Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՄԻԱԿՆ Է

Հունվար 19,2011 00:00

\"\"«Նա միակն է միջազգային կառույցների ներկայացուցիչներից, ով լսել է մեզ, բարձրացրել է մեր երեխաների սպանությունների բացահայտման հարցը»,- երեկ հայտարարեցին «Մարտի 1»-ի զոհերի հարազատները:

ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը նորից Հայաստանում է ու իր հանդիպումների խիտ ժամանակացույցում ժամանակ գտավ երեկ հանդիպելու նաեւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ: Հանդիպումը կայացավ ժ. 20-ին, ինչի համար նա Հայաստանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչների միջոցով հարկ էր համարել նախապես ներողություն խնդրել զոհերի հարազատներից: Հանդիպումը, որն անցավ լրագրողների համար փակ դռների ետեւում, տեւեց մեկ ժամ: Հանդիպումից հետո «Առավոտի» հետ զրույցում զոհերից մեկի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ասաց, թե հանդիպումից բավարարված է: «Նա նախ պարզաբանեց, թե ինչու է ընդունել մեզ. ասաց, որ ուզում է լսել մեր կարծիքը, նաեւ այն պատճառով, որ մենք մասնակցել ենք դատական նիստերին: Ասաց, որ լավ ծանոթ է մեր խնդիրներին, հարցրեց, թե մեզ ինչպես են վերաբերվում: Ինձ՝ որպես «Մարտի 1»-ի դեպքերի մասնակից, խնդրեց ներկայացնել, թե ինչ է կատարվել այդ օրը»,- ներկայացրեց Ս. Քլոյանը: Վերջինս շեշտել էր, թե մարտի 1-ին, ժ. 21-ին, «Հայլուրը» ռեպորտաժ էր հեռարձակել, որում ասվում էր, թե Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հանդարտության կոչ է անում: Բայց սադրիչներն այնքան շատ էին, որ կարողացան մարդկանց ներքաշել բախման մեջ: Ս. Քլոյանը պատմել էր, որ զոհերի հարազատներից միակն է եղել, որ որդու հետ միասին մասնակցել է բողոքի հանրահավաքին ու հետագա իրադարձությունների կիզակետում է եղել: Նա երեկ պատմել է, որ այդ դեպքերի ժամանակ ինքը տանկեր է տեսել, տեսել է ավտոմատավոր ոստիկանների, որ խաղաղ ցուցարարների դեմ «Չերյոմուխա» հատուկ միջոց է կիրառվել, բայց ահա ջրցան մեքենաները հայտնվել են միայն այն պահին, երբ արդեն մարդիկ էին սպանվել, դրանք բերվել էին, Քլոյանի դիտարկմամբ, փողոցները արյան հետքերից մաքրելու համար:

Հանդիպման ժամանակ խոսել էր նաեւ ժամկետային զինծառայող, հրազենային վնասվածք ստացած Տիգրան Աբգարյանի մայրը՝ տիկին Ռուզանը: Նա հայտարարել է՝ ի՞նչ գործ ուներ բանակ ժամկետային ծառայության զորակոչված իր տղան լինելու հանրահավաքը ցրողների մեջ: Հիշեցնենք, որ իշխանություններն այսօր էլ հերքում են, թե ՀՀ բանակը որեւէ մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին, մինչդեռ դրանց ականատեսներն այլ բան են պնդում: Տիկին Ռուզանը Համմարբերգին նաեւ ասել է, որ իր որդին սպանվել է Լեո փողոցի վերջնամասում, այն հատվածում, որտեղ ցուցարարներ չեն եղել, եւ սպանվել է հրազենով: Նա կարծիք է հայտնել, թե իր որդուն սպանել են, որպեսզի այդ սպանությունը հետո բարդեն ընդդիմության վրա ու ապացուցեն ցուցարարների կողմից հարձակումներ ու սպանություններ կատարելու հանգամանքը: Իսկ ընդհանուր առմամբ, զոհերի հարազատների ասելով, Համմարբերգն ավելի շատ, ինչպես նման ձեւաչափերով հանդիպումների ժամանակ է լինում, լսողի դերում է եղել եւ շատ քիչ է խոսել, շատ հարցեր է տվել: «Նա շատ խորհրդավոր լռությամբ լսում էր մեզ, մեր յուրաքանչյուր խոսքը: Կարող եմ ասել, որ նա մեզ հետ միասին նորից մեծ ցավ ապրեց: Մենք մինչեւ հիմա ոչ մեկից ակնկալիքներ չենք ունեցել, ուղղակի եթե նման հանդիպումներն էլ չլինեն, մենք ապրելու տեղ չենք ունենա»,- ասաց զոհերից մեկի մայրը:

Զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանն էլ ներկայացրել է մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեության եւ այն լուծարելու վերաբերյալ իր դիտարկումները՝ շեշտելով, որ խումբը լուծարվեց իշխանությունների հրահանգով, որովհետեւ բավականին աշխատանքներ էր տարել եւ փաստեր էր հավաքել այդ դեպքերը բացահայտելու ուղղությամբ, խոսել է նաեւ ՀՀ Հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության անգործության դեմ ներկայացրած իրենց դատական հայցերի ճակատագրի մասին: Ի դեպ, նրա ասելով, Թ. Համմարբերգն այդ գործերով դատարանում զոհերի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանին խնդրել է առաջիկա օրերին իրեն փոխանցել դատական հայցի պահանջները:

Մարտիմեկյան զոհերի հարազատներն անդրադարձել են նաեւ «7»-ի դատավարությանը՝ նկատելով, թե ՀՔԾ-ն իրենց տուժող էր ճանաչել եւ այդ գործով դատակոչել էր միայն այն նպատակով, որպեսզի ապացուցի, թե 10 սպանությունները կատարել է ընդդիմությունը, եւ նա է կրում դրա պատասխանատվությունը, մինչդեռ դատարանում էլ որեւէ նման ապացույց չներկայացվեց, եւ իրենց համոզմունքը, թե՝ ընդդիմությունն այդ սպանությունների հետ կապ չունի, ամրապնդվեց:

Հանդիպման մասնակիցների մատուցմամբ, Համմարբերգը հուզված է եղել, խնդրել է զոհերի նկարները եւ հավաստիացրել, որ կանի ամեն ինչ նրանց խնդիրները ԵԽ-ում բարձրացնելու համար: ԵԽ ՄԻ գլխավոր հանձնակատարը եւս մեկ անգամ իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին, հետաքրքրվել նրանց ֆինանսական վիճակով:

Հանդիպմանը մասնակցած իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կարծիք հայտնեց, թե այս հանդիպումն անհետեւանք չի մնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել