Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարը՝ ԺԷԿ-ի պե՞տ

Հունվար 18,2011 00:00

\"\"Համենայնդեպս, այսպիսի տպավորություն է ստացել ՀՀ նախկին արտգործնախարարը ՀՀ ԱԳ ներկայիս նախարարի տարեկան ամփոփիչ ելույթից:

Ամենագլխավոր մարտահրավերը, որը կանգնած է Հայաստանի առջեւ, պատերազմի վերսկսումը թույլ չտալն է: Երեկ այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը. «Որեւէ հարց չարժե որեւէ հայ զինվորի կյանք: Դրա համար պետք է ամեն ինչ անել՝ պատերազմ թույլ չտալու համար»: News.am-ի փոխանցմամբ, Արզումանյանը նկատել է, թե 2011թ.-ին տարբեր երկրներում մեկնարկելու են ընտրություններ. ընտրություններ են սպասվում մասնավորապես Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, «եւ այդ պարագայում դժվար է ակնկալել, որ միջազգային հանրությունն այդքան մեծ նշանակություն կտա ԼՂ հարցի կարգավորմանը»,- անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ շեշտել է ՀԱԿ ներկայացուցիչը՝ հավելելով, թե՝ գործող իշխանությունները, որոնք չունեն ոչ արտաքին եւ ոչ էլ ներքին լեգիտիմություն, փորձելու են պահպանել ստատուս քվոն եւ ամեն ինչ անելու են, որպեսզի ԼՂ հարցի լուծումը ձգձգվի եւ հասնի մինչեւ նախընտրական փուլ, երբ այդ երկրներում կսկսվի ընտրությունների տարափը՝ որոշ ժամանակով մոռացության տալով ԼՂ հարցը: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, նա կարծիք է հայտնել, որ անցած տարվա ընթացքում էլ ավելի է ամրապնդվել մեկ տարի առաջ Աթենքում ընդունված այն թեզը, թե՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը միջազգային հանրությունը պատկերացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. «Դա եւս մեկ անգամ վերահաստատվեց եւ Աստանայում էլ բոլորի կողմից հավանություն ստացավ»:
Ալ. Արզումանյանն արտաքին քաղաքականության մասին խոսելիս նշել է, թե այդ ոլորտում շատ բան կախված է Nabucco էներգետիկ ծրագրի գործարկումից. «Ես երբեք չեմ տարանջատում քաղաքականությունը եւ տնտեսությունը, մանավանդ, որ զարգացած երկրներում շատ դեպքերում տնտեսությունն է թելադրում արտաքին քաղաքականությունը: Շատ բան կախված կլինի գազային պատերազմների հանգուցալուծումից»,- հայտարարել է նա՝ հորդորելով սպասել մինչեւ ապրիլ, երբ այդ հարցում որոշակի հստակեցումներ կմտցվեն:
ԱԳ նախկին նախարարը մեկնաբանել է նաեւ ԱԳ գործող նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին ասուլիսը՝ ասելով, թե այն «ԺԷԿ»-ի պետի ասուլիս էր: Այն, որ անցնող տարին ամփոփելիս ՀՀ ԱԳ գործող նախարարը հիշատակում էր, թե Հայաստանի պաշտոնյաները քանի երկիր են այցելել, եւ քանի պաշտոնյա է եկել մեր երկիր, հարուցել է ՀԱԿ ներկայացուցչի տարակուսանքը. «ԺԷԿ»-ի պետն էլ է ասում՝ տարին ամփոփել ենք, երեք կուբամետր բան ենք թափել, այսքան ասֆալտ ենք թափել, այսքան տանիք ենք վերանորոգել…»,- նկատել է ԱԳ նախկին նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պետություն է,  եւ բնական է, որ մեր երկրի պաշտոնյաները պետք է այլ երկրներ այցելեն, եւ մեր երկիր էլ պետք է պաշտոնյաներ գան:
Անդրադառնալով հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությանը՝ Ալ. Արզումանյանը հայտարարել է, թե «բլեֆը սպառված է»: Շեշտելով, որ ինքը մշտապես այդ հարաբերությունների կարգավորման կողմնակից է եղել, Արզումանյանը կարծիք է հայտնել, թե ֆուտբոլային դիվանագիտության արգասիք հանդիսացող հայ-թուրքական  երկու արձանագրությունները չմտածված, դրսից հրամցված փաստաթղթեր են, որոնք գրվել են Վաշինգտոնում: «Կողմերն այժմ պետք է սթափ նստեն սեղանի շուրջ եւ վերսկսեն քննարկումները զրոյից: Պետք  է մի կողմ դնել արձանագրությունները եւ մտածել նոր ստարտի մասին»,- հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել