Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎ ԿԱՄ ՈՎՔԵՐ ԵՆ hayreniq.ru-Ն

Հունվար 19,2011 00:00

Գեղեցիկ հայ աղջիկներին Մոսկվա հրավիրողների մասին ոչինչ հայտնի չէ

Դեռեւս Ծննդյան տոներից առաջ՝ 2010-ի դեկտեմբերի 28-ին [email protected] էլեկտրոնային հասցեից «Խնդրում ենք հրապարակել» վերնագրով նամակ ստացանք, ուր «Գեղեցկություն հայկական ձեւով» ինչ-որ մրցույթի մամուլի անանուն քարտուղարը տեղեկացնում էր, որ հayreniq.ru պորտալը մտադիր է այս տարվա գարնանը Մոսկվայում անցկացնել «Գեղեցկություն հայկական ձեւով» գեղեցկության մրցույթ՝ ազգությամբ հայ 18-25 տարեկան աղջիկների համար: Ըստ նախաձեռնության հեղինակների, մրցույթը ունենալու է չորս բաժին՝ դեֆիլե, ստեղծագործական, ինտելեկտուալ մրցույթներ, խոհարարական մենամարտ: Աղջիկները լողազգեստներով չեն երեւալու: Մրցույթի կազմակերպիչները հաղթողին տալու էին Մոսկվայի ամենասիրուն հայուհու տիտղոս եւ թագ: Մասնակցելու համար հարկ է ուղարկել լուսանկար ու հեռախոսահամար եւ սպասել կազմակերպիչների զանգին:

Հայտարարությունը ուշագրավ էր այնքանով, որ ոչ մի կազմակերպչի, ոչ մի հովանավորի անուն չկար: Ավելին՝ նրանց մասին ոչ մի բան չկա նաեւ հayreniq.ru կայքում: Կայքում ամեն ինչ կա՝ հայկական հումոր, հայկական ուտեստների բաղադրատոմսեր, հայտնի հայերի մասին տեղեկություններ: Հայ աստղեր, որոնց շարքում Շառլ Ազնավուրը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Ջիգարխանյանը, Կոնստանտին Օրբելյանը, Գոհար Գասպարյանն ու… Եվա Ռիվասը, Արմենչիկն ու Սիրուշոն: Կայքում բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով օգտագործված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերը: Սակայն կայքի խմբագիրների, ադմինիստրատորի կամ որեւէ համակարգողի անուն չկա ու չկա: Կան միայն էլեկտրոնային հասցեներ եւ հեռախոսահամարներ:

Առկա չորս հասցեներից երկուսով (համագործակցության եւ առաջարկների համար, տեղեկությունների եւ կայքի աշխատանքների մասին հարցերի համար նախատեսված) նամակ գրեցինք եւ որոշ մանրամասներ խնդրեցինք: Ուզում էինք իմանալ, ովքե՞ր են կազմակերպիչները, ովքե՞ր են լինելու ժյուրիի կազմում, ի՞նչ մրցանակ են ստանալու հաղթած աղջիկները եւ այլն: Նաեւ՝ ինչո՞ւ Մոսկվայում եւ ոչ Հայաստանի որեւէ քաղաքում: Հիշեցնենք, որ երբ Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ Մոսկվայում կայացավ Հայերի համաշխարհային կոնգրեսի առաջին հավաքը, ՌՀԱ նախագահ Արա Աբրահամյանն ասաց, որ եթե հավաքը Մոսկվայում չլիներ՝ CNN-ը դրա մասին չէր խոսի, իսկ ռուսական ԶԼՄ-ները նկատեցին, որ հայերի հավաքում հայերեն հնչած միակ խոսքը Վլադիմիր Պուտինի «Բարեւ ձեզն» էր:

«Գեղեցկություն հայկական ձեւով» մրցույթի անանունը ու ծպտյալ կազմակերպիչները մեր նամակին չպատասխանեցին: Սա շատ ավելի զարմանալի էր, քան անանուն նամակը: Ի վերջո, եթե դու խմբագրությանը խնդրում ես հրապարակել քո հայտարարությունը եւ խմբագրությունը հետաքրքրվում է դրանով, առնվազն սխալ է թերթի հարցումը անպատասխան թողնելը: Թրաֆիքինգաշատ մեր օրերում ոչինչ բացառել չի կարելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել