Մարկ Քիշոցին ցանկություն է հայտնել Հայաստանում ղեկավարել Վերդիի գլուխգործոցը
Անցյալ տարեվերջին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Վերդիի «Աիդա» օպերայի բեմադրությամբ սկսված հայ-իտալական մշակութային բարեկամության հաղթարշավը շարունակվում է նաեւ Ամանորից հետո: Այդ բարեկամությունը սկիզբ է առել դեռեւս 19-րդ դարի կեսերին, երբ Վերդին արեւելյան մեղեդային առանձնահատկությանը ծանոթանալու նպատակով եղել էր Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության վարժարանում: Իտալացի ճանաչված բեմադրիչ Մարիո Կորրադիի երեւանյան «Աիդայի» առաջին բեմելից հետո, որտեղ հանդես եկավ հայտնի սոպրանո Հասմիկ Պապյանը, այդ կերպարը մարմնավորեցին նաեւ մեր օպերային թատրոնի առաջնակարգ երգչուհիներ Մարինե Դեինյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը: Ռադամեսի կերպարով հանդես եկած վրաց երգիչ Ջորջիո Օնիանիին հաջորդեցին Սարգիս Աղամալյանի, Ռուբեն Նուրիջանյանի կատարումները: Քրիստինե Սահակյանն ու Գոհար Ազիզյանը մարմնավորեցին Ամներիսին, տպավորիչ էր Հայկ Տիգրանյանի Ամֆիսը: Դիրիժորական վահանակի մոտ հանդիպեցինք թատրոնի գլխավոր դիրիժոր, ներկայացման բեմադրող դիրիժոր Կարեն Դուրգարյանին, դիրիժորներ Յուրի Դավթյանին եւ Հարություն Արզումանյանին: Վերջինիս ներդրումը այս ներկայացման մեջ նշանակալի է: Հիշեցնենք, որ «Առավոտի» հետ զրույցում իտալացի բեմադրիչն ու լուսային ռեժիսոր Անդրեա Բորելլին հիացական են արտահայտվել թատրոնի երգչախմբի հասցեին (գլխավոր խորմայստեր՝ Կարեն Սարգսյան):
Հերթական «Աիդան», որ նշանակված է հունվարի 23-ին, ղեկավարելու է շվեյցարացի ճանաչված դիրիժոր Մարկ Քիշոցին: Արվեստագետի հետ զրույցում պարզեցինք, որ նա բավարար չափով ծանոթ է մեր մշակույթին, ցանկություն է հայտնել լինելու Մատենադարանում, Ազգային պատկերասրահում եւ Եղեռնի զոհերի հուշահամալիրում: Դիրիժորի խոսքերով՝ դրանում իրեն օգնել են աշխարհով մեկ սփռված հայազգի երաժիշտները, հատկապես՝ ֆրանսաբնակ ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանը եւ նրա քույրը՝ թավջութակահարուհի Աստղիկը, շվեյցարաբնակ կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը: Առաջին անգամ Հայաստան այցելած դիրիժորից հետաքրքրվեցինք՝ նախընտրում է սիմֆոնի՞կ, թե՞ օպերային արվեստը: «Շուրջ 20 օպերային ներկայացման բեմադրող դիրիժոր եմ, ղեկավարել եմ եվրոպական եւ ամերիկյան ճանաչված թատրոններում ընթացող օպերային արվեստի գլուխգործոցներ, այդ թվում՝ «Աիդան»: Երբեմն ինձ թվում է այդ «պաշտոնում» եմ ի ծնե…»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նա հավելեց նաեւ, որ Երեւանի օպերային թատրոնի մասին առաջինը լսել է Ցյուրիխի ակադեմիայի իր ուսանողներից՝ Հայաստանում ուսում առած, այժմ Շվեյցարիայում վերապատրաստվող երաժիշտներ, ֆագոտահար Շմավոն Գրիգորյանից եւ կլառնետահար Գուրգեն Կակոյանից, ապա ինտերներտի միջոցով հիացել օպերային թատրոնի շենքի անկրկնելի ճարտարապետությամբ: «Շմավոնից հետաքրքրվեցի Երեւանի թատրոնի խաղացանկով: Անկեղծ ասած՝ ցանկություն առաջացավ այստեղ ղեկավարել «Տրավիատան», սակայն երբ ուսանողս տեղեկացրեց, որ անցյալ տարեվերջին բեմադրվել է նաեւ «Աիդա», իսկույն կապվեցի թատրոնի տնօրինության հետ եւ հայտնեցի Երեւանում հանդես գալու պատրաստակամությունս: Կարծում եմ, գիտեք՝ ինչ է ցանկացած թատրոնում ունենալ «Աիդա»,- ընդգծեց Քիշոցին: Ասաց նաեւ, որ երեւանյան ներկայացմանը ծանոթացել է տեսագրության միջոցով. «Լսելով կատարումները, հիացա, ավելին՝ զարմացա, որ հանձին Երեւանի կոնսերվատորիայի՝ ունեք բազմապրոֆիլ ու բարձրակարգ երաժշտական ակադեմիա: Դժվար թե աշխարհում տեսնես որեւէ օպերային ներկայացում, որտեղ բոլորը՝ երգչախումբը, նվագախումբը, մեներգիչները մի ազգից են»: Հեռակա ծանոթ լինելով հայերիս, կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրվեցինք, թե տեսնելուց հետո ի՞նչ տպավորություն ունի, Մ. Քիշոցին ժպտալով ասաց. «Ունեք ամեն ինչ, սկսած գեղեցիկ կանանցից՝ մինչեւ…»: