Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ՇԱՆՍԵՐՆ ՈՒՆԻ

Հունվար 19,2011 00:00

2010-ի տարեվերջին Թուրքիայում անցկացված եւ անցած կիրակի օրը հրապարակված հարցախույզի արդյունքների համաձայն, ընտրողների 46%-ն այսօր սատարում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը։

«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այսպիսին է Haber օրաթերթի պատվերով Թուրքիայում «Կոնսենսուս» ընկերության կողմից անցկացված հարցախույզի արդյունքը: Reuters-ը նշում է, որ Թուրքիայում այս տարվա հունիսի 12-ին նշանակված են համընդհանուր ընտրություններ։ Հարցախույզի արդյունքների համաձայն, եթե դրանք տեղի ունենային այսօր, ապա «Արդարություն եւ զարգացումը» երրորդ անգամ անընդմեջ կհաղթեր։ Կուսակցությունը, որը 2002-ից իշխում է Թուրքիայում եւ հաճախ համեմատվում է եվրոպական երկրներում գործող քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունների հետ, 2007-ին տեղի ունեցած վերջին ընտրություններում հաղթել է՝ հավաքելով քվեների 47%-ը։

Վերլուծաբանների համոզմամբ, այդ կուսակցության շնորհիվ է Թուրքիան հաղթահարել 2000-2001թթ. տնտեսական ճգնաժամը եւ աննախադեպ աճ ապահովել։ Ինչ-որ առումով հենց այդ հանգամանքի բերումով են Թուրքիայում շատերը սկսել անտարբերություն դրսեւորել Եվրոպական միությանն անդամակցելու գաղափարի նկատմամբ, թեեւ Եվրամիությանը անդամակցությունը Ռեջեփ Էրդողանի առաջնորդած կուսակցության ծրագրային ամենասկզբունքային նպատակներից է։ 2005-ին, երբ պաշտոնական Անկարան նոր էր սկսել բանակցությունները Բրյուսելի հետ, թուրքերի մեծ մասը ողջունել է Հին աշխարհամասի քաղաքական-տնտեսական առանցքային կազմակերպությանը միանալու հեռանկարը։ Ժամանակի ընթացքում այդ խանդավառությունը նվազել է, քանի որ թուրքերը համոզվել են, որ մինչ Անկարային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ են առաջարկում, ուրիշ երկրներ դառնում են միության անդամներ։ Ընդսմին, Reuters-ը նշում է, որ եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ-ը, միանշանակ կողմ են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն այնպիսի «ծանրքաշայիններ», ինչպիսիք են Ֆրանսիան եւ Գերմանիան, նկատել են տալիս, որ Սիրիայի, Իրաքի եւ Իրանի հետ սահմաններ ունեցող 75 միլիոն բնակչությամբ Թուրքիան մշակութային առումով շատ է տարբերվում Եվրոպայից եւ շատ աղքատ է դաշինքում ընդգրկվելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել