Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդում է:
Դատական կարգադրիչը հետեւում է դահլիճականներին:
Հեռուստասերիալներից ծանոթ դեմքեր մասնակցում են դատաքննությանը:
Երեկ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արտավազդ Առաքելյանի («Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալների դերասան), «Հով էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Ամիրխանյանի, Արթուր եւ Արտակ Թադեւոսյանների, բջջային հեռախոսների սեփականատեր Վահե Մաղաքյանի եւ Գոհար Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Երեկ միջնորդությամբ հանդես եկավ Սերյոժա Ամիրխանյանի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը: Նա իր միջնորդությամբ հիմնավորեց, որ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ խարդախությանն օժանդակելու դրվագներով իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ առանց դատաքննություն իրականացնելու: Նա տեղեկացրեց, որ Արաբկիրի քննչական բաժնում դեռեւս 2009թ. օգոստոսի 14-ին հարուցվել է քրեական գործ, այնուհետեւ 2010թ. փետրվարի 11-ին նա ներգրավվել է որպես մեղադրյալ: Քննիչի կողմից նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ «Հով էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Ս. Ամիրխանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2010թ. ապրիլի 2-ին Ս. Ամիրխանյանը հայտնաբերվել է Մոսկվայում: Ս. Ամիրխանյանին տեղափոխելու վերաբերյալ ՀՀ դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել է, եւ օգոստոսի 14-ին Ամիրխանյանը տեղափոխվել է Հայաստան: Ուշագրավ է, որ Ամիրխանյանի հանձնումը թույլատրելու որոշման մեջ նշվել էր, որ նա հետախուզվում է ուրիշի գույքին խարդախությամբ տիրանալու վերաբերյալ օժանդակելու, իրավունք վերապահող կեղծված փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքների օգտագործմամբ իր ՍՊԸ-ից կենցաղային տեխնիկայի իբրեւ ապառիկ վաճառքի կեղծ հայտեր լրացնելով վարկեր ստանալուն օժանդակելու համար: Այդ նպատակով էլ ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը: Սակայն հետագայում առաջադրված մեղադրանքը լրացվել է եւ ավելացվել են դրվագները: Ըստ փաստաբանի միջնորդության, խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499 հոդվածի պահանջը, ըստ որի՝ անձը չի կարող քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկվել մինչեւ նրան հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել: Փաստորեն, ըստ փաստաբանի, Ս. Ամիրխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում այն հանցագործության համար, որի համար նա չի հանձնվել: Փաստաբանը միջնորդության մեջ հղումներ արեց ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումներին: Նա միջնորդեց Ս. Ամիրխանյանի նկատմամբ Արթուր եւ Արտակ Թադեւոսյանների, Նվարդ Խաչատրյանի՝ համապատասխանաբար, 789 840, 583 900, 528 000 դրամ գումարը կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ խարդախությանը օժանդակելու դրվագներով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Փաստաբանը միջնորդեց նաեւ Ս. Ամիրխանյանին կալանքից գրավով ազատելը ճանաչել թույլատրելի եւ որոշել գրավի չափը: Դատավոր Լեւոն Ավետիսյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով որոշեց փաստաբանի միջնորդությունը բավարարել, այն է՝ դադարեցնել քրեական հետապնդումը:
Արտավազդ Առաքելյանին մեղսագրվածի կապակցությամբ մեղադրող Ռոմիկ Խաչատրյանը հայտարարեց, թե պատրաստվում է հրաժարվել գրեթե նույն դրվագներից: Նախագահողը մի քանի անգամ հարցրեց՝ միգուցե շտապո՞ւմ եք: Մեղադրողը պատասխանեց, որ իր դիրքորոշումը հստակեցված է, իսկ երբ դատավորը ակնարկեց, որ քրեական հետապնդումը եթե դադարեցվի Առաքելյանի նկատմամբ, ապա խնդիրներ կառաջանան Թադեւոսյանների մասով, դատախազը պատասխանեց. «Պետք է հայտնեմ, որ նույն հանցանքը կատարել են Արթուրն ու Արտակը»: Լ. Սիմոնյանը կրկին հանդես եկավ արագացված դատաքննություն անելու միջնորդությամբ: Դա նշանակում է, որ մինչ արագացված դատաքննությունը, որը սովորաբար տեւում է մեկ աշխատանքային օր, մեղադրյալները կհատուցեն տուժողներին պատճառված վնասը, կընդունեն իրենց մեղքը եւ համաներմամբ կազատվեն դատարանի դահլիճից: Համենայնդեպս, երեկ տպավորությունն այնպիսին էր, որ մինչեւ փետրվարի 4-ը կհստակեցվեն կողմերի բոլոր դիրքորոշումները: