Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ 5 ՏՈԿՈՍԸ ԱՐՎԱՍԵՐ Է

Հունվար 19,2011 00:00

\"\"Արվասիրության առաջացման պատճառը գիտությանը դեռեւս անհայտ է

«Վերջերս սկսել են ավելի ու ավելի հաճախ խոսել սեռական փոքրամասնությունների եւ արվամոլության մասին: Խնդրում եմ ներկայացնել, թե ի՞նչ երեւույթներ են դրանք»: «Առավոտի» հարցին պատասխանում է մասնագետը:

«Սեռական փոքրամասնություն» ասելով հասկանում ենք սեռական ոլորտի շեղում ունեցող մարդկանց, ովքեր ունեն հոգեսեռական կողմնորոշման աղավաղումներ: Դրանք են արվամոլները, իգամոլները, բիսեքսուալները, տրանսվեստիտները, սադիստները, մազոխիստները եւ այլն:

Արվամոլությունը տղամարդու հոգեսեռական ոլորտի շեղում հանդիսացող եւ կյանքի ընթացքում շտկման կամ բուժման չենթարկվող վիճակ է: Սրա էությունը այն է, որ տղամարդը, հանդես գալով կնոջ դերում, սեռական կապի մեջ է լինում մեկ այլ տղամարդու հետ: Ընդհանրապես այս երեւույթը ավելի ճիշտ է կոչել արվասիրություն, քանի որ սրա ժամանակ բացակայում է «մոլուցքի» տարրը, եւ տղամարդու մարմնի մեջ, ի դժբախտություն նրա, որպես բնության չար խաղ դրված է լինում կնոջ հոգի: Արվասիրության առաջացման պատճառը գիտությանն անհայտ է: Կան այդ երեւույթի առաջացման բազմաթիվ գիտական տեսություններ՝ նեյրո-էնդոկրին, էնդոկրին, ժառանգաբանական եւ այլն: Այն չի կարելի բացատրել սխալ դաստիարակությամբ, վատ շրջապատով եւ այլն: Այս երեւույթը մարդկության չափ հին է: Այն եղել է բոլոր դարերում ու բոլոր երկրներում: Որոշ երկրներում այն խրախուսվել ու գովերգվել է, որոշներում պարսավվել ու պատժվել: Նունն է վիճակը եւ այսօր: Այն երկրներում, ուր արվասիրությունը օրենքով արգելված է եւ նրանց նկատմամբ կիրառվում են խստագույն պատիժներ, նրանք գործում են ընդհատակում, եւ այդ երկրներում հնարավոր չէ պարզել արվասերների իրական թիվը, իսկ այն երկրներում, ուր նման մարդկանց նկատմամբ չկան արգելող օրենքներ եւ հասարակությունը այդպիսի մարդկանց վերաբերվում է որպես հասարակության լիիրավ անդամների, նրանց թիվը մոտենում է իրականին: Ըստ գիտնականների հաշվումների, երկրագնդի տղամարդ բնակչության մոտավորապես 5 տոկոսը «տառապում» է արվասիրությամբ: Արվասերները սովորաբար իրենց չեն համարում հիվանդ մարդիկ, սակայն նրանց մոտ հաճախ առաջանում են ծանր հոգեկան ճգնաժամեր (դեպրեսիա)՝ կապված հասարակության կողմից մերժված, խորթ կամ անառակ զավակ լինելու գիտակցումից, ինչի հետեւանքով նրանք ստիպված են լինում լավագույն դեպքում արտագաղթել, վատագույն դեպքում՝ ինքնասպան լինել: Արվասիրության «փոխարինական» ձեւերը հանդիպում են այնպիսի վայրերում (կալանավայր, բանակ, հոգեբուժարան), ուր տղամարդիկ տեւականորեն զրկված լինելով կանանց հետ հանդիպելու հնարավորությունից, որպես կին ստիպողաբար «օգտագործում» են իրենց միջի թույլերին, խեղճերին, սակավամիտներին եւ այլն: Վերջին տարիներին, մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներից ելնելով, բազմաթիվ երկրներում արագորեն փոխվում է վերաբերմունքը նման մարդկանց նկատմամբ: Նրանց թույլատրվում է ունենալ կազմակերպություններ, ակումբներ, պարբերականներ, իրագործել համասեռական ամուսնություն, անատոմիական եւ իրավաբանական սեռի փոփոխում, երեխայի որդեգրում եւ այլն:

Եվ ահա, Եվրամիության անդամ դառնալու համար Հայաստանի առջեւ դրված բազմաթիվ պայմաններից մեկն էլ հանդիսանում էր սեռական փոքրամասնությունների, մասնավորապես՝ արվասերների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքից 116 հոդվածը (մինչեւ 5 տարի ազատազրկում) հանելը եւ նրանց նկատմամբ լիակատար մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելը, ինչը եւ արվեց 2003 թվականին:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել