզել է, որ Հայաստանում քաղաքականությանն ակտիվորեն հետեւում է հարցվածների 65 տոկոսը: Ըստ Ահարոն Ադիբեկյանի, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է իշխանության վրա, մասնավորապես՝ ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի, քանի որ այդպես է մտածում հարցվողների 89,5%-ը: Միայն 0,5 տոկոսն է այդ վիճակը կապել ընդդիմության, 2,8 տոկոսը՝ արտաքին գործոնների, իսկ 5,3 տոկոսը՝ սեփական ընտանիքների հետ:
Ըստ ներկայացված տվյալների, վարչապետին ազդեցիկ համարողների 70 տոկոսը վստահում է նրան, սակայն նախագահ Սերժ Սարգսյանին ազդեցիկ համարողների 48,5 տոկոսն է վստահում: Ըստ Ադիբեկյանի, հետաքրքիր պատկեր է ստացվել ընդդիմության պարագայում. վստահում են, բայց ազդեցիկ չեն համարում. Լեւոն Տեր-Պետրոսյանին վստահում է հարցվածների 4,5 տոկոսը, բայց նրան միայն 1,1 տոկոսն է համարում ազդեցիկ գործիչ: Րաֆֆի Հովհաննիսյանին վստահողների 2 տոկոսն է համարում նրան ազդեցիկ, իսկ Վահան Հովհաննիսյանին՝ 1,2 տոկոսը: Ըստ Ահարոն Ադիբեկյանի, «Ընդհանուր առմամբ, իշխանական շրջանակների ազդեցիկությունը հասարակության մեջ 65 տոկոս է, իսկ ընդդիմությանը՝ 8,3 տոկոս, հետեւաբար այն ընտրախավը, որը տատանվում է, սովորաբար իր ձայնը տալիս է հաղթող ուժին»: Հարցին, թե հնարավո՞ր է իր ազդեցիկությամբ Գագիկ Ծառուկյանն առաջ անցնի Սերժ Սարգսյանից, Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց, որ, իր կարծիքով, Գագիկ Ծառուկյանի թիմն աշխատում է նրա ազդեցիկության բարձրացման ուղղությամբ. «Այն, որ նա հանդիպում է այլ երկրների նախագահների հետ, միջկուսակցական կապեր է հաստատում, գիտնականների հետ է հանդիպում, դա պատահական չէ: Դրանք ինչ-որ մտածված քայլեր են, որոնք ձեւավորում են նրա իմիջն ամբողջությամբ»,- ասաց սոցիոլոգը: «Սոցիոմետրի» ղեկավարը ներկայացրած տվյալները որակեց «ֆոնային»՝ պարզաբանելով, որ դրանք ներկայացնում են ընդհանուր մթնոլորտն ու իրավիճակը, որի վրա հենվում են ընտրական կամպանիաները: Միաժամանակ, ըստ Ադիբեկյանի, դեռեւս վաղ է ներկայացված տվյալների հիման վրա ասել, թե որ ուժը կամ որ գործիչը որքան ձայն կստանա ընտրությունների ժամանակ:
«Հայաստանում իշխանությունը կենտրոնացված է, եւ ոչ ընդդիմությունը, ոչ էլ գործարարները չեն կարողանում մեծ ազդեցություն ունենալ երկրում ստեղծված իրավիճակի վրա: Հետեւաբար խնդիր կա ժողովրդավարության լայնացման, խորացման եւ իշխանության բերել բոլոր այն ուժերին, որոնք կառուցողական դիրքորոշում ունեն կամ կարող են օգուտ բերել Հայաստանին: Ստացվում է, որ մեր երկրում հիմնական որոշում կայացնողը նախագահն է, վարչապետը, ԱԺ նախագահը: Դա մի քիչ վայել չէ ժողովրդավարությանը՝ որքան էլ հարգենք մեր նախագահին, վարչապետին կամ Ազգային ժողովի նախագահին»,- երեկ ասել է Ահարոն Ադիբեկյանը: