Թե՝ ասա ով է ծանոթդ, ասեմ՝ նոտար կաշխատե՞ս դու
Թերեւս շատ է գրվել ՀՀ-ում նոտարական համակարգի եւ կոնկրետ նոտարների «սխրագործությունների» մասին, սակայն ինչքան խորամուխ ես լինում այս հարցի էության մեջ՝ այնքան ասելիք կա:
Այս առումով վերջերս կրկին բախտ վիճակվեց շփվել մեր նոտարների հետ, որից հետո մտածեցի, եթե Ֆրանց Կաֆկան լիներ Հայաստանում, իր հայտնի «Դղյակ» գրքի վերնագիրը կփոխարիներ «Նոտար» բառով: Բայց ավելի լավ է թողնենք Ֆրանց Կաֆկային ու նոտարներին իրենց տեղը եւ անդրադառնանք հարցի բուն էությանը:
Իսկ հարցի բուն էությունն այն է, որ Հայաստանում քչերը գիտեն կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի թիվ 380-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 4.2.1. հոդվածի մասին, որի «Կոռուպցիայի դեմ պայքարի միջոց: Արդյունավետ պետական կառավարումը» հոդվածի վեցերորդ կետով կառավարությունը նշել է՝ «Կառավարությունը նախատեuում է շարունակել պետական կառավարմանը ոչ հատուկ գործառույթներից հրաժարվելու գործընթացները՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Այդ առումով կառավարությունը ձեռնամուխ է լինելու պետական եւ մաuնավոր հատվածների միջեւ գործընկերության հայեցակարգի ներդրմանը, ինչն ապահովելու է կարեւորագույն ազգային ու տեղական ծրագրերի համատեղ մշակումը եւ իրականացումը, պետության այնպիuի գործառույթների բացառումը, որոնք կարող են վնաuել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը: Մրցակցության ավելացման միջոցով շարունակվելու են ազատականացվել որոշ հանրային ծառայություններ (տեխզննում, նոտարական ծառայություն եւ այլն)»:
Այս առումով, առաջնորդվելով բացառապես հասարակական շահով, 2010թ. ես դիմեցի կառավարությանը եւ խնդրեցի ինձ տեղեկացնել՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կառավարության կողմից նոտարական ծառայությունները ազատականացնելու ուղղությամբ, իսկ եթե չեն ձեռնարկվում, ապա ինչո՞ւ եւ արդյո՞ք փաստաբանները դիտվում են որպես նոտարական ծառայություններ մատուցող սուբյեկտներ: Ի պատասխան իմ դիմումի, ՀՀ արդարադատության նախարարության նոտարիատի բաժնի պետ Մ. Գաբոյանը ինձ հայտնեց, որ ՀՀ նոտարիատը 2002 թ.-ից համարվում է լատինական նոտարիատի համակարգին պատկանող եւ 2005թ. նոյեմբերից էլ հանդիսանում է «Լատինական նոտարիատի միության» անդամ, ուստի նոտարիատի ազատականացումը հակասում է լատինական նոտարիատի հիմնական սկզբունքներին, քանի որ այդ դեպքում միջազգային հանրության համար նոտարի վավերացրած փաստաթուղթը չի ունենա ապացուցողական ուժ: Ավելացնեմ նաեւ, որ, ըստ տիկին Գաբոյանի, այս սկզբունքի մասին գիտեն ե՛ւ ՀՀ կառավարությունում, ե՛ւ ՀՀ նախագահի աշխատակազմում:
Տեսնելով, որ Գաբոյանի գրությունը ակնհայտ հակասության մեջ է մտնում կառավարության ծրագրի դրույթների հետ, ավելին, տիկին Գաբոյանի անկեղծ խոստովանությունից պարզ էր դառնում, որ թե՛ կառավարությունում եւ թե նախագահի աշխատակազմում տեղյակ էին, որ նոտարական համակարգը երբեք չի կարող ազատական լինել, ուստի կրկին դիմեցի կառավարությանը, ի թիվս այլնի նշելով՝ «Կառավարության ծրագիրը կարելի է անվանել պոպուլիստական եւ իրականության հետ կապ չունեցող փաստաթուղթ, քանի որ այստեղ առաջանում է տրամաբանական հարց, որ եթե 2005թ.-ին ՀՀ նոտարիատը ինչ-որ միության անդամ էր դարձել, որի, այսպես ասած, սկզբունքներին դեմ է նոտարիատի ազատականացումը, ապա 2008 թ.-ին ինչո՞ւ է կառավարությունը, որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջոց, ընտրում նոտարական ծառայությունների ազատականացման ձեւը՝ որպես մարտավարություն: Նոտարական ծառայությունները Հայաստանում լիովին հնարավոր է ազատականացնել, եթե, իհարկե, կառավարությունը հետեւի իր ծրագրին, սակայն այստեղ առկա է ոչ թե իրավական հարց, այլ շահերի բախում, որի մասին արդարացիորեն բարձրաձայնել է «Առավոտ» օրաթերթը (09.11.2010թ.) «Նոտարի գործը հարգի է դարձել» լրագրողական ուսումնասիրությունում: Այս շահերի բախումն էլ ըստ երեւույթին խոչընդոտում է կառավարությանը՝ իրականացնել իր ծրագրերը»:
Այս գրությամբ եւս մեկ անգամ կառավարությունից խնդրեցի ինձ հստակ պատասխանել, երբ կառավարությունը կազմում էր իր 28.04.2008թ. թիվ 380-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 4.2.1 կետի վեցերորդ ենթակետը, տեղյա՞կ էր արդյոք Մ. Գաբոյանի կողմից բերված հիմնավորումներին եւ եթե՝ այո, ապա ինչ նպատակ է հետապնդել այդ կետը սահմանելիս (պոպուլիստական, ռազմավարական, թե այլ (հստակ նշել): Եվ երկրորդ, ինչո՞ւ մինչ օրս որեւէ քայլեր չեն ձեռնարկվել կառավարության 28.04.2008թ. թիվ 380-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 4.2.1 կետի վեցերորդ ենթակետում նշված նոտարական ծառայությունների ազատականացման համար:
Այս հարցադրումներիս ինձ կրկին պատասխանեց տիկին Գաբոյանը, իր յուրատեսակ քերականական ոճով, ի թիվս այլնի նշելով, որ «2008 թվականի հոկտեմբերի 8-ի նախարարական պետաիրավական կոմիտեի նիստի արձանագրության համաձայն հաստատվել է նոտարիատի բնագավառում ծագած հիմնախնդիրների լուծման միջոցառումների ժամանակացանկ եւ որ այդ ժամանակացանկով լայն բարեփոխումներ են իրականացվելու նոտարական համակարգում, մասնավորապես, էլեկտրոնային ցանց է ստեղծվելու, նոտարների հաստիքներն են ավելանալու, մոնիթորինգ է անցկացվելու» եւ այլն: Միաժամանակ, տիկին Գաբոյանը կրկին նշել է՝ «քանի որ ՀՀ նոտարիատը համարվում է լատինական նոտարիատի համակարգին պատկանող, ուստի դրա սկզբունքները բացառում են նոտարիատի լրիվ ազատականացումը, քանի որ այդ դեպքում մեր նոտարիատը կարող է դուրս մնալ այդ միությունից»: Ի տարբերություն նախորդ պատասխանի, այս պատասխանով փաստորեն կառավարությունը ի դեմս Գաբոյանի ասում է, որ էլեկտրոնային ցանց ստեղծելով, նոտարների հաստիքները ավելացնելով, մոնիթորինգ անցկացնելով եւ այլ նմանատիպ բաներ անելով մենք ազատականացնում ենք նոտարիատը (ուշադրություն դարձրեք, նախկին պատասխանով ընդհանրապես բացառում էր նոտարիատի ազատականացումը), բայց քանի որ հանդիսանում ենք «Լատինական միության» անդամ, ուստի չենք կարող լրիվ ազատականացնենք: Եվ կրկին ոչ մի խոսք իր՝ վերը նշված ծրագրի մասին:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ էլեկտրոնային ցանց ստեղծելով, նոտարների հաստիքները ավելացնելով, մոնիթորինգ իրականացնելով, նոտարական համակարգը ազատականացնելը առնվազն առաջացնում է ժպիտ: Այստեղ առավել ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ այդ նույն լատինական նոտարիատի միության անդամ է նաեւ Գերմանիան, որի «Իրավաբանների ֆեդերալ ակտի (The Federal Lawyers\’ Act)» համաձայն, փաստաբանները իրավունք ունեն մատուցել որոշ նոտարական ծառայություններ եւ սա այնտեղ արդեն վաղուց է: Ասել կուզի՝ Գերմանիայում նոտարական համակարգը վաղուց ազատականացված է: Այս ֆոնին, անշուշտ, հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ Գերմանիան մինչ օրս չի լքել մերոնց կողմից այդպես սիրված ու հարգված «Լատինական միությունը»: Պատասխանը, ըստ իս, ակնհայտ է, որովհետեւ Գերմանիայում տնային տնտեսուհիները պատահաբար նոտար չեն դառնում, այնտեղ չեն ասում. ասա ծանոթդ ո՞վ է, ասեմ՝ նոտար կաշխատե՞ս, թե՞ ոչ, եւ որ նոտարները այնտեղ ոչ թե իրենց գրպաններն են լցնում, այլ հանրությանն են ծառայում:
Որպես վերջաբան նշեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ես լիովին համոզված եմ, որ Հայաստանում հնարավոր է ազատականացնել նոտարական փակ համակարգը՝ դրա համար վերցնելով Գերմանիայի փորձը: Այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք մեր պատկան մարմինները ցանկանում են այն ազատականացնել: Քանի որ ազատականացնելու դեպքում ներկայիս նոտարների մեծ մասը կմնա առանց գործ՝ իրենց անգրագիտության պատճառով, եւ ստիպված կլինեն նորից վերադառնալ իրենց տնային տնտեսությանը: