«Մեքենայի վարորդը եթե ԱՊՊԱ պայմանագիր չունի, ապա կարող է 50 հազար դրամով տուգանվել: Ես չեմ ուզում անցնել քաղաքականությանը, բայց եթե ԱՊՊԱ-ի ներդրումը սոցիալական ուղղվածություն ունի, ինչո՞ւ են դրել 50 հազար դրամ տուգանք։ Նայեք, գյուղի մարդը, մի դեպք է եղել, մի բան է եղել, պիտի մեքենայով դուրս գա, թեկուզ եւ չի վարում, պիտի 50 հազար դրամով տուգանվի՞։ Ո՞նց կարելի է նման բան անել: Պետք է վերանայել այդ տուգանքի չափը»,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ tert.am-ի, նման դժգոհությամբ հանդես է եկել «Աքիլլես» վարորդների իրավունքները պաշտպանող հ/կ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա, վարորդները թիրախ են դարձել ճանապարհային ոստիկանության համար. «Դա միանշանակ է։ Էլ չեմ ասում, որ հիմա ենթակարգեր են մտցնում, վարորդը պետք է նորից գնա, վարորդական վկայական փոխանակի 2011-ին։ Առողջապահության նախարարությունը «պսիխոյի» թղթի համար 20-25 հազար դրամ է վերցնում։ Որտե՞ղ եք նման բան տեսել, Սովետը ձրի էր տալիս այդ տեղեկանքները: Տարօրինակ է նաեւ այն, թե ապահովագրական կտրոնը մեքենայի դիմապակու որ հատվածում է հարկավոր փակցնել»։ Է. Հովհաննիսյանը խոսեց նաեւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից թույլ տրվող չարաշահումների մասին: Նրա խոսքերով, ճանապարհային ոստիկանները տուգանային հրապարակից ավտոմեքենաները բաց թողնելու համար վարորդներից գումար են պահանջում, այնինչ մեքենայի տեղափոխման իրազեկումը ստանալուց հետո, ըստ օրենքի, ավտոմեքենան 5 օր անվճար կարող է կայանել ՃՈ տուգանային հրապարակում, իսկ 6-րդ օրվանից սկսած՝ վճարը կազմում է օրական 500 դրամ: