Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոյի մուտքը Լեհաստան՝ արգելվեց

Հունվար 19,2011 00:00

\"\"Բելառուսում ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են: Այդ մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի մատուցմամբ, բելառուսական ոստիկանությունը երեքշաբթի օրը կալանավորել է պետության ղեկավարի պաշտոնի եւս մեկ հավակնորդի, որը, ի թիվս իշխանության ընդդիմախոսների, դժգոհ է դեկտեմբերին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներից: Մինչ այդ, դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը ընդդիմության բողոքի հանրահավաքը ցրելուց հետո կալանավորել էր ավելի քան 20 մարդու, այդ թվում՝ նախագահի չորս նախկին թեկնածուների՝ վերջիններիս մեղադրելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու մեջ: Իսկ երեքշաբթի օրը կալանավորվել է գիտական լաբորատորիայի ղեկավար Իվան Կուլիկովը (նկարում), որը նախագահական ընտրություններին չէր մասնակցել իր թեկնածության գրանցման համար անհրաժեշտ բավարար քանակի ստորագրություններ չհավաքելու պատճառով:

«Նա կալանավորվել է, եւ նրա դեմ հետաքննություն է իրականացվում: Քննիչներն առայժմ վկայակոչելով նախաքննության շահերը, ձեռնպահ են մնում մեկնաբանել, թե Կուլիկովը հատկապես ի՞նչ գործով է անցնում»,- այդ մասին Reuters-ին ասել է Մինսկի ոստիկանության աշխատակիցը:

Նախօրեին Բելառուսի ՊԱԿ-ը կալանավորել է նաեւ լեհական «Ռացիա» ռադիոկայանի լրագրող Բորիս Գորեցկիին եւ կանխարգելիչ հաշվառման է առել «Արդար աշխարհ» ձախ կուսակցության առաջնորդ Սերգեյ Կալյակինին: Վերջինիս հայտարարել են, թե նրա գործողությունները դիտարկվել են որպես սպառնալիք Բելառուսի ազգային անվտանգության շահերին:

Բելառուսի ՆԳՆ-ում ասել են, թե դեկտեմբերին Մինսկում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով նախաքննությունը շարունակվում է, եւ արդեն բացահայտվել է դրանց մասնակցած 120 ակտիվիստ: Երկրի ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները ամեն օր հաղորդումներ են տարածում ընդդիմության ակտիվիստների, անկախ լրագրողների եւ իրավապաշտպանների բնակարաններում կատարվող խուզարկությունների, ձերբակալությունների եւ հարցաքննությունների մասին: Կալանավորված ընդդիմադիրների մեծ մասին, արդեն երկու շաբաթ է, թույլ չի տրվում հանդիպել իրենց փաստաբանների եւ հարազատների հետ:

Ընդսմին, եվրոպական երկրներն արդեն կոնկրետ քայլերի են դիմում Բելառուսին պատժելու ուղղությամբ: Այսպես, Լեհաստանն արդեն ընդդիմության նկատմամբ հետապնդումների պատճառով արգելել է Լուկաշենկոյի եւ բելառուս մի շարք պետպաշտոնյաների մուտքը Լեհաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել