Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՐՑԻՆ ՉԽԱՆԳԱՐԵԼՆ Է»

Հունվար 19,2011 00:00

\"\"ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այս պնդումը մեկնաբանում են հայ քաղաքական գործիչները

Դեռ հունվարի 13-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե երեք երկրների (ՌԴ, ՀՀ, Ադրբեջան) արտաքին գործերի նախարարները հանդիպումներ են ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եռակողմ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ձեւաչափով անցկացվող յուրաքանչյուր բանակցությունից առաջ: Ըստ Լավրովի, «արտգործնախարարներն այդ շփումների ժամանակ ձգտում են շոշափել երկու-երեք հարցերի լուծումները, որոնք թեեւ աննշան են մյուս՝ արդեն իսկ համաձայնեցված հարցերի համեմատությամբ, բայց եւ ավելի բարդ են համարվում»: Չմանրամասնելով, թե որոնք են այդ երկու-երեք հարցերը, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաեւ հետեւյալ միտքն էր հնչեցրել. «Բացի եռյակում (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում) իր մասնակցությունն ունենալուց, Ռուսաստանը՝ նախ եւ առաջ ի դեմս նախագահ Մեդվեդեւի, օգտագործում է իր հարաբերությունները Երեւանի եւ Բաքվի հետ՝ համանախագահների արդեն իսկ համաձայնեցրած մոտեցումների համատեքստում աշխատելով գտնել լուծումներ նաեւ երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ֆորմատում: Կարգավորման այս էտապում ամենակարեւորը հարցին չխանգարելն է: Որովհետեւ, երբ ներգրավվում են այնպիսի ամբիոններ, ինչպիսիք ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն են, հարցը քննարկումների դաշտից հասարակական բանավեճի դաշտ է տեղափոխվում»:

Թե ինչ նկատի ունի ՌԴ արտաքին գործերի նախարարը՝ հատկապես ՄԱԿ-ի անունը հիշատակելով, պարզ է, նկատի ունի Ադրբեջանի ջանքերը՝ հարցը ՄԱԿ-ի ամբիոն տեղափոխելուն ուղղված: ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ Սերգեյ Լավրովի այդ խոսքերը միանշանակ ուղղված են Ադրբեջանին եւ այդ երկրի հովանավորներին, մասնավորապես՝ Թուրքիային, «որը վերջին շրջանում ջանք չէր խնայում խցկվել ղարաբաղյան հարցի կարգավորման դաշտ, եւ որը նրան թույլ չտվեցին ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն եւ ոչ էլ այլ երկիր, այդ թվում եւ համանախագահող երկրները: Պատահական չէ, որ նման հայտարարություն է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի արտաքին գործերի նախարարը, քանի որ հատկապես վերջին շրջանում Ռուսաստանի ջանքերը, ուղղված ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ավելի ակտիվացած են, եւ այստեղ կարեւոր է այն, որ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները անընդունելի են ոչ միայն Հայաստանի իշխանությունների համար, այլեւ համանախագահող երկրների: Իսկ սա ամբողջովին օբյեկտիվ մոտեցում է, քանի որ նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանը բազմիցս փորձեց փակուղի մտցնել հարցի կարգավորման բանակցային գործընթացը, ավելին, բանակցային սեղանից դեռ չհեռացած՝ այդ երկիրը անցնում էր դիվերսիոն գործողությունների կամ ռազմաշունչ հռետորաբանության, էլ չեմ ասում, որ ջանք չէին խնայում ղարաբաղյան խնդիրը Մինսկի խմբի ձեւաչափից այլ հարթություն՝ կոնկրետ՝ ՄԱԿ-ի ամբիոն տեղափոխելու համար: Սակայն պարզ էր, որ իրենց այս հարցում եւս ֆիասկո էր սպասվում, որովհետեւ իրենց իսկ ներկայացրած հարցը ՄԱԿ-ի օրակարգից հանվեց իրենց իսկ ձեռքով, ինչը նշանակում է, որ այդ երկիրը միջազգային ատյաններում ավելի ու ավելի է կորցնում իր վարկանիշը»: Ըստ Էդուարդ Շարմազանովի, Ռուսաստանը եւս մեկ անգամ հաստատում է, որ ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի տրամաբանությամբ, եւ հաստատված խաղի կանոնները չպետք է խախտվեն. «Ավելին, 2011-ին սպասվող հանդիպումներից առաջ համանախագահ երկրի արտաքին գործերի նախարարը կարծես մեսիջ է ուղարկում ադրբեջանական կողմին՝ այն մասին, որ չեն հանդուրժելու այդ երկրի կողմից որեւէ քայլ, որը կխանգարի ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացին»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն իսկ եկել են հարցի կարգավորման որոշակի համաձայնության, եւ Սերգեյ Լավրովի ասածները պետք է հասկանալ շատ հստակ եւ ուղղակի. «Նա, ըստ էության, ակնարկում է, որ միջազգային այլ կազմակերպությունները իրենց միջամտությամբ ընդամենը ավելի սրում են իրավիճակը՝ հաճախ նպաստելով հակամարտության կողմերի դիրքորոշումների ավելի բեւեռացմանը: Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի պահպանվի ԵԱՀԿ Մինսկի խմբի այս ձեւաչափը, խոսքս ԱՄՆ-ՌԴ-Ֆրանսիա ձեւաչափի մասին է, որովհետեւ այն ամենաբալանսավորվածն է, եւ այս ձեւաչափի կողմից առաջարկված կարգավորման տարբերակը, ըստ էության, ընդունելի կլինի համաշխարհային բոլոր կենտրոնների կողմից: Կարծում եմ, սա այն դեպքն է, երբ Սերգեյ Լավրովի դիրքորոշումը համընկնում է հայկական կողմի տեսակետների հետ, որովհետեւ միջազգային այլ կազմակերպությունների արձագանքը ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացում երբեմն համարժեք չի լինում, եւ գործին նպաստելու փոխարեն ավելի է բարդացնում իրավիճակը: Բայց մենք պետք է իրատես լինենք եւ գիտակցենք, որ որեւէ մեկը չի կարող Ադրբեջանին կաշկանդել, որպեսզի այդ երկիրը Ղարաբաղի հարցը չփորձի բարձրացնել այլ կառույցներում, նույն ՄԱԿ-ում, ԵՄ-ում եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել