Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԸ ՍԱՐԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ ՉԵՆ»

Հունվար 20,2011 00:00

\"\"Հայոց բանակում զինվորների եւ հրամանատարների հոգեւոր դաստիարակության մասին ասում է Համլետ սարկավագ Մովսիսյանը:

– Մեր բանակում հոգեւորականների գործունեությունը երբվա՞նից է արմատավորվել, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ, որ Եկեղեցին աշխատանքներ իրականացնի նաեւ բանակում, եւ ո՞րն է բանակում նրանց գործի էությունը:
– Մեր նորանկախ պետականության հաստատումից հետո՝ 1997 թ. նոյեմբերին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ կնքվել է համաձայնագիր, որից հետո հիմնվել է Զինված Ուժերի Հոգեւոր առաջնորդությունը, եւ սկսյալ այդ օրվանից՝ հայ եկեղեցականները իրենց սպասավորությունն են բերում Հայաստանի եւ Արցախի զորամասերում: Հայ Եկեղեցին՝ իբրեւ մեր համայն հայության փրկության Տապան, առաքելություն եւ պարտավորություն ունի՝ իր զավակներին ուղղորդելու փրկության ճանապարհով: Իսկ բանակը մեր ժողովրդի գոյության հիմնական երաշխավորն ու ապավենն է, եւ այստեղ ծառայություն են բերում մեր ժողովրդի զավակները: Ուստի այս կառույցի նպատակը մեկն է՝ մոտեցնել հայ զինվորին ու զորականին փրկության իր ակունքներին՝ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքին: Ահավասիկ, անհրաժեշտություն մշտապես եղել է, եւ հայ հոգեւորականները դեռեւս կառույցի ստեղծումից առաջ եղել են Հայոց բանակի ու զորականի կողքին (սրա ակներեւ օրինակները կարող ենք տեսնել արցախյան հերոսամարտի տարիներին):
– Արդյոք հայոց բանակում կա՞ն հոգեւորականներ, որոնք ամենօրյա աշխատանք են կատարում զինծառայողների շրջանում, եթե կան, ի՞նչ սկզբունքով են նրանք ընտրվում:
– Բանակում այսօր 40-ից ավելի հոգեւորականներ իրենց ծառայությունն են բերում սահմանային, ուսումնական զորամասերում եւ զորամիավորումներում. նրանք ընտրվում են առանց որեւէ հատուկ սկզբունքի:
– Բանակը ունի Հոգեւոր Առաջնորդ, դա զուտ պաշտո՞ն է՝ դրանից բխող բոլոր առավելություններով, թե՞ իրոք Հոգեւոր Առաջնորդը կոնկրետ աշխատանքային ծրագիր ունի, որը իրականացնում է եւ նորակոչիկների, եւ արդեն ստաժով զինծառայողների, եւ ինչու ոչ՝ հրամանատարների շրջանում:
– Այո, բանակը ունի Հոգեւոր Առաջնորդ, որը համակարգում է հոգեւոր սպասավորների ծառայությունը եւ դրանից բխող բոլոր այլ խնդիրները: Ամեն տարի մշակվում է միջոցառումների եւ հոգեւոր դասընթացների ծրագիր, որով առաջնորդվում են սպասավորները: Եվ սրա մեջ ընդգրկված է նաեւ նորակոչիկների եւ սպայական կազմի հետ տարվող աշխատանքների պլան:
– Իսկ ինչպե՞ս են զինվորները վերաբերվում հոգեւորականներին՝ լրջությա՞մբ, թե՞ մի տեսակ հումորով, լինո՞ւմ են դեպքեր, երբ հոգեւորականները բանակում արդյունքների են հասնում այս կամ այն հրամանատարին կամ զինվորին ճիշտ ուղու վրա դնելու գործում:
– Կախում ունի զինվորի հոգեւոր դաստիարակությունից: Բացառություններ լինում են՝ վատ իմաստով, բայց կարճաժամկետ աշխատանքից հետո փոխվում է վերաբերմունքը: Եթե արդյունքի չհասնենք մեր ծառայության մեջ, ապա զուր են ջանքերը: Այո, մշտապես դրական արդյունքներ գրանցվում են. եթե կա աշխատանք, կա նվիրում, ուրեմն բարի պտուղները սարերի ետեւում չեն:
– Լինո՞ւմ են դեպքեր, երբ ծառայողը այլ կրոն է պաշտում կամ՝ այլ աստվածների, արդյոք մեր հոգեւորականները չե՞ն ճնշում այդպիսիներին:
– Այսօր, ցավոք, ծառայության եկած զինվորների մեջ կան նաեւ տարբեր աղանդավորներ: Մեր սպասավորները ոչ թե ճնշում, այլ փորձում են դարձի բերել այդպիսիներին: Անցնող տարեվերջին մի քանի աղանդավորներ դարձի են եկել շնորհիվ մեր հոգեւորականների նվիրյալ ծառայության՝ մկրտվելով մեր Սուրբ Եկեղեցում:
– Արդյոք հրամանատարները չե՞ն ճնշում այն զինվորներին, որոնք հոգեւորականների հետ հաճախակի շփումների կարիք ունեն եւ հայտնում են այդ մասին:
– Հրամանատարների հետ մենք համագործակցում ենք, ու ճիշտ հակառակը՝ շատ անգամ նրանք են տեղեկացնում այս կամ այն անձի հետ հոգեւոր զրույցի անցկացման անհրաժեշտության մասին, որովհետեւ հոգեւորականի հետ շփումից հետո մեծապես փոխվում է նրանց ընթացքը: Նշելի է նաեւ այն հանգամանքը, որ տարբեր զորամասի հրամանատարներ իրենք են ցանկություն հայտնում եւ դիմում Հոգեւոր Առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ հոգեւոր սպասավոր ունենալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել