Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅՈՎ

Հունվար 19,2011 00:00

ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը, որը երեկ առավոտյան ժամանել է Երեւան, մտահոգիչ է համարել այն փաստը, որ մարտի 1-ի իրադարձությունների պատճառով դեռեւս կան մարդիկ, ովքեր գտնվում են բանտում: «Ես պատրաստվում եմ հանդիպել անազատության մեջ գտնվող այդ անձանց մի մասի հետ, ինչպես նաեւ հանդիպելու եմ նրանց հարազատներին, որպեսզի ծանոթանամ այդ անձանց գործերին»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է Համմարբերգը:

Եվրոպացի պաշտոնյային «Հայաստանի քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» Երեւանում դիմավորեց պիկետով: Կոմիտեն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց (Համմարբերգը կանգ է առել այդ հյուրանոցում) բողոքի բազմամարդ ակցիա էր կազմակերպել: Դրա մասնակիցները, որոնք ձեռքներին ունեին քաղբանտարկյալներին ազատելու պահանջով եւ նրանց մեծադիր լուսանկարներով պաստառներ, հնչեցնում էին ավանդական դարձած կարգախոսներ՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն Նիկոլին», «Սերժիկ, հեռացիր»: Բողոքի ակցիան ընթացավ ոստիկանների հսկողությամբ, բայց՝ առանց միջադեպերի: Ի տարբերություն արդեն նախկին քաղբանտարկյալների, որոնք իրենց ազատ արձակումը պայմանավորում էին նաեւ եվրոպական կառույցների ու չինովնիկների, այդ թվում՝ Համմարբերգի կողմից ՀՀ իշխանությունների վրա գործադրած ճնշումներով, «ՀՀ քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի» հիմնադիր անդամ Կարապետ Ռուբինյանը, հակառակը՝ «Ա1+»-ին ասել է, թե ո՛չ ՀՀ իշխանություններից, ո՛չ Համմարբերգից սպասելիքներ չունի, որովհետեւ վերջինս արդեն վաղուց է տիրապետում իրավիճակին, տեղեկատվության բավականին մեծ պաշար ունի, բայց դեռ ցույց չի տվել իր սկզբունքայնությունը: Պիկետի ավարտին ցուցարարները շարժվեցին ՀՀ-ում ԵԽ գրասենյակ, որտեղ Համմարբերգը հանդիպում էր իրավապաշտպանների հետ, եւ նախկին քաղբանտարկյալների կողմից ստորագրված նամակ փոխանցեցին նրան, որում կոչ էին անում ջանքեր գործադրել քաղբանտարկյալների ազատ արձակման համար:

Ի դեպ, «Առավոտի» ունեցած հավաստի տեղեկություններով, Համմարբերգը փորձել էր այդ ժամանակ իջնել եւ հանդիպել ակցիայի մասնակիցների հետ, բայց «Էրեբունի պլազա» հյուրանոցի անվտանգության աշխատակիցները հորդորել էին դա չանել՝ ասելով, թե դա կարող է անվտանգ չլինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել