Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՂՈՐՄԵԼԻ ԶԲԱՂՄՈՒՆՔ» ԵՎ «ՍԱԴԻՍՏԱԿԱՆ ՀԱՃՈՒՅՔ»

Հունվար 19,2011 00:00

Դարձյալ ԳԱԱ ընտրությունների մասին

«Առավոտը» «Ծերակույտը հաղթեց, լավագույն կադրերը չընտրվեցին» հրապարակմամբ անդրադարձել է ՀՀ գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովին, ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններին: Նշել էինք, որ օրերս կայացած ասուլիսում ԿԳ նախարարը, մեկնաբանելով ակադեմիայի ընտրությունները, ասել էր, թե ամեն ինչ սուբյեկտիվ է Հայաստանում, անձնավորված, եւ ճշմարտությունը դժվար է գտնել անգամ համառ որոնումներից հետո: Նա նաեւ հույս էր հայտնել, որ «ԳԱԱ-ի մասին» օրենքի նախագիծը լրամշակումներից հետո թույլ կտա ակադեմիայի «մասով» այդ հարցը լուծել:

Փաստենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ նոր ընտրված ԳԱԱ անդամների մեծամասնության մասին ոչինչ չկա էլեկտրոնային հանրագիտարաններում՝ Վիքիփեդիաներում եւ արմենափեդիաներում, այսինքն՝ լայն հանրությունը տեղյակ չէ նրանցից ու նրանց գիտական վաստակը կասկած է հարուցում:

«Ակադեմիական» կրքերը դեռ շարունակում են բորբոքված մնալ, որոշ գիտնականներ այն կարծիքին են, թե այս ընտրությունները պետք է չեղյալ հայտարարվեն, կան մարդիկ էլ, որ գերադասում են լռել կամ չեզոք արտահայտվել՝ հավանաբար հաջորդ անգամ ընտրվելու հույսով:

ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը եւս չցանկացավ մեկնաբանել ընտրությունները, ասաց, որ կարծիք կհայտներ, եթե շահագրգիռ կողմ չլիներ: Նա մատնանշելով մամուլի հրապարակումներից մեկը, որտեղ անուններ չեն եղել, բայց ակադեմիայի մասին վերլուծություն է եղել, ասաց, որ այն լիովին արտահայտում է իր կարծիքը: «Եթե մեկնաբանեմ, աբիժնիկություն կդիտվի, իսկ ես նման բաներից հեռու եմ՝ սկսած ԵՊՀ ռեկտորի ընտրություններից, երբ չընտրվեցի…»,- շեշտեց նա: «Առավոտի» հարցին՝ իսկ ԳԱԱ հաջորդ ընտրություններին դարձյալ կառաջադրվի՞, իրավաբանականի դեկանը պատասխանեց. «Եթե նույն մթնոլորտը լինի՝ ոչ»:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, այս էլ որերորդ անգամ պատճառաբանելով զբաղվածությունը, խուսափեց կարծիք հայտնել: Հետո էլ խոստացավ, թե անպայման «հետ կզանգի»:

ՀՀ արտգործնախարարի տեղակալ, պատմաբան եւ դիվանագետ Արման Կիրակոսյանը՝ արձագանքելով մեր նախորդ հրապարակմանը, նամակով հայտնել էր, որ ձեռնպահ է մնում մեկնաբանել ընտրությունները, նաեւ ուղարկել էր իր աշխատությունների ստվար ցանկը:

ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը հեռախոսով փոխանցեց. «Ընտրությունները կայացել են, արդյունքներն էլ հայտնի են: Իմ մրցակցի մասին դրական կարծիքի եմ, մենք վաղեմի ընկերներ ենք: Թե ինչ է եղել մյուս տեղերում՝ տեղյակ չեմ»: Պատրաստվո՞ւմ է հաջորդ անգամ էլ բախտը փորձել: «Երեք տարի կա, դեռ կմտածեմ, այժմ չեմ ցանկանում պահի ազդեցության տակ մեկնաբանություններ անել, երբ ոչինչ հայտնի չէ, չգիտեմ, թե ինչ մթնոլորտ եւ ինչ հավակնորդներ կլինեն»,- հավելեց նա:

ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանը, ի տարբերություն շատ գիտնականների, չի վախենում ԳԱԱ-ի մասին իր կարծիքը բարձրաձայնելուց: «Վտանգավոր է այն իշխող մտայնությունը, որ առաջին հերթին պետք է ընտրել ակադեմիայի աշխատողներին, սա նենգ եւ անբարոյական խտրականություն է, որը ակադեմիայի ղեկավարության համար լծակ է ապահովում՝ մնացած ստորաբաժանումների վրա իշխելու եւ ճնշելու համար: Ընտրությունների ներկա ձեւը, իմ խորին համոզմամբ, սխալ է, երբ ընտրող ակադեմիկոսներից եւ թղթակից անդամներից յուրաքանչյուրը կարող է իր քվեն տալ բոլոր առաջադրված թեկնածուներին կամ՝ մի երկուսին միաժամանակ: Ճիշտն այն կլիներ, որ ընտրողներից յուրաքանչյուրը մեկ մարդու տար քվեն: Այդպիսի կարգը կստիպեր, որ ընտրողներից յուրաքանչյուրը համեմատեր առաջադրված թեկնածուներին միմյանց հետ եւ ընտրեր լավագույնին: Նվաստացուցիչ եւ նսեմացնող է հանձնաժողովի աշխատաոճը, երբ առաջադրվող թեկնածուն իր աշխատանքի գիտական նվաճումների մասին պիտի հաշվետվություն տա: Եթե հանձնաժողովը նախապես այդ մասին չգիտի, ուրեմն ինչի՞ է պետք այն: Ի վերջո, հանձնաժողովի անդամները կարող են երկու անգործ քարտուղարուհիների հանձնարարել նստել համակարգչի առաջ կամ իրենք անձնապես նստեն համակարգչի առաջ եւ համաշխարհային համացանցում փնտրեն առաջադրված թեկնածուի մասին միջազգային ասպարեզում եղած տեղեկություններն ու համոզվեն՝ թեկնածուն որքանո՞վ է ծանոթ աշխարհում եւ ի՞նչ ներդրում ունի միջազգային գիտական շրջանակներում, քանի՞ գիտաժողովի է մասնակցել, ի՞նչ լեզուներով եւ որտե՞ղ է տպագրել իր աշխատությունները: Դժբախտաբար, հանձնաժողովի անդամները եւ առհասարակ ընտրողների մեծ մասը համացանցից եւ համակարգչից չեն օգտվում եւ աշխատանքի նոր ձեւերը որդեգրելու փոխարեն՝ միմյանց իրենց իսկ հորինած առասպելներն են պատմում եւ իրար համոզում այս կամ այն առաջադրված, իրենց ինչ-ինչ պատճառներով նախընտրած թեկնածուի բացառիկ գիտական արժանիքների (որոնցից իրականում աշխարհը, չգիտես ինչու, տեղյակ չէ) ու գիտական նվաճումների մասին ու այդպիսով համոզում միմյանց հատկապես այդ եւ ոչ թե մյուս մարդուն ընտրել: Իրեն հարգող իրոք վաստակաշատ գիտնականը մեկ անգամ նման ֆարս տեսնելուց հետո երկրորդ անգամ չպետք է մասնակցի այդպիսի խայտառակ բեմադրության: Մեր ողջ ժողովուրդը պետք է իմանա, թե ինչ ստոր մեքենա է մոգոնված թղթակից անդամների եւ ակադեմիկոսների ընտրության համար: Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ իրոք գիտական լուրջ վաստակ ու հեղինակություն ունեցող գիտնականները զբաղվեն այլ արժանավոր գիտնականների նսեմացման գործով: Հակոբ Մանանդյանը, Հրաչյա Աճառյանը, Հովսեփ Օրբելին եւ մյուս կարկառուն հայագետները այսպիսի ստոր վարվելակերպ իրենց թույլ կտայի՞ն, չէ՞ որ նրանք միշտ հովանավորել եւ առաջ են քաշել արժանավոր եւ իրենցից երիտասարդ գիտնականներին: Այսպիսի ամոթալի վարվելակերպի մասին պետք է տեղյակ լինեն բոլոր այն գիտնականները, որոնք առաջադրվում են որպես ակադեմիայի թղթակից անդամ եւ իրենց համար նախապես որոշեն՝ պատրա՞ստ են այս ստորացման մեքենայի միջով անցնել: Ես անձնապես գտնում եմ, որ երկրորդ անգամ չեմ ենթարկվի այդ փորձությանը եւ սադիստական հաճույք չեմ պատճառի ինձ չընտրողներին: Իրենց ողորմելի զբաղմունքի համար թող նրանք այլ զոհեր փնտրեն եւ այլ պարապ բաներով շարունակեն զբաղվել: Եթե նրանք ուզում են վերջնականորեն կործանել ակադեմիան (որը եւ անում են), թող շարունակեն անապատացնել այն: Եթե ակադեմիան անապատ է դառնում, ապա այն ջրելու հարկ չկա: Ափսոս են ժամանակը եւ ջանքերը: Պետությունը պետք է այնքան փող տա ակադեմիկոսներին եւ թղթակից անդամներին, որ նրանք 80 տարեկանի շեմն անցնելուց հետո ընտրություններին չմասնակցեն, այլ զբաղվեն միայն գիտությամբ եւ գիտության նոր աշխատաեղանակներից հետ չմնան, եթե կարող են, իհարկե, կամ եթե վերջնականորեն հետ չեն վարժվել գիտությամբ զբաղվելուց: Այսօր այդ մարդիկ խաբում են իրենք իրենց, որ իրոք իրենք են այն գիտական անառարկելի հեղինակությունները, որոնք պիտի որոշեն ակադեմիայի ապագա անդամներին, խաբում են ողջ ժողովրդին, երկրի ղեկավարությանը, մինչդեռ վաղուց հետ են մնացել գիտությունից: Միջազգային համբավի տեր եւ 80 տարեկանի շեմն անցած գիտնականները նման գործերի չեն խառնվում այլ երկրներում: Նրանք զբաղվում են իրենց սկսած երկերը ավարտին հասցնելով: Այս ընտրությունների ժամանակ գործող հասարակագիտական-հայագիտական բաժանմունքի 26 ընտրող անդամներից 14-ը 80-ի շեմն անցած մարդիկ էին, 3-ը՝ 70-ի, 4-ն էլ՝ 60-ի: Եվ միայն 5 հոգի էր մինչեւ 60 տարեկան: Այսպես ընտրություններ կազմակերպելու եւ այսպես շարունակելու պարագայում, կարծում եմ, դեռ մեր սերնդի օրոք կհասցնենք տեսնել ակադեմիայի վերջնական կործանումը: Սակայն, ինչպես ասում են, ամեն ինչի վերջը մի նոր բանի սկիզբն է: Եթե ակադեմիան պիտի քանդվի, ուրեմն պիտի քանդվի: Հավատաքննական հավակնություններ դրսեւորող խորհրդային կուսշրջկոմների ճնշող մթնոլորտն է ասես հիշեցնում ընտրող հանձնաժողովի աշխատաեղանակը: Կասկած չկա, որ այս ընտրաձեւը հնացել է, ժամանակավրեպ է եւ պետք է փոխվի: Ակնհայտ է, որ տասնամյակներ առաջ գիտական կարեւոր աշխատություններ արտադրած եւ ակադեմիայի անդամ դարձած գիտնականները այսօր բոլորովին ետ են մնացել անգամ գիտական աշխատանքի նոր ձեւերից:

Մի քանի տարի առաջ հայ ճարտարապետության ուսումնասիրման գործի մեծ երախտավոր Ադրիանո Ալպագո Նովելլոյին նվիրված՝ Վենետիկի համալսարանը մի հոդվածների ժողովածու էր հրատարակել էլեկտրոնային սկավառակի տեսքով, այն վերնագրելով «Ալպագյան»՝ ակնարկելով գիտական նվիրվածությունը հայ մշակույթին: Զանազան ազգերի գիտնականների կողքին Հայաստանից ես եւ մի քանի այլ հայ գիտնականներ նույնպես հոդվածներով մասնակցել ենք այդ ժողովածուին: Ակադեմիայի անդամ ծերունազարդ գիտնականները ինչպե՞ս պետք է գնահատեն այս ժողովածուն, եթե համակարգչից օգտվել չգիտեն: Կամ եթե գիտնականը իր աշխատանքները հրատարակում է այլ երկրներում եւ հարգելի ակադեմիականները այդ հրատարակությունները չեն տեսնում եւ դրանցով հետաքրքրված չեն, օտար լեզուներ չիմանալու հետեւանքով չեն կարող օգտվել դրանցից, ապա ինչպե՞ս կարող են իրենց իրավունք վերապահել ակադեմիայի անդամ ընտրելու: Եվ հետո, եթե Հայաստանում արվեստի մասնագետները անգամ չեն կարդում իրենց գործընկերոջ հրատարակած նյութերը, ապա ինչպե՞ս կարող են ԳԱԱ անդամ առաջադրվածին գնահատել հասարակագիտական այլ ասպարեզների ներկայացուցիչները կամ առավել եւս՝ ճշգրիտ գիտությունների մասնագետները: Ակադեմիայի ընտրական համակարգը վերից վար սխալ է եւ կյանքին անհամապատասխան: Մեկ ուրիշ օրինակ էլ բերեմ. հայ նշանավոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի մասին իմ գրած անգլերեն մի հոդված դրված է Ֆրեզնոյի համալսարանի հայագիտական ամբիոնի կայքէջում, հեռարձակվում է աշխարհով մեկ: Այդ հոդվածից հարգելի ակադեմիականները ինչպե՞ս կօգտվեն: 1996 թվականից իմ մեկ այլ հոդվածը՝ Կիլիկյան Կեռան թագուհու 1272 թ. Ավետարանի թագավորական ընտանիքի պատկերի մասին, տեղադրված է Լոս Անջելեսի Internet Telepresence ընկերության սերվերի վրա: Սրանից ի՞նչ կհասկանան «մեծարգո» ակադեմիական կարդացողները… Անողորմ ժամանակը իր դատավճիռն է արձակել. այն է՝ այս ակադեմիական խորհուրդը բավարար չափով կոմպետենտ չէ ընտրություն անցկացնելու համար եւ պետք է իր այդ լիազորությունները վայր դնի, եթե չի ուզում աշխարհով մեկ խայտառակվել: Պետք է այս ընտրությունները չեղյալ հայտարարվեն…»,- կարծում է Լ. Չուգասզյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել