Կամ նորին մեծություն Բախը՝ խաչատրյանական տրիոյի մատուցմամբ
Հունվարի 21-22-23 -ին «Արամ Խաչատրյան» տրիոն, որի կազմում են ջութակահար Կարեն Շահգալդյանը, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն ու թավջութակահար Կարեն Քոչարյանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտական տանը հանդես կգա «Բախի երեկոներ» համերգային շարքով: «Առավոտի» հետ զրույցում ջութակահար Կ. Շահգալդյանն ասաց, որ այս երեկոները նվիրում են գերմանացի մեծանուն կոմպոզիտոր Իոհան Սեբաստիան Բախի ծննդյան 325-ամյակին: Համերգների ընթացքում կհնչեն կոմպոզիտորի այն երկերը, որոնք լայն հանրությանը ծանոթ չեն կամ շատ քիչ են կատարվում: Կ. Շահգալդյանը նշեց, որ Բախի հանդեպ միշտ երկյուղածություն է ունեցել եւ անձամբ ինքը շատ գործեր մինչ այսօր չի էլ համարձակվել կատարել: Զրուցակիցս ընդգծում է, որ Բախի երաժշտությունը այլ է, նրա մեջ շատ փիլիսոփայություն կա:
Բախյան համերգներից առաջինը, Կ. Շահգալդյանի փոխանցմամբ, կանցնի մոմերի լույսի ներքո, ինչը դահլիճում համապատասխան տրամադրություն կստեղծի: Կ. Շահգալդյանը կարծում է, որ Բախի երաժշտությունը մեդիտացիոն ազդեցություն ունի, եւ այն հոգեբանական հավասարակշռություն կարող է բերել մարդուն, թարմացնել:
Ջութակահարը տեղեկացրեց, որ տրիոն համերգին մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել: Անգամ մասնագիտական վեճեր են ունեցել՝ նոտայի տեւողության, ձայնի հնչողության եւ այլնի հետ կապված: Կ. Շահգալդյանը հավելում է, որ համերգին նախապատրաստվելիս համապատասխան գրականություն է ընթերցել եւ իր համար նորովի բացահայտել նորին մեծություն Բախին: Մուտքը համերգներին, ինչպես միշտ, կլինի ազատ:
Կ. Շահգալդյանը փաստեց, որ 2011-ի սկիզբը տրիոյի համար գերլարված էր՝ փորձեր, վարպետության դասեր, ձայնասկավառակ: Վերջինս կտպագրվի Մոսկվայում, եւ հավանաբար գարնանը տեղի կունենա շնորհանդեսը: «Ձայնասկավառակը բաղկացած է միայն օրորոցայիններից: Այն ինքնատիպ նվեր է բոլոր փոքրիկների, հատկապես իմ երկու բալիկների համար»,- պատմում է ջութակահարը: Օրինակ, իր որդին՝ Մարկը, անուշ քուն է մտնում այդ ստեղծագործությունների հնչյունների ներքո: Ձայնասկավառակում տեղ են գտել նաեւ հայ կոմպոզիտորների օրորոցայիններ՝ Կոմիտաս, Կանաչյան եւ այլն:
Խոսելով «Արամ Խաչատրյան» տրիոյի գործունեության մասին, Կ. Շահգալդյանը ընդգծեց, որ բացի լուսավորչական ու մարզային գործունեությունից, տրիոն աջակցում է նաեւ երիտասարդ շնորհալի երաժիշտներին: Հիմնել են, այսպես կոչված, «Երաժշտական անակնկալ» սրահը: Հունվարի 17-ին Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում կայացել է համերգ, որտեղ ցանկացողներին հնարավորություն է տրվել նվագել երաժիշտներից մեկի հետ:
Նախագիծը հետաքրքրություն է առաջացրել երիտասարդության շրջանում՝ տրիոյի հետ հանդես գալ ցանկացողների թիվը հասել է 30-ի:
Ջութակահարը ցավով ասաց, որ մարզերում գրեթե չկան թավջութակ նվագողներ, մյուս կողմից էլ՝ դասական երաժշտության հանդեպ մարզաբնակ երիտասարդների հետաքրքրությունը հուսադրող է: