Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրոսյան այցի հետքերով

Հունվար 19,2011 00:00

\"\"ՀՀ նախագահի պետական այցը ակտիվորեն  լուսաբանում է նաեւ թուրքական մամուլը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Կիպրոսի Հանրապետություն բավականին ակտիվորեն լուսաբանվում է նաեւ թուրքական մամուլում: Ըստ «Panorama.

am»-ի, Կիպրոսից ստացվող տեղեկությունների իսկությունը պահպանելով՝ թուրքական լրատվամիջոցները, այնուամենայնիվ, զերծ չեն մնացել մատուցվող նյութին միջամտելուց՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը կամ ենթատեքստային մեկնաբանությունը: Այդ ամենն իրականացվել է վերնագրային ձեւակերպումների միջոցով: Ստորեւ ներկայացնում ենք թուրքական մի շարք լրատվական կայքերում (Hurriyet, CnnTurk, Bugun, Haberpan, Ihlas եւ այլն) տեղ գտած վերնագրերը, որոնք վկայում են թուրքական ակնհայտ անհանգստության մասին:

Ահա որոշ վերնագրեր, որոնց ներքո թուրքական մամուլում լուսաբանվել է ՀՀ նախագահի այցը. «Սարգսյանը Կիպրոսից քննադատեց Թուրքիային», «Երեւանից մի խրատ՝ Անկարայի եվրաինտեգրման ճանապարհին», «Սարգսյանի ուղերձը (մեսիջ) Թուրքիային», «Սերժ Սարգսյան. «Առանց մեզ հետ հաշտվելու տեղ չունեք ԵՄ-ում», «Սարգսյանն անխնա հանդիմանեց Թուրքիային», «Հայերն ու հույները Թուրքիայի դեմ միասնական են» եւ այլն:

Հայաստանյան քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցները եւս ակտիվորեն լուսաբանում են նախագահի այցը: Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծիք է հայտնել, թե կարելի է միայն ողջունել Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ ստորագրված հռչակագիրը՝ երկկողմ հարաբերությունների մասին, որով Նիկոսիան համերաշխություն է հայտնում ղարաբաղյան հարցում հայկական կողմի դիրքորոշմանը եւ հայ-թուրքական գործընթացի մեղքը բարդում է Անկարայի վրա. «Հայաստանն ու Կիպրոսն այն երկրներն են, որ մշտապես պետք է ակտիվացնեն իրենց համագործակցությունը: Այդ երկու երկրներին միավորում են ոչ միայն ընդհանուր շահերը, այլեւ ընդհանուր հակառակորդը»: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Կիպրոսում ստորագրված հռչակագիրը շատ օգտակար է Հայաստանի համար միջազգային կառույցներում, հատկապես Եվրամիությունում Հայաստանի շահերն առաջ մղելու համար. «Կիպրոսը փոքր երկիր է, բայց Եվրամիության կարեւոր անդամ, եւ կարող է աջակցել Հայաստանի դիրքորոշմանն այդ կառույցում: Հայաստանը պետք է ջանքեր գործադրի նման կապերի հետագա հաստատման համար՝ այլ երկրների հետ նման հռչակագրերի ստորագրման նպատակով: Դա կօգնի ստանալ բարեկամ երկրների աջակցությունը միջազգային կառույցներում: Իսկ երկկողմ փաստաթղթերի կնքումը՝ նման բովանդակությամբ, նախադեպ կստեղծի հայկական կողմի շահերից բխող բանաձեւերի ընդունման համար»: ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով էլ, «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոսում ունեցած իր ելույթում հստակ գնահատականներ տվեց ոչ միայն Հայաստանի եւ Կիպրոսի փոխհարաբերություններին, այլ նաեւ երկու երկրների իրավիճակին: Նախագահը շեշտեց, որ այդ հարաբերությունները դեռ զարգացում կապրեն: Հայ-թուրքական հարաբերությունների շեշտադրումը նախագահի մոտ հստակ է՝ վարել անկողմնակալ, առանց որեւէ նախապայմանների բանակցություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել