Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ-Ն ԻՐԵՆ ՉԻ՞ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ

Հունվար 19,2011 00:00

\"\"8 օր առաջ վրաերթի ենթարկված տուժած կնոջը մինչ օրս «տիրություն» անող չի եղել ու դեռ մոտ 20 օր էլ չի լինի

Երբ մեր երկրում ներդրվեց պարտադիր ավտոապահովագրման ԱՊՊԱ համակարգը, ավելի շատ ուրախացան հետիոտները, որոնք եթե հայտնվեն տուժողի կարգավիճակում, կարող են օրենքի սահմաններում փոխհատուցվել:

Ամեն ինչ կարծես թե իդելական է՝ մեղավոր կողմը պարտավոր է փոխհատուցել բոլոր վնասները: Սակայն լինում են դեպքեր, երբ մինչեւ պարզեն ո՞վ է մեղավոր, ո՞վ պետք է փոխհատուցի, տուժողը, անվճարունակ լինելու պատճառով, 2-րդ օրն իսկ կիսաապաքինված դուրս է գրվում հիվանդանոցից:

Դեռեւս հունվարի 11-ին վրաերթի ենթարկված Սահականույշ Գրիգորյանը, որին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մինչ օրս ոչ մի կոպեկ փոխհատուցում չի ստացել: Տիկնոջ պատմելով՝ հենց առաջին օրը հիվանդանոցում նրանից պահանջեցին 10 հազար դրամ, հետո, քանի որ նա մի քանի օր պետք է մնար հիվանդանոցում՝ յուրաքանչյուր օրվա համար 15 հազար դրամ. «Ես միայնակ մայր եմ, գործազուրկ, ընդամենը 19 հազար դրամ նպաստով ենք յոլա գնում: Ես այդ վճարումները ի վիճակի չեմ կատարել: Դրա համար էլ դիմում գրեցի, որ ուզում եմ դուրս գրվել հիվանդանոցից: Ինձնից այդ դիմումը պահանջեցին, որպեսզի հետագայում, իմ վատանալու դեպքում, հիվանդանոցը խնդիր չունենա»: Դուրս գրվելուց հետո տիկնոջ առողջական վիճակը օր օրի վատանում է՝ մեկ սրտխառնոց, մեկ՝ ճնշումն է բարձրանում. արդեն 4-5 անգամ շտապօգնություն են կանչել: Ս. Գրիգորյանը բժշկական հսկողության կարիք ունի, սակայն մինչեւ քննիչ Գագիկ Հարությունյանը պարզում է, թե ով է մեղավոր եւ ով պետք է փոխհատուցի, կնոջ վիճակը գնալով վատանում է: Տիկնոջ պատմելով՝ «քննիչն ինձ ընդամենը խորհուրդ է տալիս դիմել դատաբժշկին, բայց այս պահին կապտուկները անցել են: Ինչո՞ւ հենց սկզբից դատական բժիշկ չեկավ»: Գործով զբաղվող քննիչ Գագիկ Հարությունյանը մեզ վստահեցրեց, որ տիկինը պետք է ներկայանա բաժին եւ անպայման պետք է դիմի նաեւ դատական բժշկին, որպեսզի պարզվի, թե մարմնական ի՞նչ վնասներ է կրել, առողջական խնդիրները վթարի՞ հետեւանք են, թե՞ նախկինում են եղել. «Այդ տիկինն ընդամենը մի քանի ժամ է մնացել հիվանդանոցում, ուստի այդ կարճ ժամանակահատվածում դատական բժիշկը չէր հասցնի ներկայանալ հիվանդանոց»:

Ըստ օրենքի, փոխհատուցում ստանալու համար տուժողը կարող է դիմել ավտոապահովագրողների բյուրո, որն էլ կարող է կատարել բոլոր փոխհատուցման ծախսերը, իսկ հետո մեղավոր կողմից գանձել բոլոր ծախսերը: Մենք էլ տիկնոջը հորդորեցինք դիմել բյուրո, որտեղից էլ նրանից պահանջել են որոշ փաստաթղթեր ներկայացնել՝ հիվանդանոցից եւ դեպքի վերաբերյալ քննիչի կազմած արձանագրությունը: Սահականույշ Գրիգորյանի ներկայացմամբ՝ «Չեմ կարողանում քննիչից այդ արձանագրությունը վերցնել: Ոչ ասում է՝ մեքենան ԱՊՊԱ ունի, ոչ ասում է՝ չունի, որպեսզի ես էլ հասկանամ՝ ինչ կարող եմ անել: Ես անգամ ի վիճակի չեմ էլեկտրաէներգիայի վարձը տալ: Քրոջս տանն ենք ապրում, որովհետեւ չեմ կարող ջեռուցիչ միացնել սենյակը տաքացնելու համար: Ես անգամ դեղ գնելու հնարավորություն չունեմ: Մինչեւ իրենք իրենց հարցերն են լուծում, թե որ մեքենայի վարորդն է մեղավոր, իմ վիճակն օր օրի վատանում է»: Ինչ վերաբերում է դեպքի մասին տեղեկանք տրամադրելուն՝ քննիչը վստահեցրեց, որ խնդիր չկա, Սահականույշը կարող է ներկայանալ, դիմում գրել եւ ստանալ տեղեկանք:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Թումանյան-Կողբացի փողոցների խաչմերուկում իրար բախվել են երկու Toyota Corolla մեքենաները, ինչի հետեւանքով 60 ՏՕ 909 պետհամարանիշի մեքենան հայտնվել է մայթին եւ վրաերթի ենթարկել Ս. Գրիգորյանին:

Մեզ հետ զրույցում քննիչը վստահեցրեց, որ դեպքի վայր՝ ապահովագրական ընկերություններից ոչ ոք չի ներկայացել: Այնինչ՝ 60 ՏՕ 909 պետհամարանիշի մեքենայի դիմապակուն փակցված է եղել ԱՊՊԱ պայմանագիր, իսկ մյուս՝ նույն մակնիշի 11 ՕՏ 700 պետհամարանիշի ավտոմեքենային՝ ոչ. «Փորձաքննությունը դեռեւս շարունակվում է եւ հնարավոր է 10-15 օր էլ տեւի: Մինչեւ չպարզվի՝ ով է մեղավոր, փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող: Հենց ամեն ինչ պարզվի, բոլոր տուժողներն էլ կստանան իրենց փոխհատուցումները, այդ թվում՝ նաեւ Սահականույշը»: Ստացվում է՝ «Էշ մի սատկի՝ գարուն կգա»: Մինչեւ վարորդներն ու քննիչն իրար մեջ լուծեն, թե ով է մեղավոր, մինչեւ բյուրոն էլ տիկնոջ դիմումին ընթացք տա, փաստերը ստուգի, Սահականույշը դեռ մի 10 անգամ էլ պետք է շտապօգնություն հրավիրի: Իսկ համակարգը ներդնելու առաջին իսկ օրից, ոլորտի պատասխանատուները վստահեցնում էին, որ տուժող կողմն անմիջապես կփոխատուցվի, ավելորդ քաշքշուկներ եւ դժգոհություններ չեն լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել