Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞ՐԲ ԴԱՐՁԱՆՔ «ԿՈՒՇՏ ԵՐԿԻՐ»

Հունվար 19,2011 00:00

\"\"Պարզվում է՝ վերջին մի քանի տարիներին մեր երկրում շա՜տ բան է փոխվել. մարդիկ այլեւս օրվա հացի խնդիր չեն լուծում

Մոտ 265 հազար մեքենա, այսինքն՝ ավտոմեքենաների 65 տոկոսն արդեն ապահովագրվել է եւ ստացել ԱՊՊԱ կտրոնը: Սրանք ավտոապահովագրության մասին վերջին թարմ տվյալներն են, որոնք երեկ հրավիրած ասուլիսում ներկայացրել է Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ դեռ վարորդների կողմից մեծ ակտիվություն է նկատվում, եւ ամեն օր 7-10 հազար նոր պայմանագիր է կնքվում։ Ավելին՝ հունվարի այս մի քանի օրերի ընթացքում մարդիկ արդեն հասցրել են վթարի ենթարկել ու ապահովագրական ընկերություններից փոխհատուցում ստանալ: Փոխհատուցման 354 դիմումներից ապահովագրական ընկերությունները 120 տուժածի համաձայնել են փոխհատուցում տալ, իսկ մնացած դեպքերում, ինչպես նշել է պարոն Վարդանյանը, վնասի չափը մեծ է եղել՝ 200 հազար դրամ եւ ավելի, իսկ այդ դեպքերում քննություն է ընթանում, ու փոխհատուցման գործընթացն ավելի երկար ժամանակ է պահանջում:

Ինչպես հայտնի է, մեր երկրում պարտադիր ապահովագրություն իրականացնում է 8 ընկերություն, որոնց թվում է «Կասկադ ինշուրանսը»: Այս ընկերության գլխավոր տնօրեն Լեւոն Մամիկոնյանը մի քանի տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում (տե՛ս «Ապահովագրությունը կուշտ երկրների ծառայություն է», «Առավոտ», 05.02.2007թ.) պարտադիր ապահովագրության մասին մի հետաքրքիր կարծիք էր հայտնել: Նրա խոսքերով՝ դեռ ժամանակավրեպ է մեր երկրի համար պարտադիր ապահովագրման անցնելը. «Այսօր մեր շուկան պատրաստ չէ պարտադիր ապահովագրությանը, դա գալիս է ոչ բավարար գումարներից, համապատասխան կադրերի բացակայությունից, տեխնիկական ռեսուրսներից, ընկերությունները չեն կարող այդ ծավալը մարսել: Հայաստանը ապահովագրական ցուցանիշներով ԱՊՀ երկրների ցուցակում զբաղեցնում է վերջին տեղը: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միակն է, որտեղ ներդրված չէ պարտադիր ապահովագրության համակարգ»: Այդ հոդվածում «Կասկադ ինշուրանսի» տնօրենը մանրամասն բացատրում է, թե ինչու մարդիկ չեն վստահում ապահովագրական ընկերություններին, որ մարդիկ դրա համար միջոցներ չունեն, որ դա «կուշտ երկրների ծառայություն է», փաստելով, որ «մարդիկ ավելի շատ մտածում են օրվա հացի, քան ապահովագրության մասին»:

Այն ժամանակ՝ 2007-ին, Հայաստանը տնտեսական ցուցանիշներով առաջընթացներ էր գրանցում, տնտեսական երկնիշ աճ ունեինք ու վագրային թռիչքներ, գնաճն այսքան մեծ չէր: Հիմա, այս տարիների ընթացքում, կյանքը չի լավացել, աճ չունենք, ու ժողովուրդն էլի օրվա հացի խնդիր է լուծում: Ուստի ի՞նչ պատահեց, որ մի օր Հայաստանը դարձավ «կուշտ երկիր», եթե զուտ հացի գները համեմատելով՝ պարզ է դառնում, որ 2500 դրամով ավելացված թոշակի ու նվազագույն աշխատավարձի դիմաց հացը կրկնակի թանկացել է: Բացի այդ, հարց է առաջանում, թե ի՞նչ է փոխվել, որ ապահովագրական ընկերությունները հիմա կարող են «ծավալը մարսել» ու փոխհատուցումների տակից դուրս գալ, ինչպես նշել է պարոն Մամիկոնյանը, իսկ այն ժամանակ չէին կարող:

Մենք «Կասկադ ինշուրանսի» տնօրենից փորձեցինք ստանալ այս հարցերի պատասխանը եւ ճշտել՝ այս մի քանի տարիների ընթացքում փոխվե՞լ է տնօրենի կարծիքը, որ օրվա հացի խնդիր լուծող մարդկանցից հնարավոր է դարձել ապահովագրության համար փող հավաքել: Ինչպես պարզվեց՝ եթե երկրում շատ բան չի փոխվել, այդ ընկերությունում փոխվել է: Հիմա արդեն տնօրենը ոչ թե Լ. Մամիկոնյանն է, այլ Գառնիկ Տոնոյանը: Բայց, համենայնդեպս, ընկերությունից խոստացան, որ Լեւոն Մամիկոնյանից կճշտեն՝ փոխե՞լ է իր կարծիքը, թե՞ ոչ, եւ «Առավոտին» տեղյակ կպահեն:

Նշենք, որ վերը հիշատակված «Ապահովագրությունը կուշտ երկրների ծառայություն է» նյութում պարոն Մամիկոնյանը նաեւ ասել էր, որ ոչ մի ապահովագրական ընկերություն չի կարող միայնակ կրել վնասները, իրենք էլ իրենց հերթին վերաապահովագրվում են արտասահմանյան ընկերություններում (օրինակ՝ ինչպես «Արմավիայի» դեպքում: Ընկերությունն ապահովագրել էր ուղեւորների կյանքը «Գրանդ» ապահովագրական ընկերությունում, որն էլ իր հերթին ապահովագրվել էր բրիտանական մի ընկերությունում), սակայն Լ. Մամիկոնյանի տեղեկացմամբ, ոչ բոլոր արտասահմանյան ընկերություններն են համագործակցում հայաստանյան ընկերությունների հետ: Հիմնական պատճառը փոքր շուկան է. «Հայաստանի ապահովագրական բոլոր ընկերությունները միասին տարեկան հավաքագրում են միջինը 10 մլն դոլար, իսկ արեւմտյան միջին հնարավորությունների մեկ ընկերությունն է մեկ ամսում այդքան հավաքում, այդ իսկ պատճառով մեր շուկան նրանց չի ձգում»:

Այս խնդիրը լուծելու համար ԿԲ-ն պարտադիր պահանջ է դրել ապահովագրական ընկերությունների առջեւ, եւ, ինչպես ճշտեցինք, ԱՊՊԱ կտրոն տրամադրող բոլոր ընկերություններն էլ իրենց ռիսկերի մի մասն ապահովագրել են միջազգային հեղինակավոր ապահովագրական ընկերություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել