Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻՑ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

Հունվար 18,2011 00:00

\"\"Պատմում է «Ֆրեշ» սուպերմարկետի մենեջերը

Սուպերմարկետներում միայն հազվագյուտ ճարպիկ գողերն են, որ ազատվում են տեսախցիկի օբյեկտիվից: Մնացած բոլոր դեպքերում՝ նույնիսկ ամենահնարամիտներին տեսախցիկն անխնա ֆիքսում է:
Վերջերս «Ականատես» հաղորդման մասնակից Էդդա Պետրոսյանը պատմում էր, թե սուպերմարկետում գողության ինչ դեպքեր են արձանագրել. դեպքեր, երբ արդյունքում մարդիկ հայտնվում են անհեթեթ իրավիճակում: Էդդային հատկապես գրավել էր մի կին, ով առեւտրի համար նախատեսված զամբյուղը «շփոթել էր» սեփական պայուսակի հետ:
«Մի կին խանութով շրջում էր՝ պայուսակը բացած, եւ այն ամենը, ինչ պետք է դներ զամբյուղի մեջ, լցնում էր պայուսակում: Վերջում էլ մի էժանագին ապրանք վերցրեց, մոտեցավ դրամարկղին, որ վճարի ու շատ հանգիստ պատրաստվում էր դուրս գալ խանութից, բայց անվտանգության աշխատակիցները փակեցին ճանապարհը»: Նրա պատմելով, բազմիցս հանդիպել են դեպքերի, երբ գողությունը կազմակերպում են ընտանիքներով. «Մայրն էլ, երիտասարդ աղջկան «լավ» օրինակ ծառայելով, ցույց է տալիս՝ ինչպես գողանալ»: Էդդայի խոսքով, սովորական գողերից բացի, կան արհեստավարժ ու գործին հմուտ գողեր: Նրանք աչքի են ընկնում հատկապես դրամարկղերում. «Լինում են դեպքեր, երբ գողն այնքան պրոֆեսիոնալ է, որ գողությունը կազմակերպելու համար հոգեբանական ճնշում է գործադրում աշխատակիցների վրա: Նմանատիպ դեպքերը կատարվում են դրամը վճարելու պահին: Հմտացած գողերը գտնում են խանութի նոր գանձապահին ու սկսում հիպնոսացնելով՝ դրամ շորթել: Նկարահանած դեպքեր ունենք, թե ինչպես են երկու կին հանում 50000 դրամը, ցույց տալիս, բայց իրականում չեն վճարում, փոխարենը ստանում են մանրը ու վերջ: Հետո պարզեցինք, որ այս կանայք ոչ միայն մեր խանութում են գործել, այլ նաեւ այլ սուպերմարկետներում»:
Էդդայի խոսքով, սոցիալապես ապահովված դասակարգի մարդիկ հետ չեն մնում անապահով դասակարգից: Իրենց տեսախցիկները ֆինանսապես ապահով գողերի էլ են ֆիքսել. «Ունենք տեսաձայնագրություն, թե ինչպես է շատ լավ հագնված տիկինը գողություն անում: Սա արդեն պարզապես գողություն անելու կամ ադրենալինի կարիք էր»: Հմուտ գողերն էլ վայրկենապես կարողանում են թաքցնել գողոնն այնպես, որ սուպերմարկետի աշխատակիցները նույնիսկ հանցանքի վայրում բռնացնելով՝ չեն կարողանում հաստատել. «Գողոնն էնպես են թաքցնում, որ չես կարողանում ապացուցել, որ գողացել է, վարպետորեն թաքցնում են կամ էլ, երբ նկատում են, որ աշխատակիցների աչքից չի վրիպել, գողոնն անմիջապես տեղն են դնում, այնպես, որ չես էլ հասցնում նկատել»: Մենեջերի պատմելով, հիմնականում հանցանքի վայրում բռնված անձինք վերջում անպայման զղջում են, ներողություն խնդրում:
Սուպերմարկետներում զավեշտալի գողության դեպքեր էլ են տեղի ունենում: Էդդան իր աշխատանքային գործունեության ընթացքում այդպիսի շատ դեպքերի ականատես է եղել, բայց նրա համար անմոռանալի է հատկապես մեկը. «Ծիծաղելի է, երբ օրենքի ներկայացուցիչը՝ իրական ոստիկանը, նույնիսկ համազգեստը հագին, խախտում է օրենքը ու գողություն անում: Դրանից առավել զավեշտալի դեպք ինձ համար չկա»:
«Առավոտը» Հայաստանի Ոստիկանության լրատվական վարչությունից հետաքրքրվեց, թե քանի՞ գող ոստիկան է պատժվել: Մեզ ասացին, որ ոստիկանների կողմից գողության դեպքեր չեն արձանագրվել: Իսկ այս մասնավոր դեպքի մասին պարզաբանում կտան առաջիկայում՝ տեսաձայնագրությունը ուսումնասիրելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել