Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկօրյա այցով ժամանել է Մերձավոր Արեւելք: Ռուսաստանի առաջնորդի այցը տարածաշրջան՝ մեկնարկում է պաղեստինյան տարածքներ այցելելով, ուր Մեդվեդեւը բանակցություններ կվարի Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավարի հետ: BBC-ի փոխանցմամբ, սպասվում է, որ ռուս-պաղեստինյան բանակցությունների կենտրոնական թեման կլինեն երկկողմ հարաբերությունները եւ մերձավորարեւելյան կարգավորումը: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն լրագրողներին ասել է, թե խոսքը մասնավորապես Գազայի հատվածի իրավիճակի մասին է:
Մերձավորարեւելյան հակամարտությունը նաեւ Մեդվեդեւի եւ Հորդանանի ղեկավարության միջեւ բանակցությունների գլխավոր թեման կլինի, թեեւ քննարկման առարկա կդառնան նաեւ Իրաքում եւ Լիբանանում ստեղծված իրավիճակն ու էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ Հորդանանում ԱԷԿ-ի կառուցման խնդիրները:
Նախապես ծրագրվել էր, որ Մեդվեդեւն իր տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելի նաեւ Իսրայել, բայց այդ այցը չեղյալ է համարվել Իսրայելի ԱԳՆ աշխատակիցների կողմից հայտարարված գործադուլի պատճառով: Այդ առնչությամբ հունվարի 4-ին Մոսկվա էր զանգել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու ներողություն խնդրել: