Լրահոս
Օրվա լրահոսը

Բանկերը «մերկանում են»

Հունվար 19,2011 00:00

Բելգիայի դաշնային կառավարությունը մշակել է նոր օրինագիծ, որի համաձայն՝ օտարերկրացիներն այլեւս չեն կարող բելգիական բանկերում ունեցած իրենց ավանդները թաքցնել իրենց երկրների հարկային ծառայություններից: Այս մասին տեղեկանում ենք b24.am կայքից: Բելգիական իշխանությունները կողմ են այս օրինագծի շուտափույթ ընդունմանը, որը թույլ կտա խուսափել Տնտեսական զարգացման եւ Համագործակցության կազմակերպության «մոխրագույն» ցանկում ընդգրկվելուց: Այս ցանկում ներառվում են այն երկրները, որոնք պատշաճ կերպով չեն իրագործում կազմակերպության ստանդարտները: Հիշեցնենք, որ 2009թ.-ին Բելգիան դուրս էր եկել «մոխրագույն» ցանկից, երբ 40 երկրների հետ կնքել էր բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման երկկողմանի պայմանագրեր: Այս պայմանագրերից ոչ մեկը, սակայն, դեռ ուժի մեջ չի մտել: Նույն կայքի մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ նախկին բանկիր Ռուդոլֆ Էլմերը Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին է փոխանցել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ասիական երկրների հարկերից խուսափող շուրջ 2000 բարձրաստիճան պաշտոնյաների եւ հասարակական գործիչների օֆշորային բանկերում ունեցած հաշվեհամարները, որոնք օգտագործվել են հարկերից խուսափելու համար: Ավելի վաղ Էլմերը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրապարակել անհատների անուններ: Նրա խոսքերով՝ այդ տվյալներն, ամենայն հավանականությամբ, արդեն գտնվում են տարբեր երկրների իրավապահ մարմինների մոտ, եւ ինքը հույս ունի, որ այս կերպ կնպաստի հետաքննության սկսմանը: Նա հայտնել է լրագրողներին, որ ինքը գիտի, թե ինչպես է աշխատում այս համակարգը եւ դեմ է այդ համակարգին: Ասանժը հայտարարել է, որ իրենք չեն նահանջի իրենց սկզբունքներից եւ կհրապարակեն նաեւ անուններ, քանզի այս ամենը բխում է հասարակության շահերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել