Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական «Եվրատեսիլը» կկայանա Հայաստանում

Հունվար 19,2011 00:00

Մեր երկիրը պատրաստ է հյուրընկալել մեծամասշտաբ այս շոուն

Մանկական «Եվրատեսիլը» «գալիս» է Հայաստան: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին մանկական «Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Հայաստանի հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը:

Գ. Գասպարյանի փոխանցմամբ, մանկական «Եվրատեսիլ 2011» միջազգային երգի մրցույթի օրն ու անցկացման վայրն արդեն որոշված է. «Մրցույթը կայանալու է դեկտեմբերի 3-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում»: Պատվիրակության ղեկավարի խոսքով, Հայաստանի առաջարկած պայմանները հավանության են արժանացել Եվրոպական հեռարձակողների միության կողմից եւ որոշումը կանգ է առել Հայաստանի վրա: Մի քանի երկիր են հայտ ներկայացրել մրցույթն իրենց երկրում հյուրընկալելու համար, մրցույթի արդյունքում հաղթել է Հայաստանը:

Գ. Գասպարյանի ասելով. «Երկար բանակցություններից եւ քննարկումներից հետո վերջերս «Էյջ-Դի Ռիսորսերս» շվեդական ընկերության կողմից մասնագետներ այցելեցին Հայաստան՝ ուսումնասիրելու մեր առաջարկած պայմաններն ու տարածքը, որտեղ պետք է անցկացվի մանկական «Եվրատեսիլը»: Մասնագետներն ուղղակի հիացել են մեր մարզահամերգային համալիրով, պայմաններով, տեխնիկական բազայով: Այսինքն՝ ըստ նրանց, մենք ամեն ինչով պատրաստ ենք հյուրընկալելու այդ մասշտաբային մրցույթը»: Պատվիրակության ղեկավարը նաեւ նշեց, որ շվեդ մասնագետներն իրենց խոսքում ասել են, թե Հայաստանը ընտրել են որպես կազմակերպիչ երկիր ոչ թե նրա համար, որ նախորդ մրցույթում մեր երկիրն է հաղթել մանկական «Եվրատեսլիում», այլ՝ որ ունենք շատ լավ պայմաններ:

Ա. Հարությունյանը հայտնեց, որ ամեն ինչ արվելու է՝ շքեղ շոու ապահովելու համար. «Ամեն գնով փորձելու ենք չզիջել նախորդ տարիների կազմակերպիչ երկրներին, մասնավորապես՝ Մինսկին: Ունենք համապատասխան ամեն ինչ, մնում է միայն պետության աջակցությունն ունենանք: Հանրապետության նախագահի աջակցությունն արդեն ունենք»:

Հարցին՝ եթե Ադրբեջանն այս տարի մասնակցության հայտ ներկայացնի, ինչպիսին կլինի հայկական կողմի արձագանքը, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Նախորդ տարիներին Ադրբեջանը մասնակցության հայտ չի ներկայացրել, սակայն եթե այս տարի որոշի մասնակցել, միայն ուրախ կլինենք»:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գ. Բունիաթյանի հավաստմամբ՝ մանկական «Եվրատեսիլի» ընդհանուր բյուջեն պարզ կլինի միայն մրցույթից հետո, սակայն միջոցներ արդեն կան. «Մրցույթի կազմակերպման համար միջոցների մի մասը տրամադրելու է Եվրոպական հեռարձակողների միությունը, մնացած մասի համար կներգրավվեն տեղական միջոցները: Սովորաբար մանկական «Եվրատեսիլին մասնակցում են 18-20 երկրների ներկայացուցիչներ: Այդքանը բազմապատկելով ավելի քան 30-40 անդամանոց պատվիրակություններով, եւ տուրիստներով, ակնկալում ենք մեծ քանակությամբ հյուրեր այդ օրերի ընթացքում»:

Գ. Գասպարյանի խոսքով՝ Հայաստանում անցկացվելիք մանկական «Եվրատեսիլի» պրոդյուսերը լինելու է շվեդ մասնագետ Բոու Ալբերգը: Նա հույս հայտնեց, որ Հայաստանում մրցույթն անցկացնելու լուրը Դյուսերդորֆում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթում դրական ազդեցություն կունենա մեր երկրի վարկանիշի համար. «Սա օգտակար է Էմմիի համար, քանի որ հաճախ կշրջանառվի մեր երկրի անունը: Մենք Էմմիից էլ միայն հաղթանակ ենք սպասում»:

Ի դեպ, պարզ է դարձել, որ մայիսի 10-ին կայանալիք «մեծերի» «Եվրատեսիլ 2011»-ում Հայաստանը հանդես կգա առաջին կիսաեզրափակչում: «Ըստ վիճակահանության՝ մեզ հետ առաջին կիսաեզրափակչում հանդես են գալու Ալբանիայի, Ֆինլանդիայի, Վրաստանի, Լեհաստանի, Սերբիայի, Թուրքիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իսլանդիայի, Լիտվայի, Մալթայի, Պորտուգալիայի եւ Սան Մարինոյի ներկայացուցիչները: Այդ օրը քվեարկելու իրավունք կունենան նաեւ մեծ հնգյակի երկրներից Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան»,- տեղեկացրեց Գ. Գասպարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել