«Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Վրաստանի՝ որպես միջնորդ հանդես գալու վերաբերյալ հայտարարություններ չի արել, չնայած Վրաստանի համար շատ կարեւոր է այդ խնդրի լուծումը»,- ըստ «Արմինֆո»-ի հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Այդպես է նա մեկնաբանել ԶԼՄ-ների այն տեղեկատվությունը, թե Վրաստանը կարող է հանդես գալ որպես միջնորդ:
«Խոսքը վերաբերում է Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը, որն անձամբ ես չեմ լսել, սակայն գիտեմ, որ խոսքը չի վերաբերում միջնորդի դերին: Տարածաշրջանում կոնֆլիկտային բոլոր օջախներն ինքնին խնդիր են ներկայացնում Վրաստանի եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանի անվտանգության համար: Որքան շուտ դրանք լուծվեն, այնքան ավելի լավ. որքանով ինձ հայտնի է, հենց այդ համատեքստում է խոսել նախարարը»,- նշել է Կալանդաձեն: Փոխնախարարը չի հստակեցրել, թե արդյոք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը բարձրացվելո՞ւ են Վաշաձեի՝ հունվարին Բաքու եւ Երեւան կատարելիք այցերի ընթացքում: