Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխան փորձել էր կախվել

Հունվար 19,2011 00:00

Նա կրկնօրինակել էր սերիալի հերոսին

Երեկ «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանն ու ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը: Բանախոսներին առաջարկվել էր խոսել հեռուստաեթերում հայկական կինոյի սակավության եւ ցուցադրվող ֆիլմերի թողած ազդեցության մասին:

Պարոն Գեւորգյանն ասուլիսի հենց սկզբից ասաց, որ առաջարկված թեմայի շուրջ ճիշտ կլիներ խոսել որեւէ հեռուստաընկերության ներկայացուցչի ներկայության դեպքում, ինչը ասուլիսին ապահովված չէր: Ասուլիսի կազմակերպիչները նշեցին, որ նախապես զրուցել են հեռուստաընկերությունների տնօրենների հետ, սակայն վերջիններս մերժել են ասուլիսի հրավերը:

Հայկական կինոյի քիչ ցուցադրվելը տեղական հեռուստաալիքներով, ըստ Գ. Գեւորգյանի, տարբեր պատճառներ ունի. «Մեկն այն է, որ այսօր Հայաստանում քիչ ֆիլմեր են նկարահանվում: Բնականաբար, տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ ցուցադրված ֆիլմը չի կարող լինել երեւացող»:

Գ. Գեւորգյանը նաեւ նշեց, որ այսօր Ազգային կինոկենտրոնը ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս գովազդի հայկական արտադրության ֆիլմերը: Արդեն հասցրել են մի շարք հեռուստաընկերությունների հետ պայմանագրեր կնքել:

«Բոլոր ֆիլմերը, որոնք արտադրվում են Հայաստանում, ցուցադրվում են Ազգային հեռուստատեսությամբ: Հունվարի 1-ից Հանրայինի եթերում հայտնվել է նաեւ «Գժուկներ» մանկական ծրագրերի շարքը»,- ընդգծեց Գեւորգ Գեւորգյանն ու ավելացրեց, որ հեռուստաընկերություն-կինոարտադրող կապը պետք է լինի փոխշահավետ: Աշխարհում ամեն տեղ կինոարտադրող կառույցները արտադրում են, իսկ հեռուստաընկերությունները նրանցից ֆիլմեր են գնում: Մինչդեռ Հայաստանում, ըստ Գեւորգյանի, պատկերն այլ է:

«Կինոկենտրոնի «Կինոաշուն» հայկական կինոյի ամիսը հաջողություններ է գրանցել: Կապեր ենք հաստատում նաեւ մարզերում»,- փաստեց կինոկենտրոնի տնօրենը:

Ասուլիսին ներկա հոգեբանն էլ անդրադարձավ հեռուստասերիալներին: Ըստ Խ. Գասպարյանի, սերիալի դրական ազդեցություններից մեկն այն է, որ մարդը հայտնվում է ուրիշ իրականության մեջ, որտեղ իր սեփական խնդիրները փորձում է մոռացության տալ: Անդրադառնալով հայկական արտադրության «օճառային օպերաներին», հոգեբանն ասաց. «Հստակ կարող եմ ասել, որ հայկական արտադրության որոշ սերիալներ բացասաբար են անդրադառնում հատկապես երիտասարդ սերնդի դաստիարակության վրա: Սերիալներից պատանիները որդեգրում են վարքի այնպիսի ձեւեր, որոնք հասարակության համար չարիք են, օրինակ՝ հաշվեհարդարը, «ռազբորկայի» ոճով հարաբերություններ պարզելը»:

Հոգեբանը սերիալների հետ կապված իր պրակտիկայից դեպք հիշեց. «Ինը տարեկան երեխայի ինքնասպանության փորձի պատճառը սերիալներից մեկն էր. այդ սերիալի հերոսը կախել էր իրեն: Բարեբախտաբար, երեխան փրկվել էր…»:

Հոգեբանը այն կարծիքին է, որ հեռուստաընկերությունները պարտավոր են հատուկ ժամերի սերիալներ ցուցադրել: Ըստ Խ. Գասպարյանի, ծնողը եւս պետք է հետեւի երեխայի հեռուստատեսային «նախասիրություններին», խոցելի խմբում են հատկապես ավագ դպրոցի սաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել