Շուտով մեկ տարի կլինի, ինչ «Օլիմպ» ԱԿ-ը զրկվեց Աբովյան 4 հասցեում գտնվող իր սեփական տարածքից։ Տվյալ տարածքը 2007թ. կառավարության որոշմամբ համարվել էր հանրային գերակա շահ, եւ տարածքի ձեռք բերող էր ճանաչվել «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը (նույն ընկերությանն է պատկանում նաեւ Աբովյան-Արամ փողոցներին հարող ողջ հատվածը)։ «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերությունը հրաժարվեց համարժեք փոխհատուցում տալ սեփականատիրոջը եւ դիմեց դատարան «Օլիմպ» ԱԿ-ի սեփականության իրավունքը դադարեցնելու եւ տվյալ տարածքից վտարելու պահանջով։ «Օլիմպ» ԱԿ-ը ապօրինաբար վտարվեց, գույքն էլ երկար ժամանակով առգրավվեց, ինչը ուղղակիորեն կես տարուց ավելի կասեցրեց «Օլիմպ» ԱԿ-ին պատկանող «Միլանո» խանութի գործունեությունը՝ հսկայական նյութական վնասներ պատճառելով։ Փոխարենը՝ «Ավո ՖՄՀ» տնօրեն Ավետիս Կարագուլյանը թերթերից մեկին տված բացառիկ հարցազրույցում գոհունակությամբ հայտնում է, որ պետք է ուրախ լինել, որ իրենց տներից տեղահանված մարդկանց փոխարեն նույն տեղում կառուցվող “էլիտարներում” բնակարաններ են գնում հայաստանցիները։ Հետաքրքրական է, ո՞ւմ ի նկատի ունի Ավետիս Կարագուլյանը հայաստանցի ասելով։ Սիրիայի քաղաքացի, կյանքի մեծ մասն այնտեղ բնակված Ավետիս Կարագուլյանն ինքն իրեն հայաստանցի համարո՞ւմ է տեսնես։
«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքը, ինչպես յուրաքանչյուր օրենք ՀՀ-ում, ծառայում է նեղ շրջանակների շահերին, եւ դրա համար գործի է դրվում պետական, դատական ողջ համակարգը։ Ո՞րն է գերակա հանրային շահը՝ Ավետիսի (Ավետիս Կարագուլյան) բիզնե՞սը, ավետիսների բիզնեսը, Աբովյան փողոցի անճաշակ, բարձրահարկ շինություննե՞րը, կտրված այգինե՞րը։
Ավետիս Կարագուլյանը դեռ հանդգնում է նվերներից խոսել, իսկ եթե հաշվենք, թե ի՞նչ աստղաբաշխական շահույթներ է ստանում նա՝ հրաժարվելով, սակայն, նվազագույն փոխհատուցում տալ սեփականատերերին։ Փաստորեն, Կարագուլյանի համար նվերը փոխհատուցում տալն է։ Փոխհատուցման մասին. համաձայն օրենքի, փոխհատուցումը պետք է լինի համարժեք, տրվի նախապես, եւ օտարման գործընթացը չպետք է չհիմնավորված վնաս պատճառի սեփականատիրոջը։
Ստացվում է, որ բարի նպատակներ հետապնդող գործարարն իր գործունեությունը շարունակում է մարդկանց տնազուկ անելով։ Հիշեցնենք, որ տվյալ տարածքում էր գտնվում նաեւ «Օլիմպ» ԱԿ-ի փայատերերից մեկի սեփական տունը, ինչը նույնպես ապօրինաբար օտարվեց։ Նույն տարածքից անօրինաբար տեղահանվեցին նաեւ տասնյակ ընտանիքներ, որոնց մեծ մասն էլ այսօր պայքարում է արդարությունը վերականգնելու համար։