Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՊԻՆԳ. ԴԱՐԻ ԱՌԵՂԾՎԱԾ»

Հունվար 19,2011 00:00

\"\"Այսպես է կոչվում Հայաստանի սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության նկարահանած ֆիլմը, որը շուտով կներկայացվի հանրությանը:

Դժվար է գերագնահատել ֆիլմի դերը ժամանակակից համաշխարհային սպորտում (եւ ոչ միայն) մեծագույն չարիք հանդիսացող դոպինգի դեմ պայքարի գործում: Առավել եւս, որ այն ստեղծվել է կենտրոնի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Սպորտում դոպինգն արմատախիլ անելու հիմնադրամի» հայտարարած մրցույթին ներկայացրած «Հայաստանում ազգային հակադոպինգային ուսուցողական ծրագրի զարգացումն ու կիրառումը» նախագիծը հաղթողների շարքում դասվելու եւ $20 հազար դրամաշնորհի արժանանալու շնորհիվ: Հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը «Առավոտին» տված հարցազրույցում նշեց, որ ներկայացված ծրագրի հիմնախնդիրներից մեկն էլ դոպինգի օգտագործման վտանգի մասին ուսուցողական-փաստագրական ֆիլմ նկարահանելն է եղել:

– Պարզվում է, որ Հայաստանում նմանատիպ ֆիլմ նկարելու համար անհրաժեշտ նյութ կա՞:

– Ռեժիսոր Կարեն Սահակյանի հետ ստեղծած ֆիլմի հիմնական կորիզը Հայաստանի հակադոպինգային կազմակերպության կատարած աշխատանքն է, ինչը հատկապես վերջին տարիներին լավագույններից մեկն է համարվում Արեւելյան Եվրոպայում: Օգտագործվել են նաեւ դրվագներ՝ BBC-ի եւ Ռուսաստանում նկարահանված երկու ֆիլմերից:

– Դոպինգ ասածը շատ ընդգրկուն հասկացություն է: Կարճ չե՞ք ներկայացնի բովանդակությունը:

– Դժվար բան եք ասում: Պետք է ֆիլմը դիտել: Բայց փորձեմ հակիրճ ներկայացնել: Պատմվում է արգելված միջոց դոպինգի օգտագործման պատմության մասին, որը պաշտոնապես թվագրվում է 1896 թվականով, իսկ առաջին որակազրկումը եղել է 1968-ին՝ Մեխիկոյի օլիմպիական խաղերի ժամանակ: Մանրամասն ու կոնկրետ փաստական օրինակներով բացատրվում է արգելված նյութերի եւ դրանց թողած կողմնակի կարճաժամկետ եւ ավելի ուշ ապագայի հետեւանքների մասին: Մարզաշխարհի, հատկապես մեր գործիչներն իրազեկվում են նաեւ արգելված նյութերի ցուցակներում կատարված վերջին փոփոխությունների մասին, ինչն անչափ կարեւոր ենք համարում: Մասնավորապես, կազմվել է մի նոր դաս, ըստ որի, եթե մարզիկից վերցված փորձանմուշում հայտնաբերվում է այնպիսի նյութ, որը ոչ մի երկրում որպես դեղամիջոց գրանցված չէ, դրա օգտագործումը եւս որպես կանոնների խախտում է գնահատվում: Այդ նոր դասի ստեղծման պատճառ եղել է այն, որ 2009/2010 թվականներին շատ դեպքեր են գրանցվել, երբ մարզիկներն օգտագործել են նյութեր, որոնք դեռ կլինիկական փորձարկման փուլում են եղել: Սա շատ վտանգավոր երեւույթ է, քանի որ դեռ պարզ չէ, թե դրանք հետագայում ի՞նչ հետեւանքներ կարող են թողնել:

– Ասացիք, որ ֆիլմում կոնկրետ օրինակներ են ցուցադրվում, որոնք կատարվել են դոպինգ օգտագործած մարզիկների հետ:

– Այո: Օրինակ, ԳԴՀ-ից գնդահրորդուհի, Եվրոպայի չեմպիոն Ինգրիդ Կրյուգերը ժամանակին այնքան է դոպինգ օգտագործել, որ հետագայում հարկադրված վիրահատվել է եւ սեռը փոխել: Դրվագներ կան նաեւ Մոսկվայի «Սպարտակի» հետ կապված, երբ ժամանակին ամբողջ թիմը, ինչպես ասում են, նստած էր դոպինգի վրա: Ֆիլմում անգամ դրվագներ կան ԽՍՀՄ վարչապետ Ալեքսեյ Կոսիգինի այն որոշման մասին, որով նա առաջարկում էր Մոսկվայի օլիմպիական խաղերին ընդառաջ՝ խորհրդային մարզիկների համար նոր դոպինգ ստեղծել: Հետաքրքիր պատմություն կա նաեւ ոչ վաղ անցյալում Չինաստանի լողորդների թիմի մասին: Քանի որ Եվրոպայի դոպինգ սպաները չինացիներին միմյանցից չէին կարողանում տարբերել, պատահական, այն էլ Ճապոնիայում անցկացված Ասիական խաղերի ժամանակ պարզվել է, որ դոպինգ օգտագործած մարզիկների փոխարեն փորձանմուշ տվել են ուրիշները: Միայն դրանից հետո Չինաստանում մեծ ներդրումներով խիստ պայքար սկսվեց դոպինգի դեմ: Ֆիլմում կանադացի անվանի դահուկավազորդուհիներից մեկը պատմում է, որ իր երեխան դեմքով ճանաչում է դոպինգ սպային, որովհետեւ նա իրենից գրեթե ամեն շաբաթ փորձանմուշ է վերցնում: Հուրախություն՝ ասեմ, որ հիմա գրեթե նույն բանը կատարվում է նաեւ մեզ մոտ: Օրինակ, միայն աշխարհի չեմպիոն, ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին մենք անցած տարի չորս անգամ ստուգել ենք: Ընդ որում, մեր հավաքականների մյուս անդամներն են մեզ խնդրում, որ դոպինգ ստուգում անցկացնենք: Կամ ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որ Պրահայում ինքն է դոպինգ սպաներին դիմել՝ խնդրելով, որ իրեն էլ ստուգեն:

– Խոսեցիք ԽՍՀՄ-ի դարաշրջանում դոպինգ օգտագործելու մասին: Այն ժամանակ Հայաստանի մարզիկներն էլ ԽՍՀՄ հավաքականի կազմում բազմաթիվ հաղթանակներ են տարել: Նրանք է՞լ են դոպինգ օգտագործել:

– Հարցը շատ կտրուկ դրեցիք: Եվ քանի որ կոնկրետ ապացույց չկա, միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Օրինակ, ֆիլմում օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը խոստովանում է, որ իրենք չգիտեին, թե ի՞նչ են ընդունում: ԽՍՀՄ-ում, ԳԴՀ-ում, Բուլղարիայում բժիշկն էր որոշում, թե ում՝ երբ եւ ինչ պետք է տալ ու… սերտորեն համագործակցում էր հակադոպինգային կազմակերպության հետ: Եվ զարմանալի չէ, որ ԽՍՀՄ փլուզումից շատ չանցած Մոսկվայի հակադոպինգային կենտրոնի ղեկավարին հեռացրին պաշտոնից: Մի կարեւոր բան էլ ասեմ, որ օգտակար կլինի թե մեր սկսնակ կամ երիտասարդ մարզիկներին, թե ընթերցողներին: Հիմա դոպինգ համարվում են նաեւ այն պրեպարատները, որոնք օգտագործվում են ոչ բուժական նպատակներով եւ մեծ չափաբաժիններով, ինչին ոչ մի նորմալ մարդ չի գնա եւ ոչ մի նորմալ բժիշկ չի նշանակի: Օրինակ, ակտովեգինը, որը երբեք դոպինգ չի համարվել: Բայց օրերս ռուսաստանցի բիաթլոնիստ Նիկոլայ Պանկրատովը որակազրկվեց երկու տարով՝ այն բանի համար, որ մոտը 22 սրվակ ակտովեգին կար: Հասկանալի է, որ նորմալ մարդը բուժման նպատակով այդպիսի չափաբաժնով այդ դեղը չէր օգտագործի:

– Ֆիլմը միայն ներքի՞ն օգտագործման համար է, թե՞ այլ երկրներում էլ է ցուցադրվելու:

– Թող անհամեստ չհնչի, բայց Արեւելյան Եվրոպայի երկրներում ֆիլմը դիտած բոլոր մասնագետները, թեեւ այն առայժմ միայն հայերեն է, գերազանց գնահատական են տվել: Հիմա ՀԱՕԿ-ը պատրաստակամություն է հայտնել այն անգլերեն թարգմանելու համար միջոցներ հատկացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել