Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին Գյումրվա թնջուկի մասին

Հունվար 19,2011 00:00

\"\"Կամ՝ կարծես սայլը տեղից շարժվում է…

Գյումրին հանրահայտ է մեզանում ոչ միայն աշխարհացունց երկրաշարժով, այլեւ աշխարհացունց նվիրատվությանբ: Խոսքը վերաբերում է տարիներ առաջ Գյումրիում կատարված աննախադեպ նվիրատվությանը, որին մերթընդմերթ անդրադարձել է «Առավոտը» 2010 թ. մայիս, հունիս, սեպտեմբեր ամիսներին: Երկու տողով հիշեցնեմ գործը. նախկին մարզպետ Ֆ. Փիրումյանը 2002թ. ապրիլի 23-ին Գյումրու Խրիմյան Հայրիկի 59 շենքը բնակիչներով նվիրաբերել էր իր սանիկ, «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանին: Շուտով կլրանա գյումրեցիների տառապանքների 9 տարին: Այդ ընթացքում տեղի են ունեցել տարբեր ատյանների դատարանների բազմաթիվ նիստեր, կայացվել անընդունելի վճիռներ: «Առավոտի» ընթերցողները նախորդ հոդված- ներից տեղյակ են, որ գյումրեցիներն այսօր էլ դատական ատյանների դռներին են՝ նվիրատվության պայմանագրի 420 քմ տարածքն (350 քմ բնակելի շենքի մասով, 70-ը շենքի նկուղային մասն է) անվավեր ճանաչելու պահանջով: Տուժող բնակիչները 2010 թ. հունիսի 15-ին դիմել էին վճռաբեկ դատարան: Գործն ինքնին բարդ էր, ու երկար ժամանակ գյումրեցիները ծանուցագիր չէին ստանում այն վարույթ ընդունելու մասին: Երկար ու ձիգ 6,5 ամիս պահանջվեց (միակ քայլն անհաջող բանագնաց Մամիկոն Դրմեյանի այցելությունն էր Գյումրի), մինչեւ վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց: Փոխվեցին 3 նախագահող դատավորներ: 2010 թ. դեկտեմբերի 27-ին նախագահող դատավոր Ե. Խունդուկյանը (մասնակից 9 դատավորներ) որոշում կայացրեց՝ վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարել, բեկանել ՀՀ վարչական դատարանի 2010թ. մայիսի 18-ի վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Իր որոշման մեջ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պատասխանողի վկայակոչած փաստարկները հերքվում են հետեւյալ պատճառաբանություններով՝… ու բերված են ՀՀ տարբեր օրենսգրքերի, տարբեր հոդվածների ու նրանց կետերի տարբեր խախտումներ: Ասել է թե՝ կեղծիքներն ամբողջությամբ բացահայտված են: Հիրավի, սա 9 տարվա մեջ արդարության վերականգնման դժվարին ճանապարհի առաջին իրական փորձն էր: Մնում է հուսալ, որ վարչական դատարանը չի կրկնի նախորդների եւ մասնավորապես 2010 թ. մայիսի 18-ի իր սխալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել