Ինչպես տեղեկանում ենք ֆինանսների նախարարությունից՝ 2010 թվականի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 35 քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր՝ 168 մլն 241 360 ՀՀ դրամ ընդհանուր գումարի չափով:
Վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով եւ տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկը տրամադրման օրվանից սկսած՝ 3 տարի հետո, իսկ տոկոսները 2 տարի հետո մարելու պայմանով: 2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ նշված վարկային ծրագրի շրջանակում 273 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 63 մլն 890 հազար 90 դրամ գումարով վարկ: Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով: