Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԵԽԱ ՄԸ ԿՈՒԶԵՄ՝ ՄԻ ԱՉՔԸ ԿԱՊՈՒՅՏ ԸԼԼԱ, ՄՅՈՒՍԸ՝ ՍԵՎ»

Հունվար 18,2011 00:00

Անզավակ ծնողները կարող են երեխա ունենալ՝ իրենց ուզած արտաքինով

Հայտնի անեկդոտ կա. երեխա չունեցող ծնողները գնում են արհեստական բեղմնավորում իրականացնող բժշկի մոտ ու մեկ առ մեկ նշում, թե ինչպիսի երեխա են ուզում ունենալ. աչքերը Բրեդ Փիթի նման լինի, մազերը՝ Մայքլ Դուգլասի, քիթը՝ Մել Գիբսոնի, բժիշկն էլ, ըստ պահանջների, սրվակի մեջ լցնում է մի քիչ բրեդփիթազոլ, մի քիչ դուգլասալգին, մի քիչ մելգիբսոնատ, խառնում ու տալիս կնոջը, որ խմի ու պառկի քնելու: Երբ կինը լրիվ անզգայացած է լինում, բժիշկը մերկանում ու պառկում է կնոջ կողքին՝ ասելով. «Բրեդ Փիթի աչքե՜ր, Մել Գիբսոնի քի՜թ… հիմա փորձում եմ, ոնց ստացվեց՝ ստացվեց»:
Այն ժամանակ դա անեկդոտ էր եւ դժվար էր հավատալ, որ հնարավոր է նման պահանջներով երեխաներ ունենալ, մինչդեռ այսօր «Առողջ միտք» ՍՊԸ-ն գրեթե նույն սկզբունքով առաջարկում է անզավակ ծնողներին դիմել իրենց ու իրենց ցանկացած մազերով, քթով ու աչքերով երեխա ունենալ՝ լրիվ օրինական ու բարոյական ճանապարհով: Իհարկե, դա բավականին թանկ հաճույք է՝ մոտ 23-25 հազար դոլար, բայց, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ընկերության տնօրեն Դավիթ Մխիթարյանը, արդեն 2 տարի է՝ զբաղվում են այդ գործունեությամբ եւ դիմողներ ունենում են: Ըստ Դ. Մխիթարյանի, «Մեր գրականության մեջ Աբիսողոմ աղան ասում է, չէ՞, կնիկ մը կուզեմ, որ մի աչքը կապույտ ըլլա, մի աչքը՝ սեւ, քալելեն միսերը շարժվին: Մենք նման մի բան ենք անում՝ մարդուն ընտրության հնարավորություն տալով: Անզավակ ծնողները կարող են իրենց նմանությամբ, իրենց ժառանգական հատկանիշները կրող երեխա ունենալ»: Նշենք, որ փոխնակ մայր դառնալու համար դոնորը պետք է լրացնի անկետա, որտեղ պետք է ոչ միայն նշի՝ ժառանգական հիվանդություններ ունի՞, թե՞ ոչ, ծխո՞ւմ է, ալկոհոլ օգտագործո՞ւմ է, թե՞ ոչ, այլեւ մանրամասն նկարագրի մազերի տեսակը՝ գանգուր, ալիքավոր, ուղիղ, դեմքի ձեւը՝ օվալ, կլոր, նեղ, ճակատը, քիթը, քաշը, անգամ՝ կոպերի ձեւը: Ըստ այդմ էլ անպտղություն ունեցող ծնողները կարող են մոտավորապես պատկերացնել իրենց ապագա երեխային: Մեր հարցին՝ չի՞ լինում, որ երեխան ընդհանրապես իրենց ասածով ու պատկերացրածով չի լինում՝ ընկերության տնօրենը պատասխանեց. «Իհարկե, լինում է: Ձեր շրջապատում չկա՞ն երեխաներ, որոնք ոչ հորն են նման, ոչ էլ մորը: Նման են, ասենք, իրենց տատին, պապին կամ ուրիշ մեկին: Մենք կարող ենք պլանավորել, բայց չենք կարող կանխատեսել երեխայի ճիշտ արտաքին տվյալները, որովհետեւ նա կարող է նմանվել դոնորի պապին, 7 պորտ հեռու կարող է մեկին քաշել, ի՞նչ իմանանք: Մենք բարեխիղճ ենք աշխատում, բայց եթե ծնողները շատ կասկածամիտ են լինում եւ չեն հավատում, որ դա իրենց երեխան է, կարող ենք ԴՆԹ-ի հետազոտություն անել ու ապացուցել, որ հենց պատվիրատուների, այսինքն՝ կենսաբանական ծնողների երեխան է»:
Մեր երկրում չբերությունը բավականին մեծ տոկոս է կազմում, պաշտոնական տվյալներով՝ մոտ 20%, ուստի շատ ընտանիքներ ստիպված կամ երեխա են որդեգրում մանկատնից, կամ դիմում արհեստական բեղմնավորման ու փոխնակ մայր գտնելու միջոցին: Մեր կառավարությունը խրախուսում է, որ մարդիկ մանկատան երեխաներին որդեգրեն, որ ավելի քիչ երեխաներ մեծանան մանկատներում, ուստի մեր հարցին, թե «Առողջ միտքը» արդյոք հակաազգային քաղաքականություն չի՞ վարում՝ իր հաճախորդներին համոզելով, որ երեխա որդեգրելը բավականին բարդությունների հետ է կապված, անիմաստ քաշքշուկների մեջ պետք է ընկնեն՝ գիտակցելով բոլոր բարոյական ու էթիկական նրբությունները՝ Դ. Մխիթարյանը վստահեցրեց, որ երբ իրենց մոտ ծնողներ են գալիս ու ասում, որ այդքան փող չունեն՝ իրենց ծառայություններից օգտվելու համար, իրենք ուղղորդում են նրանց դեպի մանկատուն. «Ես պետական մտածելակերպ ունեմ եւ չեմ կարող պրոպագանդել հակառակը: Եթե մեր կայքում զետեղված տեքստում այդպես է հասկացվում, կմիջամտեմ ու տեքստը կփոխենք: Մենք չենք ասում՝ երեխա մի՛ որդեգրեք: Մենք ծնողներին բացատրում ենք, որ, վերջին հաշվով, երեխայի բերկրանքը վայելելու համար պարտադիր չէ, որ նա անպայման իրենց գենետիկան ունենա, որ դիմեն մանկատանը: Բայց ինքներդ էլ գիտեք, որ մանկատնից երեխա վերցնելը ժամանակատար գործ է, բազմաթիվ փաստաթղթեր են պետք, մենք ընդամենն առաջարկում ենք թեթեւացնել մարդկանց այդ հոգսերը»:
Նշենք, որ անզավակ ընտանիքների երազանքն իրականացնելու համար «Առողջ միտք» ընկերությունն առաջարկում է երեխա ունենալու համար գնել «ստանդարտ», «նվազագույն» կամ «պատասխանատու» փաթեթները: Կարծես երեխան էլ ապրանք է դարձել ու կարելի է գնել «Փեթակից», փողոցից կամ բուտիկից: «Պատասխանատու» թանկ փաթեթը գնելու դեպքում փոխնակ մայրերին գտնում, հետազոտում են, հղիության ընթացքում վերահսկում փոխնակ մոր ապրելակերպը, բուժհաստատության լավագույն մասնագետներն են զննում փոխնակ մորը, ապահովագրում են նրա առողջությունը, ձեւակերպում են իրավաբանական ողջ փաստաթղթերը, մինչեւ անգամ երեխայի ծննդականը: Իսկ, ասենք, էժան՝ նվազագույն փաթեթի դեպքում, ճիշտ է, փոխնակ մորը կրկին տանում են բուժհետազոտությունների, բայց չի նշված, որ դա լավագույն մասնագետներն են անում: Հնարավոր է, ասենք, պոլիկլինիկայի մակարդակի զննում լինի: Անկախ փաթեթի ընտրությունից, ընկերությունը վստահեցնում է, որ իրենք դրամ են վաստակում՝ լրիվ օրինական մեթոդով՝ օգնելով ընտանիքներին երեխա ունենալ ավելի քաղաքակիրթ ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել