Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ երեկ ԳԹԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում՝ հայ գրականության մասնագետների հետ, որոնց թվում են պետական եւ մասնավոր բուհերի դասախոսներ, ուսուցիչներ, անվանի գիտնականներ: Քանի որ ԳԹԿ-ն որոշել է ստեղծել թեստային առաջադրանքների բազա, ուստի պատրաստ է համագործակցել ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ, բաց է բոլոր առաջարկների համար: Երեկ գրականագետները որոշել են ծանոթանալ ավագ դպրոցներում գործող դասագրքերի հետ, այնուհետեւ մեկ շաբաթ անց կրկին հանդիպել եւ քննարկել, թե հատկապես որ դասագրքերի հիմքի վրա արժե կառուցել գրականության առաջադրանքները՝ միասնական քննության թեստում: Մասնագիտական հանդիպումները շարունակական են լինելու: ԳԹԿ-ն խնդրեց բուհերի ներկայացուցիչներին իրենց ամբիոններում ու մանկավարժական կոլեկտիվներում էլ քննարկել հարցը եւ ներկայացնել այլ կարծիքներ ու առաջարկներ: