Հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի հետ
– Ընդդիմադիր շրջանակներից կրկին հայտարարություններ են հնչում, որ այս տարի բեկումնային է լինելու Ղարաբաղի հակամարտության հարցում: Դրանք հերթական քարոզչական հնարքնե՞ր են, թե՞ իսկապես նման նախադրյալներ կան: Մանավանդ որ՝ Ռուսաստանի ԱԳ նախարարը ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ չհամաձայնեցված են մնացել պակաս կարեւոր հարցերը:
– Տարիներ շարունակ մենք սպասողական վիճակում ենք գտնվում, մտածելով՝ ահա ուր որ է հանգուցալուծումը կլինի: Այս սպասողական վիճակը մեզ կտրում է իրական զարգացումից, խախտում ու խճողում մեր աշխարհընկալումը: Մեր ամեն մի քայլ ու ամեն մի միտք տեղավորում ենք այս պրոկրուստյան մահճում, մինչդեռ աշխարհը զարգանում է այս մահճից դուրս, աշխարհն այլ խնդիրներ ունի, մենք էլ ունենք այլ խնդիրներ այս մահճից դուրս, բայց ամեն ինչ թեւատում, կտրում-հարմարեցնում ենք մեր այս սպասողական վիճակին: Մինչդեռ չեմ հասկանում, թե ինչի ենք սպասում եւ ինչու ենք շտապում: Ղարաբաղյան շարժման արդյունքում 17 տարի առաջ ստեղծված ելակետային պայմաններից ավելի լավ ի՞նչ ենք ուզում մեր զարգացման համար: Այս ունեցածով ինչի՞ ենք հասել, որ դրա կարգավորմամբ-սահմանափակմամբ պիտի հասնենք: Պետք չէ սպասել, պետք է առաջ ընթանալ, լուծել մեր ներքին խնդիրները, ժողովրդավարական ու մրցունակ պետություն կառուցել, մի այնպիսի երկիր, որտեղ մարդ կարողանա ապրել բարեկեցիկ ու արժանապատիվ: Մնացածն ինքն իրեն կգա: Պետք չէ սպասել, պետք է հստակ խնդիրներ դնել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ եւ լուծել դրանք:
– «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպության զեկույցում Ղարաբաղը նախկին «մասամբ ազատի» փոխարեն որակվեց «ոչ ազատ տարածք»: Ըստ կազմակերպության, այս հետընթացը պայմանավորված է նրանով, որ 2010-ի ԱԺ ընտրություններին ընդդիմադիր ուժ չի մասնակցել:
– Կարելի է տարբեր կերպ մոտենալ այս փաստին: Կարելի է, օրինակ, ասել, որ սա ազերաթուրքական լոբբինգի արդյունք է, որ նշյալ հեղինակավոր կազմակերպությունը լավ չի ուսումնասիրել իրավիճակը Ղարաբաղում, կարելի է սա որակել որպես ներքին թշնամիների սադրանք եւ կրկին վհուկորսով զբաղվել, այսինքն՝ այն, ինչ սովոր են անել մերոնք եւ անում են: Բայց կարելի է մի կողմ դնել ամեն ինչ եւ առանց դրսի օգնության՝ սեփական աչքերով նայել ամեն ինչին ու անկեղծ-ազնիվ լինել ինքներս մեր առաջ: Պետք է պարզապես ազնվորեն պատասխանել մի հարցի՝ արդյոք սա այն պետությո՞ւնն է, որ երազում էինք ստեղծել, որ երազում էին ունենալ ամենաանկեղծ ու նվիրական իղձերով ոտքի ելած ու իրենց կյանքը հայրենիքի ազատության զոհասեղանին դրած մեր ազատամարտիկները: Սոցիալական արդարության, բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի ա՞յն մակարդակն է սա, որին ուզում էինք հասնել: Իհարկե՝ ոչ: Սա է խնդիրը:
Անկեղծորեն ասած, ես էլ եմ գտնում, որ ղարաբաղյան ներկայիս վիճակն ավելի շատ մոտ է մասամբ ազատին, քան ոչ ազատին, բայց մեծ հաշվով տարբերությունը մեծ չէ ինձ համար: Ինձ համար մասամբ ազատն ու ոչ ազատը հավասարապես ամոթալի են: Իսկ ինչո՞ւ չպիտի ազատ լինի իմ հայրենիքը այսքան զոհերից ու կորուստներից, այսքան օգնությունից ու համազգային նվիրումից հետո: Ուղղակի ֆանտաստիկ պայմաններ էին ստեղծված մեր զարգացման համար, եւ պարզապես ապաշնորհ պիտի լինել այս ելակետային պայմաններից այս արդյունքին հասնելու համար: Բայց սա առաջին հերթին ղարաբաղյան հանրության խնդիրն է, լուծելիք խնդիրը: Մենք նույնիսկ իրավունք չունենք սովորական առաջընթացի, մենք պիտի թռիչքային զարգացում ունենանք:
Բայց Ղարաբաղի պարագայում հիմնական հարցը համաշխարհային զարգացումներին համահունչ լինելն է: Հասարակ մի օրինակ: 2007 թվականի նախագահական ընտրություններից հետո մի արտասահմանյան դիտորդ շատ դիպուկ բան ասաց: Նա ասաց, որ միասնական թեկնածուի գաղափարն այնքան էլ հարիր չէ ժողովրդավարությանը, բայց եթե տվյալ ժողովրդի համար այն ընդունելի է, ապա այլ հարց է: Թող ներվի ինձ պարզունակեցնել ասվածը՝ նա, ըստ էության, հիշեցրել է, որ ֆուտբոլ սովորաբար խաղում են երկու դարպասով, բայց եթե մեզ հարմար է մեկ դարպասով խաղալը, ապա մեր գործն է: Այստեղ պարզապես մի պրոբլեմ կա՝ ամբողջ աշխարհը խաղում է երկու դարպասով: Իսկ սա նշանակում է, որ մենք չենք մասնակցելու միջազգային մրցաշարերի: Հիմա Ղարաբաղի «ֆուտբոլասեր հանրությունը» պիտի պատասխանի մի շատ սկզբունքային հարցի՝ ուզո՞ւմ է մասնակցել աշխարհի առաջնությանը, թե՞ ոչ:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ստիպված ենք փաստել՝ նորանկախ Արցախում համազգային միասնության քողի տակ աճեցված գազոնը սպանում է բանավեճն ու մրցակցությունն ընդհանրապես՝ երկիրը զրկելով մրցունակ լինելու հեռանկարից: Սա է այսօրվա տխուր պատկերը:
Ինչ վերաբերում է ընտրություններին ընդդիմության չմասնակցելուն, ապա հարցի դրվածքը ճիշտ չէ: Վատ է ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունը չի մասնակցել, այլ այն պարզ պատճառով, որ ընդդիմություն՝ որպես կազմակերպված քաղաքական ուժ, չկա: Թե ինչու՝ այլ թեմա է:
– Ինչո՞ւ Լեհաստանը՝ առանց Ադրբեջանի թույլտվության, Ղարաբաղ չայցելելու մասին հայտարարություն արեց հենց այս պահին ու դրանով դարձավ ղարաբաղյան թեմայով քննարկումների կիզակետում: Եվ ադեկվա՞տ էր արդյոք Ղարաբաղի ԱԳ հայտարարությունը, թե Լեհաստանի հայտարարությունը տարօրինակ է:
– Ղարաբաղյան արտաքին քաղաքականությունն այնքան քնած է, որ ցանկացած հայտարարություն, ցանկացած արձագանք, կենդանության ցանկացած նշան արդեն իսկ գովելի է, անկախ նրանից՝ լա՞վն է, թե՞ վատ, տեղի՞ն է, թե՞ ոչ այդ արձագանքը: Հիմնական խնդիրը մնում է այն, որ մեր արտաքին քաղաքականությունը իրավիճակային-անդրադարձային է: Մենք միշտ պատասխանում ենք, ասել է թե՝ ընդունում ենք ուրիշի թելադրած խաղի կանոնները: Մինչդեռ նախընտրելի կլինեին սեփական նախաձեռնություններն ու հնարամտությունը: Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպին, ապա մեր ԱԳՆ արձագանքում սրամտության նշույլ կար: Նկատի ունեմ այն հարցը, որ մերոնք տվեցին լեհերին, այն է՝ իսկ Կասպրչիկի՞ն էլ է դա վերաբերում:
Իսկ ընդհանրապես արտառոց ոչինչ չկար կատարվածում, սովորական բանակցային աբսուրդ էր: