Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայփոստի» բաժանմունքը նկուղում է

Հունվար 19,2011 00:00

Ընկերության ղեկավարությունը խոստանում է, որ այն շուտով կտեղափոխի

Դավիթաշեն վարչական շրջանի 4 թաղամասերում «Հայփոստի» ընդամենը մեկ բաժանմունք է գործում, որը քաղաքացիներին սպասարկելու համար չափազանց անհարմար է: Այն գործող խանութներից մեկի նկուղային հարկի մի փոքրիկ մասն է գրավում:

Ամիսներ առաջ վարչական շրջանի առաջին թաղամասում՝ հենց ոստիկանության հարեւանությամբ կար «Հայփոստի» բաժանմունք, սակայն այն փակվել է ու փոխարենը գեղեցկության սրահ է բացվել, ուստի այստեղ ապրողներն այլընտրանք չունեն: Նշենք, որ «Հայփոստի» բաժանմունքներից, բացի նամակ եւ ծանրոց ուղարկողներից, օգտվում են նաեւ թոշակառուները, որոնք այստեղ են այցելում իրենց կենսաթոշակը ստանալու նպատակով եւ հատկապես նրանց համար նկուղային հարկում գտնվող «Հայփոստի» բաժանմունքից օգտվելը անհարմար է:

«Երբ 1-ին թաղամասի բաժանմունքը փակվեց, եւ մենք ստիպված էինք թոշակ ստանալու համար նկուղում գտնվող «Հայփոստ» գնալ, մի կերպ էինք կարողանում այդտեղ մտնել, իսկ երբ հունվարին թոշակները սկսեցին բաժանել, բաժանմունքների միաձուլման վատ հետեւանքները սկսեցին երեւալ: Տեսնել էր պետք, թե ինչ էր կատարվում հունվարի 5-ին՝ թոշակներ բաժանելու առաջին օրը: Ձմռան այս ցրտին, երբ դրսում մինուս 3 է, ծեր ու հիվանդ մարդկանց բաց երկնքի տակ, փողոցների մայթերի վրա հերթ էին կանգնեցրել: Ներսում հերթ կանգնել բոլորովին հնարավոր չէր: Ծերերը ստիպված էին իրենց թոշակը նման անմարդկային պայմանները հաղթահարելով ստանալ»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհում էր վարչական շրջանի թոշակառու Զինեթ Բաբաջանյանը, որը նույնպես այդպիսի դժվարություններով է իր կենսաթոշակը կարողացել ստանալ: Նրան անհանգստացնում է նաեւ այն, որ Դավիթաշենում գտնվող «Հայփոստի» նախկին բաժանմունքը փակվեց, որն ավելի լավ սպասարկման եւ շենքային պայմաններ ուներ, քան հիմա գործողը. «Այդ նկուղայինը պետք է փակել: Ես կարծում եմ, որ «Հայփոստի» ղեկավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի այս խնդիրն օր առաջ լուծելու համար, թե չէ՝ ինչքան կարելի է ծերերին արհամարհել»:

Այս առնչությամբ «Հայփոստ» ընկերության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը պարզաբանեց, որ «Հայփոստի» ղեկավարությունն այդ խնդրին տեղյակ է եւ առաջիկայում շտապ միջոցներ կձեռնարկվեն Դավիթաշեն վարչական շրջանում «Հայփոստի» բաժանմունքը անհամեմատ բարվոք տարածք տեղափոխելու ուղղությամբ. «Մոտ օրերս արդեն կսկսվեն նորոգման աշխատանքները նոր տարածքում: Իսկ այժմյան բաժանմունքի տարածքում կգործի «Հայփոստի» հենակետ, որտեղից կենսաթոշակներ չեն վճարվելու: Դրա փոխարեն թոշակառուները կարող են օգտվել «Հայփոստի» նոր եւ հարմարավետ բաժանմունքից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել